Մետաղական հանքերի շահագործման իրավունքը չիրացնող կազմակերպությունների վերաբերյալ հարցում նախարարին

Մետաղական հանքերի շահագործման իրավունքը չիրացնող կազմակերպությունների վերաբերյալ հարցում նախարարին

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանին, որում նշված է. 

«Հարգելի պարոն նախարար,

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն իրականացնում է «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագիրը ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել մետաղական հանքերի շահագործման թույտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների պատասխանատվության բարձրացմանը ընդերքօգտագործման պայմանագրային և այլ թույլտվություններով ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ, նպաստել մետաղական հանքերի շահագործման թույլտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների հաշվետվողականության և պատասխանատվության բարձրացմանը ազդակիր համայնքների նկատմամբ: Ծրագրի շրջանակներում բացահայտված փաստերի հիման վրա կպատրաստվի հաշվետվություն և ոլորտի բարեփոխմանն ուղղված առաջարկներ, որոնք կներկայացվեն Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության Բազմաշահառու խմբին:

Հայտնի է, որ ընդերքի շահագործման թույլտվություններ ունեցող 28 մետաղական հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքի կրող կազմակերպությունների զգալի մասը չեն իրականացնում իրենց տիրապետմանը հանձնված հանքավայրերի շահագործումը՝ չկատարելով պետության և ազդակիր համայնքների նկատմամբ այդ իրավունքի իրացման դիմաց ստանձնած ֆինանսական և սոցիալական պարտավորությունները։

Ելնելով վերոնշյալից և առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով՝ խնդրում ենք տրամադրել 2020թ. հուլիս ամսվա դրությամբ հետևյալ տեղեկատվությունը՝

1. մետաղական հանքավայրերի շահագործման իրավունքը չիրացնող կազմակերպությունների ցանկը և դրանցից յուրաքանչյուրի չաշխատելու պատճառները

2. սնանկացման գործընթացում գտնվող կազմակերպությունների ցանկը, սնանկացման գործընթացի փուլը

3. Ձեր հրամաններով այդ իրավունքը դադարեցված, կասեցված, կազմակերպությունների ցանկը՝ նշելով դրանցից յուրաքանչյուրի գործունեության դադարեցման իրավական հիմքերը

4. Ո՞րն է նախարարության կողմից տարվող քաղաքականությունը հետևյալ ոլորտներում՝

ա) պետական ռեսուրսների, մասնավորապես, մետաղական օգտակար հանածոների բանական և համալիր օգտագործման ուղղությամբ

բ) պետական պարտավորությունների չկատարման դեպքում այդ կազմակերպությունների նկատմամբ կիրառվող հարկադրանքի կիրարկման միջոցների վերաբերյալ

գ) ընկերությունների կողմից ընդերքօգտագործման փաստաթղթերով ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման ուղղությամբ

դ) մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում բնության և շրջակա միջավայրի վրա իրենց գործունեության թողած բացասական ազդեցությունների նվազեցման և դրանց վերացման մեխանիզմների կիրարկման ուղղությամբ

ե) մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից հանքավայրերի շահագործման և հումքի վերամշակման ազդակիր համայնքների սոցիալական ազդեցության մեղմացմանն ոլորտում ստանձնած՝ ընդերքօգտագործման պայնագրերով ամրագրված պարտավորությունների պարտադիր ապահովման ուղղությամբ

զ) ազդակիր համայնքների նկատմամբ սոցիալական պարտավորություններ չամրագրած (պայմանագրի թիվ 3 հավելված) ընդերքօգտագործման պայմանագրերի վերակնքման ուղղությամբ

է) սնանկ ճանաչված ընկերությունների կողմից շահագործված հանքավայրերի ռեկուլտիվացման աշխատանքների պարտավորությունների կատարումը ու՞մ կողմից և ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ֆինանսական միջոցներից է կատարվելու»:

15:28 Հուլիս 28, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news