Ամուլսարի ծրագիրը մտել է վտանգավոր փուլ

Ամուլսարի ծրագիրը մտել է վտանգավոր փուլ

ԷկոԼուր

Ներկայումս սկսվել է Ամուլսարի ծրագրի վտանգավոր փուլը. ստեղծվում են ծրագրի ենթակառուցվածքները, սկսել են շինարարական աշխատանքները, ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քննարկման ժամանակ:

«Այդքան բացասական գնահատական ստանալուց հետո, երբ նույնիսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակը ընդունեց ՀԿ-ների և բնակիչների բողոքը: Փաստորեն ՄՖԿ-ն ճանաչեց, որ այն ռիսկերը, որոնց մասին մենք խոսում ենք, հիմնավորված են: Այս տարիների ընթացքում ընկերությունը ներկայացրել է 4 ծրագիր, և ամեն ծրագրում ավելանում էին տարածքներն, համապատասխանաբար, ավելացել են ռիսկերը. Եթե 2009 թվականի դրական եզրակացության մեջ խոսք էր գնում մեկ տեղամասի շահագործման վերաբերյալ, ապա այսօր արդեն 3 առանձին տեղամաս պետք է շահագործվի», - ասաց Ինգա Զարաֆյանը:

Նա Ամուլսարի ծրագիրը համարեց քաղաքական որոշման արդյունք:

«Եթե մենք խոսում ենք ներդրումային ծրագրերի մասին, ապա մեր ամենամեծ ներդրումային ծրագրերից մեկը հենց Ջերմուկն է: Այնտեղ միլիարդներ են ներդրված: Ինչպե՞ս կարելի է այդպիսի ներդրումային ծրագիրը ռիսկի տակ դնել մեկ այլ, շատ կասկածելի և շատ անորոշ ծրագրի պատճառով: Դա անհամեմատելի է: Եվ հենց սա էլ նշանակում է, որ մենք ունենք Ամուլսարի ծրագիրը՝ որպես անհիմն քաղաքական որոշում»,- ասաց Ինգա Զարաֆյանը:

Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ կառավարությունն ընդունել է Ամուլսարի ծրագիրն առանց գնահատման, իսկ ծրագրին տրված եզրակացությունները պարզապես ընկերության ներկայացրած փաստաթղթերի համառոտ տարբերակն են: Բնապահպանը շեշտեց՝ Ամուլսարի ծրագրին պետք է նայել ազգային, պետական անվտանգության տեսակետից: «Ո՞վ պետք է գնահատի՝ այդ 10 տարվա ընթացքում ստեղծված եկամուտը, աշխատատեղերն ավելի կարևոր են, քան այն, ինչ ունենք Ամուլսարում և իր հարակից ջրային ավազանում: Բազմաթիվ աղբյուրներ, բազմաթիվ գետերի վտակներ են սկիզբ առնում այդտեղից, որոնք դառնում են գետեր՝ Արփա, Որոտան և այլն: Այդ ամենը, ի վերջո, այս պետության և ժողովրդի նորմալ կենսակերպն են ապահովում, և եթե մենք վտանգում ենք դրա կարևոր բաղադիչներից մեկը, մենք վտանգում ենք մեր երկրի անվտանգությունը»,- ասաց Լևոն Գալստյանը:

ՀԲՃ-ի անդամ Աննա Շահնազարյանը նշեց, որ անհրաժեշտ է կանգնեցնել Ամուլսարի ծրագիրը, և դրա համար նախևառաջ պետք է կանգնեցնել ծրագրի ֆինանսավորումը և, այնտեղ ֆիզիկապես գտնվելով, շինարարությունը: «Պետք է հասնել նրան, որ կառավարությունը ճանաչի, որ իր նախորդ որոշումներն անօրինական են», - ասաց Աննա Շահնազարյանը:

ՀԲՃ-ի անդամ Անի Խաչատրյանն էլ կոչ արեց համախմբվել և համատեղ կանգնեցնել Ամուլսարի ծրագրի իրականացումը:

«Lydian Armenia» ընկերության, ՀՀ բնապահպանության նախարարության, Ջերմուկի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր ևս հրավիրված էին քննարկամանը, չէին եկել:
Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագծին: Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով «Lydian International» ընկերության կողմից: Ոսկու կորզման համար Գնդեվազ համայնքից ընդամենը 1 կմ հեռավորության վրա՝ գնդեվազցիների ծիրանի այգիների տարածքում, կառուցվելու է ցիանային ֆաբրիկա: Հանքավայրը ունենալու է տարեկան 10 միլիոն տոննա արտադրողականություն: Ամուլսարի հանքավայրից 10 կմ հեռավորության վրա գտնվում է Ջերմուկ առողջարանը:

17:19 Հունվար 19, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news