Հնարավոր են սադրանքներ, Ամուլսարի պահապանը կոչ արեց միանալ իրենց

Հնարավոր են սադրանքներ, Ամուլսարի պահապանը կոչ արեց միանալ իրենց

ԷկոԼուր

Ամուլսարի պահապան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հուլիսի 17-ին՝ առավոտյան ժամը 9։00-ի սահմաններում, ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես եկավ հետևյալ կոչով. «Կոչ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ ասել են, որ հենց պետք լինեն գալու են Ամուլսար և կանգնեն մեր կողքին։ Զգոն եղե'ք, շատ հավանական է, որ այսօր հենց այդ օրն է։ Ինչ-որ զարգացումներ են նկատվում, և ոմանք որոշել են արկածախնդության գնալ։ Պատրաստ եղեք, շատ հավանական է այսօր կխնդրեինք, որ մեզ միանաք բոլորդ։ Մանրամասները հետո։ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԵՎ ՎԵՐՋ»։

Ամուլսար մեկնելու կոչ արեց նաև ֆեյսբուքյան օգտատեր, ակտիվիստ Հայկ Բարսեղյանը՝ հորդորելով երկրում ստեղծված իրավիճակում Ամուլսար մեկնել սեփական պատասխանատվությամբ: Ժամեր անց Հայկական բնապահպանական ճակատի անդամներ Անի Խաչատրյանը և Լևոն Գալստյանը, ժամանելով Ամուլսարը պահպանող պահակակետերից մեկը, Շիրակ Բունիաթյանի հետ ուղիղ եթերով տեղեկացրեցին վերջին 15 օրվա դեպքերի մասին: Շիրակ Բունիաթյանը տեղեկացրեց. «Այս պահին տարածքում կարծես թե խաղաղ է, սակայն ցանկացած պահի կարող են նոր սադրանքներ հրահրվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ Ամուլսարում իրավիճակն անհանգիստ է «Լիդիան Արմենիա» ընկերության գույքի պահպանության համար նոր պահնորդական ընկերության Ամուլսարի տարածք մուտք գործելու օրվանից՝ հունիսի 30-ից: Արդեն մի քանի անգամ միջադեպեր են գրանցվել պահնորդական ընկերության ներկայացուցիչների և Ամուլսարը պահպանող տեղի բնակիչների միջև: Այն մեծ բախումների չի վերածվել ՀՀ ոստիկանության զսպող ներկայության և միջամտության արդյունքում:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով ոստիկանությանը՝ ազատել ընկերության տարածքներն ապօրինի տեղակայված վագոն-տնակներից և այնտեղ գտնվող անձանցից:

Մթնոլորտը շարունակում է մնալ լարված:



18:56 Հուլիս 17, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news