Նորանշանակ նախարարն առաջարկում է արևային կայաններ տեղադրել ռեկուլտիվացված պոչամբարների վրա

Նորանշանակ նախարարն առաջարկում է  արևային կայաններ տեղադրել ռեկուլտիվացված պոչամբարների վրա

ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը առաջարկում է նոր գաղափար՝ արևային ֆոտովոլտային կայանները տեղադրել ռեկուլտիվացված
պոչամբարների վրա: Այս մասին նա ասաց օգոստոսի 4-ին «Ազատության» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում։

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է աշխատանքային հանդիպում կազմակերպել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իր գործընկերների՝ նախարարի և մարզպետների հետ, որի ժամանակ կներկայացնի իր այդ առաջարկը: «Ներդրումային այն ծրագրերը, որոնք հայտ կներկայացնեն ֆոտովոլտային պանելներ բերելու մարզեր, որպես արևային էներգիայի ստացման աղբյուր, դրանք կուղղորդենք մեծապես այն փակ պոչամբարների վրա, որոնք կռեկուլտիվացնեն, ֆոտովոլտային կայաններ կշարեն այդ հողերի վրա՝ խնայելով այն հողատարածքները, որոնք կարելի է գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործել»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության զարգացմանը՝ նա նշեց.

«Բայց պետական ինստիտուտները պարտավոր են ճիշտ և ագրեսիվ վերահսկողություն սահմանել այն տեսակ հանքարդյունաբերության նկատմամբ, որոնց արդյունքներով մենք ունենք կիսալքված պոչամբարներ, աղտոտված գետեր ու վտակներ: Մենք դատապարտված ենք ունենալու գիտելիքահեն տնտեսություն և ամենակարճ ժամանակահատվածներում դիվերսիֆիկացնելու մեր տնտեսությունը նանոտեխնոլոգիաներով, նորարար լուծումներով՝ էներգետիկայի այլընտրանքային աղբյուրները համադրելով մեր կենցաղին ու կյանքին: Այդ ժամանակ արդեն մենք կսկսենք մտածել հանքերը չշահագործելու, եղածը փակելու մասին: Բոլոր այն պոչամբարները, որոնք արդեն լեցուն են, փակ են, ընդերքօգտագործման լիցենզիաներով արդեն իսկ տվյալ տնտեսվարողները պարտավորված են ռեկուլտիվացիոն գործընթացներ անելու, այսինքն՝ հողի բերրի շերտով ծածկելու և առնվազն ծառատունկ կամ բուսական միջավայր ստեղծելու տվյալ ռեկուլտիվացված պոչամբարի վրա: Այն, որ պետք է ռեկուլտիվացնեն, վերականգնեն լանդշաֆտը և կանխեն այդ տարածքներում սողանքները, թունավոր նյութերի հետագա արտահոսքը շրջակա միջավայր, միանշանակ է»: Նա հայտնեց, որ պատրաստվում է ուսումնասիրել առաջավոր երկրների փորձը, որպեսզի փակված և չռեկուլտիվացված պոչամբարների վերաշահագործման միջոցով փոքրացվեն դրանց ծավալները, և նոր միայն ռեկուլտիվացիա իրականացվի:

 

Օգոստոս 05, 2020 at 17:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր