Մեծ հանրահավաք և ավտոերթ հանուն Ամուլսարի

Մեծ հանրահավաք և ավտոերթ հանուն Ամուլսարի

Ջերմուկ համայնքի բնակիչները մայիսի 11-ին, ժամը 16:00 Ջերմուկում, Աջափնյակի «Տաքսիների կանգառ» հրապարակում նախաձեռնում են Մեծ հանրահավաք հանուն Ամուլսարի փրկության: Նախքան հանրահավաքի սկսվելը, առավոտյան ժամը 09:30-ին Ջերմուկից խորհրդանշական ավտոերթ կմեկնարկի Արփայի կիրճի բնակավայրերով մինչև Արենի։ 13:00 Արենի գյուղից կմեկնարկի ավտոերթ դեպի Ջերմուկ քաղաք: Երևանից և այլ բնակավայրերից միացողները կարող են իրենց մեքենաներով 12:30 լինել Արենի և միանալ ավտոերթին:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված միջոցառման մեջ նաև նշված է հետևյալը․

«Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող հանքահենական ծրագիրը: Մեր համայնքը վերահաս վտանգներից ու ռիսկերից պաշտպանելու համար 11 ամիս օր ու գիշեր կանգնած ենք եղել դեպի Ամուլսար տանող դաշտամիջյան ճանապարհներին: Գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Մեր Սահմանադրական իրավունքն իրացնելիս, ի լրումն Ջերմուկ համայնքի շուրջ 3000 ստորագրությունների, կարիք ենք զգում ևս մեկ անգամ Կառավարությանն ուղերձ հղել, որ Ջերմուկ համայնքի ձայնն ու բնակիչների իրավունքները լսելի պետք է լինեն և հաշվի առնվեն որոշումների կայացման ժամանակ:

Հանրահավաքի օրակարգը կտեղադրենք քիչ ավելի ուշ:
Հանրահավաքը և ավտոերթը կրում են խաղաղ բնույթ:

Կեչուտի բարբառով «Մինա՝ չի պացվիլո» :)

Կազմակերպիչ՝ Ջերմուկ համայնքի բնակիչներ:
Կոնտակտային հեռախոսահամար՝ 077 219 755»։

Երևանից միացողների համար նույնպես կազմակերպվում է զորակցության ավտոերթ մայիսի 11-ին։ Մեկնումը՝ 10։00 Երևանի Հանրապետության հրապարակից, 12։30 հանդիպում Վայոց Ձորի ավտոերթի հետ Արենիում։ 16։00՝ մեծ հանրահավաք Ջերմուկում Վերադարձը Ջերմուկից 19։00։

Մեքենա ունեցողներին խրախուսում ենք գալ սեփական ավտոմեքենաներով և տեղեկացնել, թե որքան ազատ տեղեր ունեք՝ այլ մարդկանց վերցնելու համար: Ավտոբուսով եկողները պետք է ամրագրեն իրենց տեղերը։ Հեռախոսներ՝ 091309574, 095309574 կամ 093402849։ Էլ․ փոստ՝ [email protected]

«Երևանից Ամուլսար՝ մասնակցելու մեծ հանրահավաքին» միջոցառման մեջ նշված է․

«Շուրջ 11 ամիս է, ինչ Ջերմուկ համայնքի բնակիչները կայացրել են որոշում, որ ԱՄՈՒԼՍԱՐԸ պիտի ՍԱՐ մնա, ջրերը ջինջ ու մաքուր պիտի հոսեն Սևանա լիճ, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզեր, իսկ Ջերմուկն էլ պիտի շարունակի մնալ Հայաստանի թիվ մեկ առողջարանային և զբոսաշրջային կենտրոն։
Ջերմուկ համայնքը և իրականում Հայաստանի ամբողջ կենտրոնական ու հարավային շրջանը խոշոր բնապահպանական կոլապսից պաշտպանելու համար, ինչպես նաև որոշումներ կայացնելու իրենց ժողովրդավարական իրավունքը հաստատելու համար Ամուլսարի պահապանները 11 ամիս օր ու գիշեր կանգնած են եղել դեպի Ամուլսար լեռը տանող դաշտամիջյան ճանապարհներին: Բացի առօրյա դժվարությունները կրելուց նրանք նաև հետապնդումների ու դատական սպառնալիքների են ենթարկվում օֆշորային հանքահեն Լիդիանի կողմից, և իրենց վրա են վերցրել բոլորիս անվտանգության պաշտպանությունը: Այս ընթացքում Ամուլսարի պահապաններն ունեցել են Հայաստանի հանրության, աշխարհասփյուռ հայության ակտիվ հատվածի և միջազգային բնապահպան ու իրավապաշտպան հանրության թեկուզ հեռակա, բայց իրական աջակցությունը։

Մայիսի 11-ին Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիս փողոց՝ վերահաստատելու ամիսներ առաջ իրենց կայացրած որոշումը: Այս սահմանադրական իրավունքն իրացնելիս, ի լրումն Ջերմուկ համայնքի շուրջ 3000 ստորագրությունների, կարիք ենք զգում ևս մեկ անգամ ուղերձ հղելու ՀՀ Կառավարությանը, որ հանրության ձայնն ու Ջերմուկ համայնքի բնակիչների իրավունքները լսելի պետք է լինեն և հաշվի առնվեն որոշումների կայացման ժամանակ:

Պատրաստեք ինքնաշեն պաստառներ, տեղեկացրեք ու մոբիլիզացրեք ձեր ընկերներին ու բարեկամներին: Վերահաստատենք մեր վճռականությունը՝ մինչև վերջ պայքարելու Ամուլսար լեռան, մաքուր բնության և մեր ժողովրդավարական իրավունքների պաշտպանության համար:

Ձեզ հետ վերցրեք ձեր ջուրը, սնունդը, արևից պաշտպանող միջոցներ, գլխարկ, ձեր կոչերը, ցանկությունները, պլակատները, եռանդ ու հաղթական տրամադրություն»։

Ջերմուկցիների միջոցառման հղումը՝ https://web.facebook.com/events/620583578353958/

Երևանից միացողների համար միջոցառման հղումը՝ https://web.facebook.com/events/2346690982231145/

 

16:35 Մայիս 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news