Դատական հայց ընդդեմ Քաջարանի պղնձամոլիբդնային հանքավայրի ընդլայնման ծրագրի

Դատական հայց ընդդեմ Քաջարանի պղնձամոլիբդնային հանքավայրի ընդլայնման ծրագրի

ԷկոԼուր

Մարտի 19-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման ծրագրի գործով նախնական դատական նիստը: Հայցվոր «Էկոիրավունք» ՀԿ-ն դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել 2016 թ-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Քաջարանի ընդլայնման ծրագրին տրված եզրակացության ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատումը, ինչպես նաև անվավեր ճանաչել ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլատվության ժամկետի երկարացման վերաբերյալ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2016 թ-ի դեկտեմբերի 29-ի հրամանը:

Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն թույլտվություն է ստացել Քաջարանի հանքավայրի արդյունահանման ծավալները 12.5 միլիոն տոննայից մինչև 22 միլիոն տոննա հասցնել:

Դատական նիստին հայցվոր կողմից ներկայացել էին «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը և փաստաբան Հայկ Ալումյանը: Պատասխանող կողմից` ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչները: Դատական նիստը նախագահում էր դատավոր Արգիշտի Ղազարյանը:

Նիստի սկզբին հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատավորը թույլատրի լրագրողներին տեսագրել դատական նիստը: Պատասխանող կողմերը չառարկեցին, սակայն դատավորն արգելեց լրագրողներին տեսագրություն անել` պատճառաբանելով, որ «վարման մասով դա կկաշկանդի»: Երկրորդ միջնորդությունից հետո դատավորը թույլ տվեց լրագրողներին միայն ձայնագրություն իրականացնել:

Արգիշտի Ղազարյան

Ծանոթանալով հայցի հիմքերին` դատարանը  որոշեց ներգրավվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին որպես երրորդ կողմ: Դատական նիստը հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ հայցի հիմքն ամբողջությամբ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարին: Ըստ նրա` բնապահպանական փորձաքննության ընթացքում բաց է թողնվել կարևորագույն հարցերից մեկը` որտեղ են պահվելու արդյունահանված հանքաքարի պոչերը արտադրողականության ծավալի մեծացման ժամանակաշրջանում:

«Ակնհայտ է, որ Արծվանիկի պոչամբարի ծավալները բավարար չեն: Եզրակացության մեջ էլ ընդունել են, որ այդ հարցը գոյություն ունի, բայց դրա լուծումը թողել են ապագայի վրա», - ասաց Հայկ Ալումյանը:

Բնապահպանական եզրակացության մեջ այս հարցին անդրադարձ կա փորձաքննական պահանջներում, որտեղ նշված է. «Մինչև պոչամբարի և լցակույտային տնտեսության գործածության ժամկետի ավարտն անհրաժեշտ է ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել պոչերի, լցակույտերի հարցի լուծման ընտրված տարբերակը, դրա ընտրման հիմնավորումը, գումարային ազդեցությունները, ինչպես նաև պոչամբարի կոնսերվացման և խախտված ամբողջ տարածքների վերականգնման համապատասխան նախագծային փաստաթղթերը և ՇՄԱԳ հաշվետվությունը»: 

Հայկ Ալումյանի կարծիքով` պոչերի տեղակայման հարցի լուծումը պետք է տրվեր հենց նախագծում, իսկ լուծման բացակայությունը հիմք հանդիսանար այդ նախագիծը չհաստատելու համար:

«Առաջին անգամ մենք դրել ենք մի պահանջ, որը մինչ այս չի եղել: Թեղուտի հանքի դեպքում մենք պահանջում էինք անվավեր ճանաչել բնապահպանական փորձաքննական եզրակացությունը: Գործը քննվեց, եզրակացությունը վիճարկելու իրավունքը ոչ ոք կասկածի տակ չդրեց: Հետո մենք Ամուլսարի հանքի գործով պահանջեցինք անվավեր ճանաչել բնապահպանական եզրակացությունը: Դատարանն ասաց, որ այն ընդհանրապես չի կարող վիճարկվել, որովհետև վարչական ակտ չէ, ընդամենը փորձագետի եզրակացություն է: Այս դեպքում մենք կիրառեցինք այլ մեթոդ. մենք ոչ թե եզրակացությունը վիճարկեցինք, այլ եզրակացությունը հաստատելու վերաբերյալ նախարարի գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ», - մեկնաբանեց Հայկ Ալումյանը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տրվել է 25 տարով թույլտվություն արդյունահանել 22 միլիոն տոննա/տարեկան հանքաքար: Արծվանիկի պոչամբարն այդ քանակությամբ թափոն չի կարող տեղակայել, իրենք էլ են ասում, որ պոչամբարը կբավարարի 12 տարվա համար: Բայց թույլտվությունը տրվել է 25 տարվա համար, իսկ ՇՄԱԳ օրենքը պահանջում է, որպեսզի գնահատվի գումարային ազդեցությունն ամբողջ ժամանակահատվածի համար: Նախարարն իրավունք չուներ հաստատել այդ եզրակացությունը, որովհետև այն տրվել է օրենքի խախտումով», - ասաց «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման համար 2015 թ-ին բացառիկ գերակա շահ ճանաչվեցին Սյունիքի մարզի Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 491.8093 հեկտար հողերի նկատմամբ:

Նշենք, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ի Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման նախագծով նախատեսվում է Լիճքի հանքավայրի արդյունահանած հանքաքարը ևս տեղափոխել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա: Սա նշանակում է, որ այս հանքավայրի արդյունաբերական պոչերն էլ են լցվելու Արծվանիկի պոչամբար:

Արգիշտի Ղազարյանի լուսանկարը վերցված է www.court.am կայքից

14:24 Մարտ 20, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news