Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 4՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 4՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի հայտարարագրին

Բացահայտված և չբացահայտված սեփականատերեր՝ անհայտ բաժնեմասերով

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թ-ի հուլիսի 16-ին: Ընկերությունում 100% մասնակցություն ունի «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ը:

Հայտարարագրում ընկերությունը բացահայտել է չորս իրական սեփականատիրոջ՝ միայն մեկի դեպքում նշելով մասնակցության չափը:

Առաջին իրական սեփականատերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է՝ 35.15% բաժնեմասով, որոնք նա ձեռք է բերել 2019 թ-ի հունվարի 30-ին:

Երկրորդ իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն է, ում բաժնեմասի վերաբերյալ տվյալներ չկան: Նա նաև ընկերության խորհրդի անդամ է:

Երրորդ իրական սեփականատերը ՌԴ քաղաքացի Սերգեյ Ժուկովն է: Նրա բաժնեմասի վերաբերյալ տվյալները հայտարարագրում ևս բացակայում են: Նա նույնպես ընկերության խորհրդի անդամ է:

Որպես չորրորդ իրական սեփականատեր բացահայտված է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դարին Քուփերը՝ կրկին անհայտ բաժնեմասով: Քուփերը ևս ընկերության խորհրդի անդամ է:

Այսպիսով, ընկերության մնացած 64.85% բաժնեմասի վերաբերյալ տվյալները շարունակում են մնալ անհայտ:

Իրական սեփականատերերի հայտնի և անհայտ միջանկյալ ընկերությունները

Ընկերությունում ցուցակված բաժնետոմսերով առաջին միջանկյալ իրավաբանական անձ է հանդիսանում բրիտանական Վիրջինյան կղզիներում գտնվող «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ՍՊԸ-ն: Ընկերությունը ցուցակագրված է Լոնդոնի ֆոնդային բորսայում:

Առաջին իրական սեփականատեր Մարտին Անդերսոնի դեպքում որպես միջանկյալ ընկերություններ գործում են Կիպրոսում գտնվող «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ը և Բերմունդյան կղզիներում գտնվող «Լաբրո Ինվեսթմենթս Լիմիթիդ»-ը: Մնացած երեք բացահայտված, սակայն անհայտ բաժնեմասերով իրական սեփականատերերի միջանկյալ ընկերությունների մասին տվյալներ հայտարարագրում չկան:

Նշենք, որ «Չաարատ»-ը Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի չորրորդ շահագործողն է: Մինչ այս ընկերությունը հանքավայրը շահագործել է շվեյցարական «Դենո» ընկերությունը, այնուհետև կանադական «Դանդի Փրիշս Մեթալս»-ը, որից հետո ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ»-ը:

Ռուսական ընկերությունը ձեռք էր բերել հանքավայրը 25 միլիոն ԱՄՆ դոլարով և վաճառել «Չաարատ»-ին 55 միլիոն ԱՄՆ դոլարով:

 

17:17 Մայիս 18, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news