Մինչև 2020թ-ի հունվարի 1-ը կհրապարակվեն Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի անունները

Մինչև 2020թ-ի հունվարի 1-ը կհրապարակվեն Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի անունները

ԷկոԼուր

Մինչև 2020թ-ի հունվարի 1-ը Հայաստանի մետաղական հանքավայրերը շահագործող կամ արդյունահանման նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող ընկերությունների իրական սեփականատերերի անունները պետք է հրապարակված լինեն: Սա Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտի պահանջն է: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ԵՊՀ դոցենտ Հարություն Մովսիսյանը: «2019թ-ին պետք է համապատասխան ռեգիստր ստեղծվի, որպեսզի ընկերությունները ներկայացնեն իրենց իրական սեփականատերերին փաստաթղթերի տեսքով, համապատասխան հավաստումներով, պատասխանատու անձանց ստորագրություններով», - ասաց Հարություն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահատման համար մշակված օրենսդրական փաթեթը փետրվարի 21-ին արժանացավ ՀՀ կառաարության հավանությանը և ուղարկվեց Ազգային ժողով: Կառավարության անդամները գործադիրի նիստում հայտարարեցին, որ մինչև վերջին սեփականատերը պետք է բացահայտվի: Այս հայտարարություններին արձագանքելով` ԲՇԽ-ում քաղաքացիական հասարակության նախկին ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը գրել է.

«Այս գործընթացը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռության շրջանակներում (EITI) և 2019-ի նոյեմբերի 30-ից սկսած պարտավորեցնում է ընկերություններին հայտարարագրել միայն այն սեփականատերերի տվյալները, որոնք տիրապետում են ընկերության առնվազն 10% բաժնեմասին կամ ընկերության կապիտալում ունեն դրան հավասարեցված մասնակցություն: Այսինքն, եթե մինչ այդ մարդիկ իրենց բաժնեմասերը բաժանեն 9,9%-ի մասնաբաժիններով, ապա նրանք պարտավոր չեն հայտարարագրել այդ սեփականատերերին (միայն գործող քաղաքական գործիչների համար չափ սահմանված չէ (politically exposed persons)): Ավելին, ոչ մի մեխանիզմ չկա` ստուգելու, թե, օրինակ՝ կիպրացի Պոպուլոս Պապաստապոպուլոսը կամ Նազիկ տոտան ինչպես են դարձել այդպիսի բաժնեմասի տեր (միջոցների ձեռք բերման օրինականության հարցը)»:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում է 51 երկիր (01.01.2019թ. դրությամբ): Անդամակցող երկրները ներդնում են միասնական ստանդարտ ոլորտի ֆինանսական հոսքերը և այլ տվյալներ հրապարակելու համար: Գործընթացի բոլոր որոշումները միասնական ընդունում է ԱՃԹՆ-ի բազմաշահառու խորհուրդը (ԲՇԽ), որի կազմում են երեք շահագրգիռ կողմերը` կառավարությունը, հանքարդյունաբերական բիզնեսը և քաղաքացիական հասարակությունը:

ԱՃԹՆ-ի նպատակը ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական և գործարար համակարգերի ստեղծումը, ինչպես նաև հանրային երկխոսության կայացումը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխընբռնումը: 2017թ-ի մարտին Հայաստանը դարձել է ԱՃԹՆ թեկնածու երկիր` նպատակ ունենալով ապահովել հանքարդյունաբերական ոլորտի թափանցիկություն, մասնակցային կառավարում, բարելավված ներդրումային միջավայր, կողմերի միջև փոխվստահություն:

Նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմիցիրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

18:00 Փետրվար 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news