«Նահատակի» պոչամբարի պատվարի բարձրացում՝ ոտնահարելով օրենքները

«Նահատակի» պոչամբարի պատվարի բարձրացում՝ ոտնահարելով օրենքները

ԷկոԼուր

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն այս օրերին իրականացնում է Մեծ Այրում գյուղում գտնվող «Նահատակ» պոչամբարի պատվարի բարձրացման աշխատանքներ: Մինչդեռ նման աշխատանքներ իրականացնելու համար ընկերությունը որևէ թույլտվություն չունի: Ավելին, ընկերությունն այս օրերին ոչ թե պատվարի բարձրացման, այլ՝ պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքներ պետք է կատարեր:

Այսպես, «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության»-ը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված 14.11.2017թ. ԲՓ 100 փորձաքննական եզրակացության համաձայն՝ «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի 1-ին փուլը պետք է սկսվեր դեռևս 2018թ-ի հոկտեմբերին։

Մեծ Այրումի բնակիչները 2020 թ. ապրիլ և մայիս ամիսներին բողոքի ակցիաներ են իրականացրել ընդդեմ պոչամբարի պատվարի բարձրացման և կանգնեցրել են ծանր տեխնիկայի աշխատանքները: Սակայն, ըստ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի, աշխատանքները վերսկսվել են, և պոչամբարի պատվարի բարձրացման նպատակով մի քանի տասնյակ սանտիմետրով բարձրացվել է դիտարկման աշտարակը: «Առանց որևէ նախագծի այնտեղ աշխատանքներ են տարվում: Բնակիչներն այլևս դուրս չեն գալիս, հոգնել են, չեն հավատում, որ որևէ մեկն իրենց կօգնի:Սպասում են պետության որոշմանը: Բնակիչները համաձայն են, որ պետք է պայքարել, բայց կոմբինատը նրանց նկատմամբ սոցիալական ճնշում է գործադրում: Ասում են՝ ֆաբրիկան կփակվի, և դուք մեղավոր կլինեք: Եվ դա իր ազդեցությունն ունենում է»,- ասաց նա:

Բանն այն է, որ կոմբինատը չի պատրաստվում բավարարել համայնքը թափոններից մաքրելու պահանջը և պնդում է, որ այս հարցի բարձրաձայնումը նպաստում է կոմբինատի փակմանը:

Օլեգ Դուլգարյանը համոզված է, որ սոցիալական շանտաժը չպետք է ազդի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), տեսչական մարմնի վրա: «Սակայն ՏԻՄ մարմինները, տեսչականը լռում են: Այդ պատճառով մենք դիմել ենք ՀՀ կառավարություն, որպեսզի օգնեն խնդրի կարգավորման նպատակով աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի համայնքը թափոններից մաքրելու հարցով»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

Դեռևս ապրիլին կոմբինատի ղեկավարությունը և ՏԻՄ ներկայացուցիչները հանդիպել էին Մեծ Այրումի բնակիչներին համաձայնության գալու նպատակով։ Բնակիչները պահանջել էին պոչամբարը շահագործող ընկերության կողմից գյուղի յուրաքանչյուր բնակչի հաշվով ամսական 30-50 հազար դրամի չափով փոխհատուցում տրամադրել։

Ընկերությունն այդ փոխհատուցումն իրականացնելու պահանջը չի բավարարել: Փոխարենը վերանորոգում է գյուղի Մշակույթի տունը` սոցիալական պատասխանատվության անվան տակ: «Գյուղացիները հրաժարվում էին, նշում էին, թե դա իրենց խնդիրները չի մեղմում, բայց իրենք շարունակում են աշխատանքները»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

11:29 Հունիս 05, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news