«Մեղրաձոր Գոլդ»-ը ցիանիդը փոխարինում է թիոմիզանյութով

«Մեղրաձոր Գոլդ»-ը ցիանիդը փոխարինում է թիոմիզանյութով

ԷկոԼուր

«Մեղրաձոր Գոլդ» ընկերությունն առաջարկում է Մեղրաձորի ոսկու հանքաքարից ոսկու կորզումը ցիանիդի փոխարեն իրականացնել թիոմիզանյութով: Այս մասին նշված է ընկերության ոսկու կորզման արտադրամասի փոփոխված նախագծում, որը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը: Թիոմիզանյութը, ՀՀ առողջապահության նախարարի 15.08. 2005թ.  թիվ 756-Ն հրամանի համաձայն,  պատկանում է ուժեղ ազդեցություն ունեցող թունավոր նյութերի 2-դասին:  Թիոմիզանյութի օրեկան ծախսը կազմելու է 2340 կգ: Թեպետ նախագծում նկարագրվում է թիոմիզանյութով ոսկու կորզման տեխնոլոգիան, սակայն նախագծում կա ուշագրավ մի նախադասություն. «Բացի այդ հարկ է նշել, որ ձեռնարկությունում այս նախագծին զուգահեռ  լաբորատոր պայմաններում խոշոր փորձնական սարքի վրա հետազոտություններ են կատարվում` հիդրոմետալուրգիական եղանակով ոսկու կորզման համար ցիանը փոխարինել թույլ տոկսիկ  թիոմիզանյութով»:

Մեղրաձորի ոսկու  հանքավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում` Հրազդանի տարածաշրջանում, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախափնյա մասում: Մոտակա բնակավայրը Մեղրաձոր գյուղն է, հանքից հեռու է  մոտ 0.5 կմ: Մեղրաձորը  գտնվում է սեյսմոակտիվ գոտում:  Այստեղ հնարավոր են 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժեր:

Մեղրաձորի հանքավայրի վերամշակվող հանքաքարն իր մեջ պարունակում է` Au 80-150 գ/տ, Ag 200-300 գ/տ, S 3.0%, Zn0 .3%, Сu 0.12%, Fe 4.0%, Pb 0.3 %:

Ոսկու արտադրամասը տեղադրվելու է գոյություն ունեցող կոմպրեսորային կայանի շենքում, հանքի վարչական հրապարակում: Տեղամասի արտադրողականությունը կազմելու է` 7200 տ/տարի, 600տ/ամիս, 23.4 տ/օր:  Նախագծում նշված է, որ արտադրամասում հարուստ հանքաքարից  ոսկու կորզումը կատարվելու է պարզ եղանակով, առանց  գրավիտացման, ֆլոտացման և սորբման եղանակների կիրառման: Ստացված հարուստ պոչերը` 6.4-12.0 գ/տ ոսկու պարունակությամբ, տեղափոխվելու են Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա ոսկու լրացուցիչ կորզման նպատակով: Տեղում արտադրամասի կառուցումը բացատրվում է նրանով, որ հարուստ հանքաքարի տեղափոխումը Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ օրեկան  մշակվում է միջինը 2-3,5գ/տ ոսկու պարունակությամբ  2800տ հանքաքար,  կբերի Մեղրաձորի հանքաքարի աղքատացմանը 20-35 անգամ, ոսկու և արծաթի անհիմն ու անվերադարձ կորուստների: Արտադրամասը աշխատելու է  տարեկան 307 օր, օրեկան 24 ժամ, 3 հերթափոխով:

«Արտադրամասը աշխատում է լրիվ շրջանառու համակարգով, ինչը բացառում է արտադրական ջրերի արտահոսքը և ոսկու կորուստը նրանց հետ:

Տնտեսական կեղտաջրերը ուղղվում են «Հանքավան –Հրազդան» կոյուղու կոլեկտոր»,- գրված է նախագծում: Նշենք, որ «Հանքավան –Հրազդան» կոյուղու կոլեկտորը 20 տարուց ավելի է` չի գործում: Ի դեպ, «Մեղրաձոր Գոլդ»-ի ներկայացրած ոսկու կորզման ֆաբրիկայի նախորդ նախագծում նույնպես նշված էր, որ արտադրական եւ տնտեսական ջրերն ուղղվելու են միեւնույն կոլեկտոր: Նախորդ նախագծի հասարակական լսումների ժամանակ Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Ժոռա Առաքելյանն ասաց, որ կոլեկտորը չի աշխատում, ինչը նախագծող Հովիկ Նիկողոսյանն ընդունել էր:

Հիշեցնենք, որ Մեղրաձոր Գոլդ»-ի նախորդ նախագծով ոսկին պետք է կորզվեր ցիանիդի միջոցով: ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախագիծը հետ էր վերադարձրել ընկերությանը լրամշակման:

Հունիս 06, 2013 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր