ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Գլաձոր համայնքի ղեկավարի բողոքը. գործը կհասնի Վճռաբեկ դատարան

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Գլաձոր համայնքի ղեկավարի բողոքը. գործը կհասնի Վճռաբեկ դատարան

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի բողոքն ընդդեմ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի որոշման: Այդ որոշմամբ բավարարվել է «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի պահանջը՝ չխոչընդոտել ընկերության կողմից երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Գլաձոր համայնքի տարածքում ընկերության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Վերաքննիչ դատարանը հիմնավորված չհամարեց հայցվորի բողոքի հիմքերը և չհամարեց, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ:

Գլաձոր համայնքի ղեկավարի բողոքում նշված է. «Սույն գործն ընդդատյա չէ դատարանին, քանի որ վեճը չի ծագել քաղաքացիական հարաբերություններից, և այն պետք է քննվեր Վարչական դատարանում: Դատարանը դատական ակտով համայնքի ղեկավարին պարտավորեցրել է կատարել անօրինական գործողություններ, քանի որ օրենքը հստակ սահմանում է, որ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում համայնքի ղեկավարը կարող է կնքել ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագիր միայն համայնքի ավագանու որոշմամբ: Դատարանը պարտավորցրել է պատասխանողին` չխոչընդոտելու «Վայկ Մետալ» ընկերության կողմից 14.09.2016 թ-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ Պ-005 ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարմանը, և դա այն պայմաններում, երբ հայցվորը տեխնիկան Գլաձոր համայնքի վարչական տարածք մտցնելու և որոշակի գործողություններ կատարելու ժամանակ չի ունեցել որևէ փաստաթուղթ, որն իրավունք կտար նրան այդ գործողությունները կատարելու: Հայցվորը մինչ օրս չունի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թույլտվությունը համապատասխան գործողություն կատարելու համար, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայցվորի ներկայացրած ծրագրին տվել է փորձաքննական բացասական եզրակացություն»:

Գլաձոր համայնքի ղեկավարի փաստաբան Նազելի Վարդանյանը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան: «Առաջինը՝ ոչ մի ապացույց չկա, որ համայնքի ղեկավարը խոչընդոտ է հանդիսացել: Ընկերությունը մանիպուլյացիա է անում, նախկինում տրված ուսումնասիրության պայմանագրով ցանկանում է իրականացնել փաստացի շահագործում: Եթե ընկերությունը ուսումնասիրություն իրականացրած չլիներ, շահագործման նախագիծ չէր ներկայացնի: Դատարանը սա հաշվի չի առել: Երկու նախարարություն՝ բնապահպանության ու էներգետիկայի և բնական պաշարների, մերժել են «Վայկ Մետալ» ընկերությանը: Այժմ ընկերությունը դատարանի միջոցով ուսումնասիրության անվան տակ փորձում է մտնել հանքի տարածք և գործունեություն իրականացնել: Մենք արդեն բողոք ենք պատրաստում Վճռաբեկ դատարան», - ասաց Նազելի Վարդանյանը:

Նշենք, որ 2016 թ-ին «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն ՀՀ բնապապանության նախարարություն բնապահպանական փորձաքննության էր ներկայացրել Գլաձորի բազմամետաղային հանքավայրը բաց և փակ եղանակներով շահագործելու նախագիծ, այլ ոչ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման հայտ: Հանքավայրի ազդակիր Գլաձոր և Վերնաշեն համայնքները դեմ քվեարկեցին նախագծին, նախարարությունները մերժեցին:

2017 թ-ի հուլիսին «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն կրկին փորձեց ստանալ Գլաձոր և Վերնաշեն համայնքների համաձայնությունը Գլաձորի հանքավայրն այս անգամ միայն փակ եղանակով շահագործելու համար: Ազդակիր համայնքները կրկին մերժեցին ընկերությանը:

18:00 Սեպտեմբեր 27, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news