Ամուլսարի ծրագրի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերությունների ուսումնասիրությունները ներկայացվեցին դատարան

Ամուլսարի ծրագրի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերությունների ուսումնասիրությունները ներկայացվեցին դատարան

ԷկոԼուր

Սույն թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքավայրի գործով հերթական դատական նիստը: Այս գործի հիմքում Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչների հայցն է` պահանջով չեղյալ համարել Ամուլսարի ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերը և նշանակել նոր բնապահպանական փորձաքննություն:

Նիստին ներկա էին հայցվոր կողմից Գնդեվազ համայնքի բնակիչ Թեհմինե Ենոքյանը և փաստաբան Հայկ Ալումյանը, երրորդ կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Սայադ Բադալյանը: Պատասխանող կողմից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, ներկայացուցիչ չկար: Դատական նիստը վարում էր դատավոր Կարեն Զարիկյանը:

Հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպությունների (Blue Minerals Consultancy, Ավստրալիա, Buka Environmental, ԱՄՆ և Clear Coast Consulting, Inc., Կանադա) ուսումնասիրությունները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք բնապահպանական ռիսկերի վերաբերյալ:  Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել, քանի որ Լիդիանի արած գնահատումները չափազանց թերի են:

Հայկ Ալումյանը նշեց, որ ելնելով այս ուսումնասիրությունից հայցի հիմքերում ավելացվել են մի շարք հանգամանքներ, իսկ հայցի առարկան նույնն է` նշանակել Ամուլսարի ծրագրի նոր անկախ փորձաքննություն:

Դատավոր Կարեն Զարիկյանն ասաց, որ պետք է ժամանակ տալ «Լիդիան Արմենիա» ընկերությանը` ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու և իր առարկությունները ներկայացնելու համար:

Հաջորդ դատական նիստի օրը չհայտարարվեց: Պարզ լինելու դեպքում այն կծանուցվի կողմերին:

Նշենք, որ այս գործով դատական գործընթացը մեկնարկել է դեռ 2015 թ-ի ապրիլին: Բացի Գնդեվազի բնակիչներից այս գործով հայցվոր էին հանդիսանում նաև «Էկոդար» և «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպություները: Սակայն ս.թ. օգոստոսի 30-ին դատավոր Կարեն Զարիկյանի որոշմամբ նրանք դուրս մնացին դատական գործընթացից որպես ոչ պատշաճ հայցվորներ:

 

 

16:07 Նոյեմբեր 30, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news