Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 6՝ «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 6՝ «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Սյունիքի մարզում Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը և կոմբինատը շահագործող «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հայտարարագրին

Հայաստանի հարավային հանքավայրի ռուս սեփականատերերը

«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ն ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ակտիվներից է, գրանցվել է 1995 թ-ի մայիսի 12-ին:

Հայտարարագրում բացահայտված առաջին, երկրորդ և երրորդ իրական սեփականատերերը խմբի մեջ մտնող մեկ այլ ընկերության՝ Սոտքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի առաջին երեք իրական սեփականատերերն են: Նրանցից երկուսը, ինչպես «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ում, գերիշխում են իրենց բաժնեմասերով: Ավելին, նույնն է բաժնեմասերի տոկոսը և ձեռք բերման ժամանակահատվածը:

Այսպես, առաջին իրական սեփականատերը ռուս մեծահարուստ Սիման Պովարենկինն է՝ 50.3205% բաժնեմասով, որոնք նա ձեռք է բերել 2010 թ-ի սեպտեմբերի 29-ին: Երկրորդ իրական սեփականատերը մեկ այլ ռուս մեծահարուստ Ռոման Տրոցենկոն է՝ 48.1863% բաժնեմասով, որոնք նա ձեռք է բերել 2019 թ-ի մարտի 27-ին: Իսկ երրորդ իրական սեփականատերը «ԳեոՊրոՄայնինգ» խմբի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին է, որի բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվություն հայտարարագրում չկա:

Բացի նշվածներից, հայտարարագրում կա ևս երկու անուն:

Որպես չորրորդ իրական սեփականատեր բացահայտված է «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը: Որպես հինգերորդ իրական սեփականատեր բացահայտված է Անդրեյ Կիշկինսկին, ով «ԳեոՊրոՄայնինգ» խմբի բիզնեսի պլանավորման, ռազմավարության և զարգացման գծով տնօրենն է: Նրանց երկուսի բաժնեմասերի վերաբերյալ տեղեկատվություն հայտարարագրում չկա:

Այսպիսով, ինչպես «ԳեոՊրոՄայնինգ Գոլդի»-ի, այդպես էլ «Ագարակի ՊՄԿ»-ի մոտ 1.5 % բաժնեմասի իրական սեփականատերը մնում է անհայտ:

Նշենք, որ ԱՃԹՆ-ի շրջանակներում ընկերությունը չունի պարտավորություն բացահայտելու 10 տոկոսից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատիրոջը:

Ռուս սեփականատերերի միջանկյալ ընկերությունները

Հայտարարագրում նշված են միայն բացահայտված բաժնեմասերով առաջին երկու իրական սեփականատերերի միջանկյալ ընկերությունները:

Առաջին իրական սեփականատեր Սիման Պովարենկինի համար որպես միջանկյալ ընկերություններ գործում են Մեծ Բրիտանիայում գտնվող «Ջեիզեր Ասսեթ Հոդինգս ԼԹԴ (Բի Վի Ալ)»-ը, Կիպրոսում գտնվող «Գեոպրոմայնինգ Ինվեսթմենթ (ՍԻՓ) Լիմիթեդ»-ը և Նիդեռլանդներում գտնվող «Կառլոու Բ.Վ»-ն:

«Գեոպրոմայնինգ Ինվեսթմենթ (ՍԻՓ) Լիմիթեդ»-ը, «Կառլոու Բ.Վ»-ն որպես միջանկյալ ընկերություններ գործում են նաև երկրորդ իրական սեփականատեր Ռոման Տրոցենկոյի համար: Նրա համար որպես միջանկյալ ընկերություն է գործում նաև Կիպրոսում գտնվող «Նակիլեպ Օվերսիզ Լիլիթեդ (Կիպրոս)»-ը:

Մայիս 22, 2020 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր