Ագարակի պղնձամոլիբդենային հանքի շրջակա, 3 պոչամբարների հարակից տարածքների հողերն աղտոտված են պղնձով, մոլիբդենով, կապարով և կադմիումով

Ագարակի պղնձամոլիբդենային հանքի շրջակա, 3 պոչամբարների  հարակից տարածքների հողերն  աղտոտված են պղնձով, մոլիբդենով, կապարով և  կադմիումով

ԷկոԼուր

«Մեղրու տարածաշրջանի ավելացված ներքին արդյունքի 80-85%-ը ստեղծվում է հանքարդյունաբերության գործունեության շնորհիվ: Սրան զուգահեռ համաշխարհային շուկայում պղնձի, մոլիբդենի և ոսկու գներից բնակչության կենսագործունեության կախվածությունը համայնքի բնակիչների կյանքը դարձնում է ռիսկային՝ նվազագույնի հասցնելով վաղվա օրվա հանդեպ վստահությունը, խթանելով արտագաղթը»,- այս մասին նշված է «Սյունիքի մարզի «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության սոցիալական ազդեցությունների բնակչության պատկերացումները և բացասական ազդեցությունների հաղթահարմանն ուղղված առաջարկությունները» աշխատանքի մեջ:

Աշխատանքում Մեղրի, Ագարակ և Կարճևան համայնքների բնակիչների շրջանում անցկացված խորին հարցազրույցների արդյունքում պարզվել է, Ագարակի կոմբինատի գործունեությունը բնակիչները դրական են գնահատում հենց աշխատատեղերի ապահովման տեսանկյունից: Սակայն նշել են նաև կոմբինատի մի շարք բացասական ազդեցություններ՝ հողային ծածկույթի խախտում,ուժեղ պայթեցումներից առաջացրած ցնցումներից ճաքող պատեր, վնասակար փոշու առկայություն, պոչամբարների ընդլայնում,թափոնների կուտակումների և ջրային ռեսուրսների աղտոտում, գյուղմթերքի փչացում:

«Մեր հարցազրույցները բացահայտեցին, որ տնային տնտեսությունների մեծ մասի համար նորություն էր կոմբինատի գործունեության սոցիալական բացասական ազդեցությունների կանխարգելմանն ուղղված այնպիսի գործողություններ, ինչպիսիք էին «Թափոնների անվտանգ հեռացումը», «Հատուկ պոլիգոնների ստեղծումը», «Գործող աղբավայրերի բարելավումը», «Աղտոտված տարածքների մաքրումն ու վերականգնումը», «Դեպի ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի արտահոսքի նվազեցում, կասեցում, ջրային ռեսուրսների պահպանությունը». «Կեղտաջրերի վերամշակում, կոյուղու համակարգի բարելավումը», «Օդի մաքրության պահպանությունը» «Աղմուկից, վիբրացիայից և ճառագայթահարումից պաշտպանությունը», «Աղտոտված հողի մաքրում, աղտոտող նյութերի վնասազերծումը», «Անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբանական ռեսուրսների պահպանությունը», «Տեղեկատվության տարածումը, էկոլոգիական կրթությունը», «Բնակչության առողջական վիճակի զննությունների իրականացումը» և «Անհրաժեշտ բժշկական սարքավորումների տրամադրումն» է: Այս գործողություններից ուղղակիորեն կախված է իրենց առողջությունը և կոմբինատի հաշվետվողականությունն ու պատասխանատվությունը:

Հարցազրույցներից և ոչ մեկի ընթացքում չլսեցինք նշված ուղղություններով վերջին 3-5 տարում համայնքում իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող գեթ մեկ ծրագրերի մասին: Հարազրույցներ վարելիս արձանագրեցինք նաև, որ որոշները վախենում էին հանքի հարուցած վնասների մասին բաց խոսել՝ բացատրելով, թե «պետք չի ամեն ինչի մասին խոսել. որոշների բողոքողներից ընտանիքի անդամներին կոմբինատը աշխատանքից ազատել է»»,- նշված է աշխատանքի մեջ:

Աշխատանքում մեջբերված է, որ ԵՊՀ-ի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի կողմից 2016թ-ին կատարած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքի շրջակա, 3 պոչամբարների հարակից տարածքների հողերն ունեն պղնձով, մոլիբդենով, կապարով և կադմիումով տարբեր աստիճանների աղտոտվածություն՝ պայմանավորված Ագարակի կոմբինատի գործունեությամբ: «Հողի մեջ նշված մետաղների պարունակությունը խախտում է տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը, հողի միջոցով ծանր մետաղների սննդային շղթաների մեջ ընդգրկմամբ բազմաթիվ անհաղթահարելի խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնում: Հատկանշական է, որ Մեղրի համայնքի երեք բնակավայրերի հարցազրույցի մասնակից տնային տնտեսության միջինը ութսուն անդամից և ոչ մեկը չէր մասնակցել առողջության գնահատման որևէ հետազոտության՝ ուղղված հանքի շահագործմամբ իրենց առողջության վրա թողած վնասների բացահայտմանը»,- նշված է աշխատանքում:

Թե էլ ինչ ազդեցություններ է թողնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ազդակիր բնակավայրերի վրա, ինչպիսին է բնակիչների իրազեկվածությունը, ինչ քայլեր են առաջարկվում հանքարդյունաբերական խնդիրների նվազեցման, կոմբինատի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման համար կարդացեք աշխատանքի ամբողջական տարբերակում:

«Սյունիքի մարզի «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության սոցիալական ազդեցությունների բնակչության պատկերացումները և բացասական ազդեցությունների հաղթահարմանն ուղղված առաջարկությունները» աշխատանքը պատրաստվել է ԷկոԼուրի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում «Համայնքային փոխօգնություն» Սոցիալական ՀԿ –ի նախագահ Անահիտ Մկրտչյանի կողմից:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

15:14 Օգոստոս 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news