Գլաձորի հանքի շահագործման թեման կրկին թեժ է

Գլաձորի հանքի շահագործման թեման կրկին թեժ է

ԷկոԼուր

Ապրիլի 25-ին` ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանում, տեղի կունենա դատական նիստ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի գործով: «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն բողոքարկում է Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությանը տրված բացասական եզրակացությունը: Պատասխանող կողմերն են` ՀՀ բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները:

Այս բացասական եզրակացության մեջ հաշվի է առնված համայքների դեմ լինելը:

Ապրիլի 13-ին` Երևանի Օրհուս կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ, Գլաձոր և Վերնաշեն համայքների ներկայացուցիչները մտավախություն հայտնեցին, որ չնայած բացասական եզրակացությանը, «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն քայլեր կձեռնարկի հանքի շահագործման համար:
Ինչպես ներկայացրեց Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը, հանքի շահագործումը կթունավորի համայնքի խմելու և ոռոգման ջուրը, կաղտոտի արոտավայրերը, կվնասի գյուղարտադրությանը: «Այդ սարի աջ և ձախ մասից հոսում են ջրեր, որոնք անցնում են Արյունաշեն, Հերհեր, Մալիշկա գյուղերի միջով, լցվում Հերհերի ջրամբար: Այստեղից ոռոգվում է 14 գյուղ: Էնտեղից էլ թափվում է Արփա գետ: Մյուս թևի ջուրն անցնում է Վերնաշենով, Գլաձորով և Մալիշկայով, թափվում է Եղեգիս գետը: Այնտեղ մենք ունենք քաղցրահամ ջրեր, խմելու ջրեր: Բոլորդ տեղյակ եք Վերնաշեն գինուց: Այդ ջուրը ոռոգում է 98 տնտեսության 70 հա Վերնաշեն գինու հումք հանդիսացող խաղողի այգիներ: 1000 հա ալպյան գոտի է փչացնելու, որի 1 քմ վրա 120 տեսակի ծաղիկ է աճում: Մեր տնտեսությունը մենակ այդ տարածքից 14 տոննա մեղր է ստացել: Այդ տարածքը բեզոարյան այծի ծննդաբերության ժամանակ նպաստավոր վայր է»,- ասաց Վերնաշենի համայնքապետը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ասաց, որ Գլաձորի հանքի տարածքում ցրված ուրան կա: Սակայն նախագծերում չի նշվում ռադիոակտիվ տարրերի մասին, որ մարդիկ չվախենան: «Սնդիկը և ռադիոակտիվ տարրը, թորիումը ուրանը և այլն, նախագծերում չկա: Անգամ էքսպերտները, որոնք հետո պիտի որոշում կայացնեն, նրանցից է ծածուկ պահվում դա»,- նշեց Հակոբ Սանասարյանը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիյանը ներկայացրեց բացասական եզրակացությունը, որի համար հիմք է հանդիսացել հետևյալը`

• «Եղեգնաձոր» արգելավայրի վրա հանքի հնարավոր ազդեցությունը բացառելու մասին անհրաժեշտ միջոցառումներ փորձաքննությանը չներկայացնելը
• նախագծով բաց եղանակով հաստատված պաշարների մոտ 0.6 տոկոսի շահագործման նախատեսումը, այնինչ անհրաժեշտ էր ներկայացնել հանքավայրի համալիր փաստաթղթերը` ներառյալ հանքավայրի մնացած 99.4 տոկոսը
• նախագծում նախատեսվող գործունեության տարածքի հիդրոերկրաբանական պայմանների լիարժեք ուսումնասիրության և աղբյուրների վրա հնարավոր ազդեցության գնահատումների բացակայությունը
• Վերնաշեն և Գլաձոր համայնքների բացասական կարծիքները:

Գլաձորի բազմամետաղային հանքավայրը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում` Գլաձոր համայնքի վարչական տարածքում: Հանքավայրում հաշվարկվել է կապարի 628.37 հազ.տ, ցինկի 711.44հազ.տ, պղնձի 63.4հազ.տ, կադմիումի 2605.3տ, արծաթի 201.18տ, ոսկու 9789.0կգ պաշար: Մեկ տոննա հանքաքարում կապարի պարունակությունը 4.34% է, ցինկինը՝ 4.92%, պղնձինը՝ 0.44%, կադմիումինը 0.018%, արծաթինը՝ 13.90 գր/տ, ոսկունը՝ 0.68գր/տ:

17:54 Ապրիլ 13, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news