Շնող համայնքի 40 բնակիչ դիմել է դատարան՝ պատշաճ փոխհատուցում ստանալու պահանջով

Շնող համայնքի 40 բնակիչ դիմել է դատարան՝ պատշաճ փոխհատուցում ստանալու պահանջով

ԷկոԼուր

Շնող համայնքի 40 բնակիչ դիմել է դատարան՝ իրենց խախտված իրավունքների վերականգնման հարցով՝ պահանջելով պատշաճ փոխհատուցում իրենցից  օտարված հողերի դիմաց: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեց փաստաբան Կարեն Թումանյանը:

«Թեղուտ» ՓԲԸ-ն 25 տարով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման թույլտվություն էր ստացել և 2007 թ. դիմել էր դատարան` սեփականազրկելու Շնող և Թեղուտ համայնքների բնակիչներին: Մինչ այդ ՀՀ կառավարության որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված և գյուղացիներին պատկանող հողամասերի սեփականության իրավունքը դադարեցվել էր որոշակի գումարի դիմաց:

Այս տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռներ էր կայացրել Հայաստանի Հանրապետության, մասնավորապես՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ ներկայացված վեց հայցի առնչությամբ: Սակայն,  բնակիչները գտնում են, որ այս գումարները համարժեք չեն  կրած վնասներին  և կրկին դիմել են դատարան՝ պատշաճ փոխհատուցում ստանալու ակնկալիքով:

«Դատարանը կայացրել էր վճիռներ, որի համաձայն «Թեղուտ» ՓԲԸ-ն տրամադրելով նախատեսված հատուցումը՝ 50-60 դրամ մեկ քառակուսի մետրի համար, սեփականազրկել էր այդ մարդկանց: Երբ հրապարակվեցին Եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռները, մեզ դիմեցին Թեղուտի և Շնողի բազմաթիվ բնակիչներ: Առայժմ թվով 40 բողոք ենք ուղարկել վերանայման: Դրանք այն գործերն են, որոնք նույնիսկ Վերաքննիչ ատյան չէին հասել, Առաջին ատյանով ավարտվել էին: Այն ժամանակ այս մարդիկ չէին բողոքարկել: Հիմա արդեն ցանկանում են, որ վերաբացվի, վերանայվի գործը», - նշեց փաստաբանը՝ հավելելով, թե այժմ իրենք անցումային արդարադատություն են իրականացնում:

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

14:55 Ապրիլ 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news