

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ն այսօր ահազանգ ստացավ, որ Վայոց ձորի մարզի Վերնաշեն և Գլաձոր համայնքների 700-ից ավել բնակիչներ դուրս են եկել բողոքի՝ կանխելու «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի մուտքը Գլաձորի հանքավայրի տարածք: Բնակիչների հետ բողոքի են դուրս եկել նաև երկու համայնքների ղեկավարները:
Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն առանց իրենց համաձայնության ցանկանում է ծանր տեխնիկա մտցնել հանքավայրի տարածք, որը պատկանում է համայնքին:
«Բնակիչները դեմ են, երկու համայնքապետերը դեմ են, մենք հանրային լսումների ժամանակ էլ ենք դա ասել, հիմա էլ թույլ չենք տալու», - նշեց Վերնաշենի համայնքապետը:
Գլաձոր համայնքի բնակիչ Արման Վարդանյանը նույնպես շեշտեց, որ թույլ չեն տալու ընկերությանը մուտք գործել հանքի տարածք: Նա հայտնեց, որ իրենց հետ է նորընտիր համայնքապետ Արմեն Մովսիսյանը, ի տարբերություն նախկինի, դեմ է հանքավայրի բացմանը: Արման Վարդանյանը վստահ է, որ ընկերության գործողությունները ապօրինի են, քանի որ ազդակիր համայնքները չեն տվել համաձայնություն իրենց հողերի վրա աշխատանքներ իրականացնելու:
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից «ԷկոԼուր»-ին տեղեկացրեցին, որ «Վայկ Մետալ»-ը ոչ մի եզրակացություն չի ստացել իրենցից:
«Գլաձորի հանքավայրի շահագործման գնահատման հաշվետվությունը ներկայացվել է բնապահպանական փորձաքննության հիմնական փուլ, բայց հանրային լսումների օրը դեռ նշանակված չէ: Մենք ոչ մի եզրակացություն չենք տրամադրել, առանց մեր եզրակացության ոչինչ չի կարելի անել, դա արդեն խախտում կլինի», - փոխանցեցին բնապահպանության նախարարության փորձաքննական կենտրոնից:
Իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը «ԷկոԼուր»-ին փոխանցեց, որ ընկերությունը ունի իրավունք որոնողական աշխատանքներ իրականացնելու:
«Իրենք ունեն ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն, ինչը ենթադրում է, որ ընկերությունը իրավունք ունի կառուցելու հորատման հրապարակ, ճանապարհներ, իրավունք ունի հորատանցքեր հորատելու և որոնողական աշխատանքներ ու փաստագրում իրականացնելու», - հայտնեց Վասակ Թարփոշյանը:
«Իրենք իրավունք չունեն առանց մեզ հետ պայմանագիր կապելու այնտեղ աշխատանքներ իրականացնելու, չէ որ այդ տարածքում են գտնվում մեր ջրաղբյուրները, մեր վարելահողերը: Այդ ամենը կոչնչանա», - շեշտեց Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև մարզային ոստիկանությունը: Ներկայումս ծանր տեխնիկան կանգնեցված է, ոստիկանները ստուգում են ընկերության փաստաթղթերը, իսկ Վերնաշենի համայնքապետը մեկ օր ժամանակ է տվել ընկերությանը տեխնիկան դուրս բերել համայնքի տարածքից:
Նոյեմբեր 17, 2016 at 13:36