Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 3՝ «Թեղուտ» ՓԲԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 3՝ «Թեղուտ» ՓԲԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում:

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Հայաստանի երկրորդ ամենամեծ պղնձամոլիբդենային հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի հայտարարագրին:

«Թեղուտ»-ի նոր սեփականատերերն ու չբացահայտված կիպրոսյան շղթան

2006 թ-ի մայիսի 22-ին գրանցված՝ «Վալլեքս» խմբին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թ-ի տարեսկզբին 380 միլիոն դոլարի վարկային պարտքի դիմաց անցավ ռուսական ՎՏԲ բանկին:

Հայտարարագրում նոր իրական սեփականատերերից ընկերությունը բացահայտել է երկու ֆիզիկական անձի, որոնք միասին տիրապետում են ընկերության բաժնետոմսերի 50.05 տոկոսը և մի շարք իրավաբանական անձանց, որոնց մեծամասնությունը գրանցված է Կիպոսում:

Առաջին իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի Նորիկ Պետրոսյանն է, ով 2019 թ-ի դեկտեմբերի 20-ին ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 25.05 տոկոսը: Ըստ հայտարարագրի՝ նա հանդիսանում է ընկերության խորհրդի անդամ և իրավասու է նշանակելու կամ ազատելու ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց:

Երկրորդ իրական սեփականատերը ՌԴ քաղաքացի Պավել Կորիչնևն է, ով տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը: Իսկ թե երբ է Կորիչնևը դրանք ձեռք բերել, հայտարարագրում նշված չէ: Ըստ հայտարարագրի՝ նա հանդիսանում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի անդամ և իրավասու է նշանակելու կամ ազատելու ընկերության կառավարման մարմինենրում ընդգրկված անձանց:

Նորիկ Պետրոսյանի դեպքում որպես միջանկյալ ընկերություններ գործում են «Սունարտո» ՍՊԸ-ն և «Վեստրոկ Դեվելոփմընթ» ՍՊԸ-ն՝ երկուսն էլ «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ»-ի միջոցով: Բոլոր նշված ընկերությունները գտնվում են Կիպրոսում:

Պավել Կորիչնևի համար միջանկյալ ընկերություններ հայտարարագրում նշված չկան:

Ընկերությունում ցուցակված բաժնետոմսերով N1 միջանկյալ իրավաբանական անձ է հանդիսանում «Սունարտո» ՍՊԸ-ն:

Հայտարարագրում կիպրոսյան ընկերությունների շղթան ընդարձակվում է այսպես կոչված N2 ցուցակված արժեթղթերով իրավաբանական անձի շուրջ, որը, սակայն բացահայտված չէ:

Անհայտ մնացած N2 ցուցակված արժեթղթերով իրավաբանական անձի համար որպես միջանկյալ ընկերություններ գործում են Կիպրոսում գտնվող  «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ»-ը, «Նաիրի Ինֆրասթրակչըր Կապիտալ Լիմիթիդ (Կիպրոս)»-ը, «Ա.Տ.Ս. Նոմինիս Լիմիթեդ (Կիպրոս)»-ը, «ՎՏԲ Կապիտալ Պե Ինվեստթմընթ Հոլդինգ (Կիպրոս) Լիմիթիդ (Կիպրոս)»-ը, «»ՎՏԲ Կապիտալ Փրայվիթ Էքուիթի Հոլդինգ ԱԳ (Շվեյցարիա)»-ն, «Բիզնես Ֆինանս ՍՊԸ (Ռուսաստան)»-ն, «ՎՏԲ Բանկ ՓԲԸ (Ռուսաստան)»-ն:

Հայտարարագրում նշվում է, որ ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի 10 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում: Սակայն բորսայի կայքում ընկերության մասին տեղեկատվություն հրապարակված չէ:

17:56 Մայիս 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news