Կորցնում ենք մեր ջրերը

Կորցնում ենք մեր ջրերը

ԷկոԼուր

Հայաստանի ջրերն ավելի ու ավելի են աղտոտվում թափոններով: Գործընթացը սպառնում է անդառնալի դառնալ անդրսահմանային գետերի համար: Ամենաքիչը 3 անդրսահմանային գետեր՝ Դեբետը, Ողջին եւ Արաքսը, ունեն ամենավատ 5-րդ դասի աղտոտվածություն: Նրանց՝ բոլորի մեջ մեծ քանակությամբ մոլիբդեն կա, որով էլ պայմանավորված է բարձր աղտոտվածությունը:  Բացի մոլիբդենից որոշ ջրերում կարելի է հայտնաբերել այլ աղտոտիչներ՝ նիկել, կոբալտ, քրոմ, ցինկ, պղինձ: Այս գետերի ավազաններում տեղակայված են պղինձ պարունակող հանքավայրեր, որոնք բաց եղանակով շահագործվում են՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր, Շամլուղի պղնձի հանքավայր (Դեբետ գետի ավազան), Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր, Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր (Ողջի գետի ավազան), Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայր (Արաքս գետի ավազան):

Ինչ վերաբերում է ներքին գետերին, որոնք փաստացի անդրասահմանային գետերի վտակներն են, ապա նրանց վատ վիճակը կարելի է համարել անդառնալի: Այդ գետերն են՝ Կարճևանը, Արծվանիկը, Շնողը, Ախթալան: Շատ գետերի ջրերին բնորոշ է վանադիումի առկայությունը, որն առկա է հանքաքարում: Վանադիումի կոնցենտրացիան աճում է գրեթե ամենուր, նույնիսկ Սեւանա լճում եւ արդեն համարվում է, կարծես թե, ֆոնային:  Թե ինչ է դա նշանակում, հասկանալի չէ, քանի որ ջրում վանադիումի մշտական առկայությունը վկայում է այն մասին, որ կա աղտոտման մշտական աղբյուր:

Ամենաաղտոտված գետերից է Հրազդանը: Հիմնական աղտոտիչներն են՝ Երեւանի հոսքաջրերը, որոնք պարունակում են կոյուղաջրեր, ինչպես նաեւ բազմաթիվ ավտոլվացման կայանների հոսքեր, կամ փոքր ձեռնակությունների հոսքեր, որոնք գրեթե տնային մակարդակով արտադրություն են իրականացնում եւ ունեն վտանգավոր թափոններ, օրինակ, հայելիների, կաշվե իրերի  արտադրամասերը, քիմմաքման, ներկման կետերը եւ այլն: Այդ ջրերում բարձր կոնցենտրացիաներով առկա են ամոնիումի,  ֆոսֆատի իոններ, նիտրիտներ եւ նիտրատներ, մանգան, ծանր մետաղների աղեր:  

Քաղաքային հոսքաջրերը աղտոտել են Գորիս, Փամբակ, Ախուրյան գետերը նույնպես մինչեւ 5-րդ դասի:

Հետգրություն: Շվեցարիայում դիտարկում էին Ռեյն գետի ջրերի լրացուցիչ մաքրման նախագիծը (գետի ջրերը ավելի վաղ մաքրվել էին քիմիական արդյունաբերության թափոններից): Արժեքը կազմել է 1.2 միլիարդ շվեցարական ֆրանկ, եւ նախագիծը մերժվել է:

15:59 Հունիս 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news