Եթե դատարանը բավարարի «Վայկ Մետալ»-ի հայցը, ընկերությունը իրավունք չունի շահագործել Գլաձորի հանքավայրը. իրավաբան

Եթե դատարանը բավարարի «Վայկ Մետալ»-ի հայցը, ընկերությունը իրավունք չունի շահագործել Գլաձորի հանքավայրը. իրավաբան

ԷկոԼուր

Մայիսի 30-ին ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի գործով դատական վճիռը: Այս գործով «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մերժումը` Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ:

«Եթե դատարանն անգամ բավարարի «Վայկ Մետալ»-ի հայցը, ընկերությունը, միևնույն է, իրավունք չունի շահագործել Գլաձորի հանքավայրը: Պետք է նոր փորձաքննություն արվի: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը», - ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը Վերնաշեն համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Գլաձորի հանքավայրի ծրագրի ազդակիր Գլաձոր և Վերնաշեն համայնքները սույն դատական գործով ներգրավված չեն որպես երրորդ կողմ: Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը նշեց, որ եթե դատարանը որոշի բավարարել «Վայկ Մետալ»-ի հայցը, իրենք կպահանջեն բեկանել վճիռը, ներգրավվել Վերնաշեն համայնքին որպես երրորդ կողմ: «Մեր համայնքի մեկ տոկոսն անգամ համաձայն չէ, որ Գլաձորը շահագործվի: Մենք ունենք քարտեզ, որտեղ Գլաձորի հանքային դաշտը ներկայացված է որպես ուրանային: Այդ հանքավայրը ժամանակին ուսումնասիրել են, տեսել են, որ այնտեղ ուրան կա, հետո փակել են, անունն էլ դրել են «Ղազմա», որը նշանակում է՝ ձեռք մի տուր», - ասաց Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը:

Դեռ 2016 թ-ի նոյեմբերին «Վայկ Մետալ»-ը ծանր տեխնիկա էր մտցրել Վերնաշեն համայնքի տարածք՝ աշխատանքներ իրականացնելու համար: Այդ ժամանակ Վերնաշենի և Գլաձորի բնակիչները համայնքապետերի հետ միասին կանգնեցրին աշխատանքները և պահանջեցին դուրս բերել ծանր տեխնիկան համայնքի տարածքից:

«Մի տրակտորը հանեցին, մյուսը մինչև հիմա մնացել է մեր տարածքում կանգնած: Մենք դիմելու ենք ոստիկանությանը, որ անօրինական ձևով մի տրակտոր կանգնած է մեր համայնքի տարածքում և դուրս չի գալիս, թող հանեն, տանեն: Ի՞նչ գործ ունի մեր տարածքում այդ տրակտորը», - վրդովվեց Վերնաշեն համայնքի ավագանու անդամ Գեղամ Մարգարյանը:

Վերնաշենի համայնքապետը նաև ներկայացրեց համայնքի զարգացման ծրագրերը, որոնք կոնֆլիկտի մեջ են մտնում հանքավայրի շահագործման ծրագրի հետ:

Մանրամասները` «ԷկոԼուր»-ի հաջորդ հրապարակման մեջ:

16:08 Մայիս 29, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news