Գլաձորի հանքավայրի շահագործման նախագծին տրվել է բացասական եզրակացություն

Գլաձորի հանքավայրի շահագործման նախագծին տրվել է բացասական եզրակացություն

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի ներկայացրած Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բացահանքի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) հաշվետվությանը:
Բացասական եզրակացության համար հիմք են հանդիսացել ինչպես ՇՄԱԳ-ի թերի լինելը, այնպես էլ Գլաձոր և Վերնաշեն համայքների բացասական կարծիքները Գլաձորի հանքավայրի շահագործման վերաբերյալ:

«Ըստ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքապետարանի 09.12.2016 թ.N 15-126 գրության և համայնքի ավագանու 8-րդ նիստի թիվ 48 որոշման՝ 2016թ-ի դեկտեմբերի 6-ին իրականացված հանրային քննարկումների արդյունքում համայնքի բնակչությունը` 165 մասնակիցներից 159-ը դեմ է արտահայտվել Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործմանը: Համայնքը որպես հիմնավորում ներկայացրել է, որ հեռանկարային զարգացման համար ընտրում է գյուղատնտեսությունը՝ հողագործություն, խաղողագործություն, գինեգործություն, անասնապահություն և այլն, իսկ հանքավայրի շահագործման դեպքում համայնքը կորցնում է արոտավայրեր: Միաժամանակ նշվել է, որ հանքավայրի շահագործման արդյունքում կվնասվեն և կաղտոտվեն նշված տարածքից սկիզբ առնող ջրերի հոսքերը: Հնարավոր բացասական ազդեցություն կկրի շրջակա միջավայրը, բնակչության առողջությունը, ինչպես նաև համայնքում զարգացում ապրող գյուղատնտեսությունը:

Համայնքի բացասական կարծիքը և մտահոգությունն է ներկայացրել նաև Վերնաշեն համայնքի ղեկավարը՝ 24.11.2016 թ. N75 գրությամբ, մտահոգություն է արտահայտվել մասնավորապես տարածքում առկա աղբյուրների և ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների վերաբերյալ»,- մասնավորապես նշված է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացասական եզրակացության մեջ:

14:58 Դեկտեմբեր 19, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news