Գլաձորի հանքի դատական գործի քննությունն ավարտվեց

Գլաձորի հանքի դատական գործի քննությունն ավարտվեց

ԷկոԼուր

Մայիսի 16-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի գործով դատական նիստը: «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մերժումը` Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ: Հայցվորը հրաժարվել է ՀՀ բնապահպանության նախարարության դեմ ուղղված հայցապահանջից`անվավեր ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությանը տրված բացասական եզրակացությունը: Բնապահպանական եզրակացությունը չի դիտվում որպես վարչական ակտ, այն դիտվում է որպես ապացույց:

Դատական նիստը վարում էր դատավոր Կարեն Ավետիսյանը: Դատական նիստին մասնակցում էին՝ հայցվոր կողմի փաստաբան Արսեն Մարտիրոսյանը, պատասխանող կողմի՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Փիլոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Լևոն Գևորգյանը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, հիմք ընդունելով Գլաձորի հանքավայրի շահագործման նախագծին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տված բացասական եզրակացությունը, մերժել է Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար ընդերքօգտագործման իրավունք տալ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ին:

Դատավոր Կարեն Ավետիսյանը դիմեց Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Փիլոյանին. «Օրենքի տրամաբանությունից ոնց որ թե չի բխում, որ եթե բացասական է եզրակացությունը, ապա նախարարը չունի հայեցողություն, և անմիջապես պետք է իրավունք տալ մերժելու վերաբերյալ որոշում կայացնել: Բոլոր դեպքերում, ճիշտ է, օրենքում կա եզրակացություն եզրույթը, բայց ես ոնց հասկանում եմ, օբյեկտիվ իրականության մեջ մեծ հաշվով առավելապես երևի թե պետք է բացասական լինի եզրակացությունը, որովհետև ցանկացած ընդերքօգտագործում ենթադրում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցություն պետք է լինի: Դրական կարո՞ղ է լինել այդ ազդեցությունը երբևէ»:

Ռուզաննա Փիլոյան. «Դա կախված է նրանից, թե ընդերքօգտագործողն ինչպիսի նախագիծ է ներկայացնում, ինչպիսի տեխնոլոգիաներով: Փորձաքննության ներկայացված նախագծին տրված է բացասական եզրակացություն: Բնապահպանները նայել են` բոլոր նորմերի սահմաններում են նրանց ազդեցությունը գտնվում, թե` ոչ: Եթե եզրակացությունը բացասական է, հնարավոր չէ դա ընդունել հիմք և ընդերքօգտագործողին տալ թույլտվություն: Երբեք նման բան չի եղել, որ բացասական եզրակացությամբ տրվի թույլտվություն»:

«Վայկ Մետալ»-ի փաստաբան Արսեն Մարտիրոսյանն ասաց, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված բացասական եզրակացությունն իրենց կողմից համարվում է անհիմն, քանի որ ըստ էության նախարարության կողմից փորձաքննություն, որպես այդպիսին, չի կատարվել, այլ պահանջել են որոշակի թերություններ ուղղել` առանց հիմնավորելու, թե նշված հանքի շահագործումը շրջակա միջավայրի վրա առհասարակ բացասական ազդեցություն կունենա, թե` ոչ: Նա նշեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն ընկերության կողմից ներկայացված սկզբնական նախագծի վերաբերյալ որոշակի դիտողություններ է կատարել և ներկայացրել ընկերությանը: Նախագիծը համապատասխան դիտողությունների շտկումից հետո կրկին ներկայացվել է նախարարություն, սակայն հետագայում ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տալուց այնպիսի հիմքեր է ներկայացրել, որոնք նախարարության դիտողություններում նշված չեն եղել:

Դատավարության ընթացքում պարզվեց, որ Էներգետիկայի նախարարությունը մերժման մասին գրություն է ուղարկել ընկերությանը, որը վարչական ակտ չէ: Մինչդեռ պետք է ուղարկեր մերժման մասին հրաման, որը կհամարվեր վարչական ակտ: «Ըստ էության` վարչական ակտ հրամանը կարող է հանդիսանալ, բայց բովանդակային առումով այդ գրությունն էլ պետք է համարել»,- ասաց Ռուզաննա Փիլոյանը:

Դատավարության ընթացքում պարզվեց, որ ՀՀ էներգետիկայի նախարարությունը վարչական վարույթի շրջանակներում լսումներ չի իրականացրել ընդերքօգտագործման իրավունքի մերժման վերաբերյալ:
Դատավորն ասաց. «Ոչ լսում եք անցկացրել, ոչ հիմնավորում եք ձեր վարչական ակտը, այլ ուղղակի ինչ-որ մեկը որոշել է, որ այդպես նորմալ է ու վերջակետ: Եթե հարուցեիք վարույթ օրենքով սահմանված կարգով, լսումներին կհրավիրեիք եզրակացություն տվողին, կասեիք, ընկեր եզրակացություն տվող, այստեղ 6 կետով թերություն եք նշել, հայցվորն ասում է, որ 6 ուղղել է, դուք երկու այլ հիմնավորումներով եք եզրակացություն տվել: Ինչո՞ւ եք լրացուցիչ հիմնավորումներ ստեղծել, երբ որ դրա մասին չեք խոսել թերությունների վերաբերյալ գրության մեջ: Չէ՞ որ դուք այդ ապացույցն եք գնահատում, դրա արդյունքում եք եզրակացնում, տալ իրավունք, թե չտալ իրավունք»:
Դատարանը գործի քննությունը համարեց ավարտված:
Որոշումը կհրապարակվի մայիսի 30-ին` ժամը 9:00-ին:

Շարունակելի

19:01 Մայիս 16, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news