«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ից պարզաբանում են, թե ինչու է Ախթալա գետն աղտոտվել

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ից պարզաբանում են, թե ինչու է Ախթալա գետն աղտոտվել

ԷկոԼուր

Ախթալա գետը կրկին աղտոտվել է: Այս մասին ահազանգում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և լուսանկարներ, թե ինչպես է դեղնադարչնագույն հոսքը լցվում Ախթալա գետ, այնուհետ՝ Դեբեդ գետ: 

«Ախթալայի գետակը հենց հիմա այս տեսքով է լցվում Դեբեդ գետը։ Ի դեպ նախկինում նմանատիպ ահազանգները որևէ էական տեղաշարժի չեն բերել։ …Պատկերացնում եք՝ այս ջրերով տասնյակ գյուղեր ոռոգում են իրենց այգիները, մինչև Բագրատաշեն ու այդ այգիներից ստացված մթերքը ուտում են մեր երեխաները»,- գրել է Օլեգ Դուլգարյանը։

Ախթալա գետը հոսում է Շամլուղի պղնձի հանքավայրի միջով։ Հանքը շահագործում է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն։

ԷկոԼուրի հետ զրույցում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին կապերի ղեկավար Գագիկ Շահնազարյանը նշեց, որ կոմբինատն արդեն մի քանի օր է՝ չի աշխատում։ Ըստ նրա՝ գետի աղտոտման պատճառը պոչանքները չեն։ «Շինարակական աշխատանքներ են կատարվում Շամլուղի հանքավայրում։ Ենթակառուցվածքների շինարարության համար կատարվում են հողային աշխատանքներ, այդ շեկ հողերն են լցվում գետակի մեջ: Մեկ ժամ հետո այդ ջուրն արդեն չի լինի: Հանքի մեջի հողն է, ջուրը դուրս է բերում և լցվում գետի մեջ։ Հանքային արդյունաբերության հետ կապ չունեցող հող է։ Դե ինչ անենք, ենթադրենք գետի ափն ուզում ենք ուղղել, սարքել, ո՞նց անենք»,- ասաց նա: 

Գետի մեջ հողի լցվելը նույնպես աղտոտում է գետը և վնասում նրա էկոհամակարգին:

Լուսանկարը և տեսանյութերը՝ Օլեգ Դուլգարյանի



10:11 Հունիս 01, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news