Հայաստանի հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 3.2%

Հայաստանի հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 3.2%

ԷկոԼուր

Հայաստանի հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 3.2% (ՀՀ վիճակագրական կոմիտեի 2017թ-ի տվյալներով): Սույն մասնաբաժնով հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը ընդհանուր ՀՆԱ-ում ներկայացված 20 ոլորտների մեջ զբաղեցրել է տասներկուերորդ հորիզոնականը։ 2017թ. մետաղական hանքարդյունաբերող ընկերությունների կողմից պետական բյուջեի նկատմամբ հաշվարկված հարկերը և վճարները կազմել են 87.1 միլիարդ դրամ։

Ամենախոշոր հարկ վճարողը 2017թ-ի տվյալներով եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 32,583.3 միլիոն դրամ հարկային վճարումով: Մեծ տարբերությամբ երկրորդ տեղում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն է 14,314.7 միլիոն դրամ հարկային վճարումով: Երրորդ տեղում «Թեղուտ» ՓԲԸ-ն է 14,113.8 միլիոն դրամ հարկային վճարումով:

Հանքարդյունաբերող ընկերությունները 2017թ-ին վճարել են 1 միլիարդ 45 միլիոն դրամ տուգանք:
2017թթ. հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում զբաղվածությունը կազմել է 9.2 հազար մարդ, ինչը կազմել է ամբողջ արդյունաբերության ոլորտում զբաղվածության 6.9%:
Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի այս և այլ հետաքրքիր տվյալների կարելի է ծանոթանալ 2016-2017 թթ. Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցում:

«Այժմ քաղաքացին հնարավորություն ունի տեսնելու, թե ընկերության կողմից իր համայնքին որքան գումար է հատկացվել սոցիալական պատասխանատվության տեսանկյունից, կամ բարեգործական, կամ գույքահարկի վճարների տեսքով համայնքին որքան գումար է վճարվել: Այժմ քաղաքացին հնարավորություն ունի հետևելու, որ այդ գումարները ծառայեն համապատասխան նպատակների համար: Նա կարող է այդ գումարների ոչ նպատակահարմար օգտագործման, կամ իր առաջարկությունների մասին տեղեկացնել մեզ` ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՉԹՆ) Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներիս: Մենք ակնկալում ենք փոխադարձ կապ բնակիչների հետ` նրանց ձայնը ԱՃԹՆ գործընթացում լսելի դարձնելու համար»,- ասաց ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ԵՊՀ դոցենտ Հարություն Մովսիսյանը:

ԱՃԹՆ գործընթացը կարևոր է Հայաստանի համար, քանի որ հանքարդյունաբերության ոլորտը եղել է փակ, հասարակության համար հասանելի չէին հանքարդյունաբերող ընկերությունների ֆինանսական տվյալները: Այս տվյալների բացահայտումը ԱՃԹՆ ստանդարտի պահանջն է: «Զեկույցի ամենակարևոր ցուցանիշն այն է, որ մենք հիմա գիտենք թե ինչ հարկատեսակով ինչքան գումար են հանքարդյունաբերող ընկերությունները վճարել, ինչքան ռոյալթի է վճարվել, ինչքան շահութահարկ: Եթե մենք տեսնում ենք առանձին վճարված շահութահարկը կամ ռոյալթին, կարող ենք հետհաշվարկ անել և տեսնել, թե ինչքան է ընկերությունն արդյունահանում իրականացրել, թե ինչ որակով է վերամշակում արել»,- ասաց Հարություն Մովսիսյանը:

ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում է 51 երկիր (01.01.2019թ. դրությամբ): 2017թ-ից Հայաստանը դարձել է ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր: ՀՀ ԱՃԹՆ գործընթացի բոլոր որոշումները միասնական ընդունում է ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ն, որի կազմում են երեք շահագրգիռ կողմերը` կառավարությունը, հանքարդյունաբերական բիզնեսը և քաղաքացիական հասարակությունը:

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության անդամ Արթուր Համբարձումյանը:

Զեկույցը պատրաստվել է ԱՃԹՆ ստանդարտի պահանջի համաձայն: Այն կազմվել է Անկախ ադմինիստրատորի՝ «Էրնսթ ընդ Յանգ» աուդիտորական ընկերության կողմից:
2016-2017 թթ. Հայաստանի ԱՃԹՆ-ի ազգային զեկույցը հասանելի է www.eiti.am կայքում:

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

15:15 Փետրվար 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news