Գնդեվազ համայնքում մարտի 16-ին կրկին կքննարկեն Ամուլսարի ծրագիրը

Գնդեվազ համայնքում մարտի 16-ին կրկին կքննարկեն Ամուլսարի ծրագիրը

ԷկոԼուր

Մարտի 12-ին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչները բարձրացրեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման հարցը: «Դա գյուղի համար էկոլոգիական աղետ է, - ԷկոԼուրին ասաց Գնդեվազի բնակիչ Միհրդատ Ներսիսյանը, - և մենք հույս ունենք կանգնեցնել Ամուլսարի ծրագիրը»:

Վերջին օրերին Գնդեվազում փորձում են ակտիվացնել Ամուլսարի ծրագրի գործընթացը, որն իրականացնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը: «Օրերի տաքանալու հետ ցիանային ֆաբրիկայի համար նախատեսված տարածքում, որը գտնվում է մեր տներից 1 կմ հեռավորության վրա, սկսել են աշխատանքներ տանել: Եվ այժմ նրանք, ովքեր նախկինում չէին պատկերացնում ռիսկերը, հասկանում են, որ մեր կողքին լինելու է վտանգավոր արտադրություն: Իսկ մյուս մասը՝ երիտասարդները, ովքեր աջակցում էին ընկերությանը և հույս ունեին ստանալ աշխատանք, դժգոհ են, որ դեռևս աշխատանք չկա, և նրանք պահանջում են ընկերությունից կատարել տված խոստումները, քանի որ գյուղում սոցիալական վիճակը շատ ծանր է», - ասաց Միհրդատ Ներսիսյանը:

Գնդեվազցի Աբել Ներսիսյանը պահանջել է Ամուլսարի ծրագրի ռիսկերի ապահովագրություն: «Կգտնվի՞ նման ապահովագրական ընկերություն, որը կապահովագրի ինձ, իմ տունը և իմ արտադրանքը ցիանիդից, փոշուց, որոնք պարունակում են թունավոր նյութեր: Մենք գտնվում ենք անմիջապես ֆաբրիկայի կողքին: Ես ունեմ ծիրանի այգի՝ 200 քմ տարածքով, իսկ իմ հարևանն ունի 1 հեկտար այգի: Մեր անասունները արածում են ցիանային ֆաբրիկայի կողքի տարածքում: Մեր կողմն են փչում Ամուլսարի քամիները: Հենց սկսվեն պայթեցումները հանքավայրում, մենք բոլորս կհայտնվենք այդ արտանետումների տակ: Մենք ոչ մի փոխհատուցում չենք ստացել և ուզում ենք, որ գոնե ռիսկերն ապահովագրվեն», - ասաց Աբել Ներսիսյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացավ կատարել գնդեվազցիների ցանկությունը, որպեսզի մարտի 16-ին ընկերության հետ կայանալիք հանդիպմանը ներկա լինեն նաև պետական կառույցների այն ներկայացուցիչները, ովքեր իրենց ստորագրությունն են դրել թույլատրող փաստաթղթերի տակ՝ բնապահպանական փորձաքննական եզրակացության և Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի եզրակացության:

«Նախկին կառավարությունը կանաչ լույս վառեց Ամուլսարի ծրագրի համար, և մենք նրանից ոչինչ չենք ակնկալում: Տեսնենք՝ ինչ կարող է անել նոր կառավարությունը», - ասացին գնդեվազցիները: 

16:13 Մարտ 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news