ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց «Բազալտ 7» ՍՊԸ-ի առաջին հայտին, կընդո՞ւնի արդյոք երկրորդը

ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց «Բազալտ 7» ՍՊԸ-ի  առաջին հայտին, կընդո՞ւնի արդյոք երկրորդը

ԷկոԼուր

«Բազալտ 7» ՍՊԸ-ն Անգեղակոթի բազալտների միևնույն հանքավայրը շահագործելու թույլտվության համար երկրորդ անգամ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն: Բանն այն է, որ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը2018թ-ի հոկտեմբերի 23-ին բացասական եզրակացություն է տվել ընկերության հայտին: Ըստ եզրակացության` նախատեսվող գործունեության ազդեցության ենթակա տարածքների հողատեսքերը նկարագրված են որպես վարելահողեր, մինչդեռ, կադաստրային տվյալների համաձայն, նախատեսվող գործունեության տարածքում առկա են անտառային հողեր: «Ոչ հավաստի տեղեկատվության արդյունքում հանքարդյունահանման աշխատանքների իրականացման հնարավոր ազդեցության գնահատումը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա իրականացվել է ոչ լիարժեք»,- նշված է բացասական եզրակացության հիմնավորման մեջ:

Մերժումից հետո «Բազալտ 7»-ը երկրորդ անգամ է հայտ ներկայացրել բնապահպանական փորձաքննության: Ըստ հայտի` «Բազալտ 7» ընկերությունը Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող բազալտների հանքավայրը շահագործելու է բաց եղանակով 50 տարվա ընթացքում:

Արդյունահանվելու է 247612.0մ3 ծավալի բազալտ, տարեկան` 4952.0մ3: Հանքի շահագործման ռիսկերն են՝ բացահանքի, արտաքին լցակույտի և ենթակառուցվածքների տարածքներում բուսականության ոչնչացումը, հանքարդյունահանման աշխատանքների արդյունքում կենդանիների կենսապայմանների ձևափոխությունները, մթնոլորտային օդի աղտոտումը փոշու արտանետումներով և դիզելային վառելիքի այրման արգասիքների արտանետումներով, աղմուկը, տեխնիկայի վառելիքի և քսայուղերի արտահոսքերը, բնական լանդշաֆտի խախտումը:

Հայտի համաձայն` հանքի տարածքում կարմիրգրքյան տեսակներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան:

ԷկոԼուրի հետ զրույցում Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության և տնտեսության ոլորտի համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Վազգեն Այվազյանը հայտնեց, որ սույն թվականի հունվարի 17-ին հայտի վերաբերյալ տեղի ունեցած հանրային լսումների մասնակիցները դեմ չեն եղել հանքի շահագործմանը:

«Բոլորը կողմ են հանդես եկել, ոչ մի բողոք չկար, նորմալ է անցել: Լսումների մասին հայտարարությունները փակցված են եղել համայնքում: Ում հետաքրքել է, եկել, մասնակցել է», - ասաց Այվազյանը:

Անգեղակոթ համայնքի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանն էլ նշեց, որ լսումների մասին նախապես զգուշացվել է նաև շահագրգիռ կողմհանդիսացող երկու քաղաքացի, որոնց վարելահողի անմիջապես հարևանությամբ է գտնվում հանքավայրի շահագործման տարածքը: «Նրանցից մեկիվարելահողը գտնվում է հանքավայրի եզրին, մյուսինը մի փոքր հեռու է, բայց պայմանավորվել են, որ վերջինիս վարելահողի միջով քար տեղափոխելուվնասը կփոխհատուցեն: Եթե մարդիկ չեն եկել, նշանակում է՝ նրանց համար կարևոր չէ», - ասաց Մարկոսյանը:

Մնում է սպասել ՀՀ բնապահպանության նախարարության նոր եզրակացությանը:

15:34 Հունվար 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news