Բնապահպաններ՝ Հայաստանի գլխավոր մարտահրավերը հանքարդյունաբերությունն է

Բնապահպաններ՝ Հայաստանի գլխավոր մարտահրավերը հանքարդյունաբերությունն է

ԷկոԼուր

Հունիսի 5-ին աշխարհը նշելու է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այս տարվա թեմա է ընտրվել «Ես բնության հետ եմ» կարգախոսը և նվիրված է բնության և մարդու ներդաշնակությանը: Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա նախօրեին Հայաստանի բնապահպանական մարտահրավերները ներկայացրեցին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում:

Որպես գլխավոր մատրահրավեր՝ բանախոսները շեշտը դրեցին հանքարդյունաբերության վրա, որի հետևանքով Հայաստանը զրկվում է իր մաքուր հողերից, ջրերից, իսկ բնակիչները՝ առողջությունից:

«Հայաստանում ունենք 30 մետաղական հանք, որից 8-ը շահագործվում է, ունենք 21 պոչամբար: 1 հեկտար հանքարդյունաբերական տարածքն աղտոտում է լրացուցիչ 10 հեկտար տարածք: Հայաստանն անցել է սակավաջուր երկրների ցանկը, դա շատ վատ ցուցանիշ է: Մեր գետերում ջրի փոխարեն պոչ է հոսում, օրինակ Կարճևանը, Ախթալան և այլն…Հանքարդյունաբերությունն այն բիզնեսն է, որն ունի բաց կառավարման լուրջ խնդիրներ, և պետք է լինի թափանցիկ ու հաշվետու», - նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Ինգա Զարաֆյանը մեջբերեց Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկու և Գլաձորի բազմամետաղային հանքավայրերը, որոնք մի կողմից աղտոտելու են բնությունը, իսկ մյուս կողմից խաչ են քաշում այդ տարածաշրջանում արված ներդրումների վրա:
«Ինչ ենք մենք կորցնում Ամուլսարի դեպքում. Ջերմուկը, որտեղ միլիոնների ներդրումներ են արված, Սևանա լիճը, որն ազգային անվտանգության երաշխիք է, Որոտան-Արփա ջրային ավազանը, Կեչուտ, Սպանդարյան ջրամբարները…Գլաձորի հանքավայրի դեպքում մենք կորցնում ենք մեր Վերնաշեն գինու բրենդը: Բացի այդ, Վերնաշեն համայնքն ունի շատ ծրագրեր՝ ուղղված գյուղատնտեսության զարգացմանը: Ներդրումներն արդեն արված են թե միջազգային կառույցների կողմից, թե բյուջերից: Կարելի՞ է այդ ներդրումները մի կողմ դնել և բացել մի հանք, որն ունի բարձր պարունակությամբ թունավոր տարրեր», - ասաց Ինգա Զարաֆյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադարձավ հանքարդյունաբերական շրջաններում առողջապահական խնդիրներին:

«ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային կենտրոնի և Ամերիկյան համալսարանի կողմից արվել են ուսումնասիրություններ՝ շրջակա միջավայրի աղտոտումը ծանր մետաղներով: Հավաքել ենք այդ բոլոր տվյալները՝ շրջակա միջավայր և առողջություն, և պետք է գտնեինք ամենառիսկային գոտիները: Եվ, իհարկե, դուրս եկանք հանքադյունաբերության ոլորտի վրա՝ Լոռի և Սյունիք: Բացի այդ, տարածքային կառավարման նախարարությունը մշակել է մարզերի զարգացման ծրագրերը, և միակ մարզը, որտեղ ռիսկերի մեջ գրված է բարձր մահացություն՝ Լոռին է: Թվերն այստեղ շատ խոսուն են», - նշեց Կարինե Դանիելյանը:
Բանախոսներն անդրադարձան «Մաքուր Հայաստան» ծրագրին՝ նշելով, որ նախաձեռնությունը, իհարկե, դրական է, սակայն աղբի կառավարման խնդիրները չի լուծում:

««Մաքուր Հայաստան»-ը լավ ծրագիր է, բայց այն աղբի, կոշտ կենցաղային թափոնների կառավարման հետ կապ չունի: Մենք աղբի կառավարման բաղադրիչներ չունենք: Վարկային ծրագրեր, որոնք արդեն ունենք, դրանցով պարզապես աղբ են կուտակում, նոր աղբավայրեր ստեղծում, բայց տեսակավորման և վերամշակման մասին խոսք չկա: Օրինակ բերեմ պլաստիկը, հասարակությունն արդեն քանի տարի պայքարում է դրա դեմ, բայց արդյունք չենք տեսնում: Այդ հարցը պետք է լուծվի կոնկրետ միջոցառումներով», - նշեց Ինգա Զարաֆյանը:

«Ես ոգևորված եմ «Մաքուր Հայաստան» ծրագրով: Երբ երկիրն աղբով ծածկված է, տուրիզմ հնարավոր չէ զարգացնել: Բայց մեր կառավարության նպատակները իրար հետ «կռվում են»: Մի կողմից հանքարդյունաբերություն են ուզում զարգացնել, մյուս կողմից գյուղատնտեսություն ու տուրիզմ», - ասաց Կարինե Դանիելյանը:

18:08 Հունիս 03, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news