Ամուլսարի նախագծի՝ կենսաբազմազանության վրա ազդեցության վերաբերյալ 5 նոր հանգամանք է բացահայտվել Վայրի բնության բալկանյան միության փորձագետների կողմից

Ամուլսարի նախագծի՝ կենսաբազմազանության վրա ազդեցության վերաբերյալ 5 նոր հանգամանք է բացահայտվել Վայրի բնության բալկանյան միության փորձագետների կողմից

ԷկոԼուր

Վայրի բնության բալկանյան միության փորձագետների կողմից բացահայտվել են կենսաբազմազանության վրա Ամուլսարի ծրագրի ազդեցության նոր հանգամանքներ՝ ի աջակցություն Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի (CEPA) 3-րդ գլխի (Շրջակա միջավայր) իրականացմանը:

Ուսումնասիրության իրականացմանն աջակցել են CEE Bankwatch միջազգային ցանցը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն: Ուսումնասիրությունն անցկացվել է 2018 թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Մասնակցել են փորձագետներ Անդրեյ Ռալևը, Անդրեյ Կովաչովը և Ելենա Ցինգարսկա-Սեդեֆչեվան, (Andrey Ralev, Andrey Kovatchev, Elena Tsingarska-Sedefcheva). բոլորը Վայրի բնության բալկանյան միությունից:

ԷկոԼուրի հետ զրույցում փորձագետ Անդրեյ Ռալևը ներկայացրեց Հայաստանում Ամուլսարի ոսկու ծրագրի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և սոցիալական ազդեցության վերաբերյալ նոր հանգամանքների մասին զեկույցի հիմնական եզրահանգումները («Report on New Circumstances Related to the Environmental and Social Impact Assessment (ESIA) of the Amulsar Gold Project in Armenia»):

Նոր հանքագամանքների վերաբերյալ հարցին ի պատասխան Անդրեյ Ռալևը հայտնեց. «Մենք հայտնաբերել ենք 5 նոր հանգամանք: Դրանցից ամենակարևորն այն է, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ում բացակայում է գնահատումը, որը պետք է համապատասխաներ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի պահանջներին: Այս կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թ-ին: Խնդիրը նրանում է, որ Ամուլսարի ծրագրի տարածքի մի մասը գտնվում է, այսպես կոչված, «Ջերմուկ» «Էմերալդ տարածքում» (Զմրուխտե տարածք)՝ AM0000009 կոդի տակ:

 

«Էմերալդ տարածքը» գտնվում է Բեռնի կոնվենցիայի պահպանության տակ, քանի որ Հայաստանը միջազգային մակարդակով սահմանել է այն որպես բնապահպանական հատուկ հետաքրքրություն ունեցող տարածք: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի պահպանի բնությունը, բնակության միջավայրը և տեսակները, որոնք ընդգրկված են Բեռնի կոնվենցիայով հաստատված ցանկում: Ամուլսարի ծրագրի դեպքում սա նշանակում է, որ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ում պետք է ուսումնասիրվեն «Էմերալդ տարածքում» բնակվող և կոնվենցիայի ցուցակում ընդգրկված տեսակները, և պետք է տրվի եզրակացություն՝ այդ տեսակների պոպուլյացիայի քանի տոկոսը կմնա ծրագրի իրականացումից հետո: Այս գնահատումն ընդհանրապես չի արվել: ՇՄԱԳ-ում անգամ չի հիշատակվում «Էմերալդ տարածքի» մասին, ոչ էլ հարևան տարածքների՝ «Գորայք» (կոդ՝ AM0000013), «Գնիշիկ պահպանվող տարածք» (կոդ՝ AM0000012), «Տաթև» (կոդ՝ AM0000016) և «Սևան ազգային պարկ» (կոդ՝ AM0000002): Հարևան տարածքներում ուսումնասիրությունները պետք է ցույց տային՝ կա արդյոք ազդեցություն, օրինակ, Արփա և Որոտան գետերի միջոցով և այլն:

Երկրորդ հանգամանքը վերաբերում է մեթոդաբանություններին, որոնք օգտագործվել են ՇՄԱԳ-ը կազմելու ժամանակ և չեն համապատասխանում Բեռնի կոնվենցիայի պահանջներին: Օրինակ, Բեռնի կոնվենցիայով հաստատված տեսակներից գորշ արջի վերաբերյալ նշված է «Critical Habitat» (բնակության կրիտիկական միջավայր): Բայց չկան չափանիշներ 30 այլ տեսակների համար, որոնք պահպանվում են Բեռնի կոնվենցիայով:

Հաջորդ մեթոդաբանությունը կապված է փոխհատուցման մեթոդոլոգիայի հետ կենսաբազմազանությանը հասցված վնասի դիմաց՝ «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման տեսքով: Ըստ Բեռնի կոնվենցիայի՝ չի կարելի ոչնչացնել բնությունը մի վայրում և ստեղծել բնության անկյուն մեկ այլ վայրում: Սա թույլատրված չէ, քանի որ կոնվենցիան ենթադրում է, որ եթե կա «Էմերալդ տարածք», ապա այն պետք է ամբողջությամբ պահպանվի, ընդ որում՝ ոչ թե բիզնեսի, այլ պետության կողմից:

Հաջորդը, «Ջերմուկ» «Էմերալդ տարածքի» համար ներկայացվել է լավ պատրաստած տեղեկատվություն կենսաբազմազանության ոլորտում հայ գիտնականների կողմից, որի հիման վրա կարելի է ասել, որ Ամուլսարի ծրագիրը բացի գորշ արջից կարող է ունենալ ազդեցություն ևս 302 տեսակի և 11 բնական միջավայրի վրա (Natural Habitat):

Օրինակ, մենք գտանք տեղեկատվություն, որ այստեղ տեսել են ընձառյուծի, և որ Հայաստանն ունի պարտավորություն այս տեսակի վերականգնման ուղղությամբ: Իսկ ՇՄԱԳ-ում ընձառյուծի և նրա բնակության միջավայրի մասին ընդհանրապես չի հիշատակվում: Նույնը՝ կապված հայկական մուֆլոնի հետ»:

Ի պատասխան այն հարցին, թե փորձագետ Ռալևն ինչ կարծիք ունի «Ապոլոն» թիթեռի վերաբերյալ, Անդրեյ Ռալևը պատասխանեց. «Ընկերության ՇՄԱԳ-ում նշված են բուսատեսակներ, որոնք հանդիսանում են այդ թիթեռի բազմացման վայր: Ըստ Բեռնի կոնվենցիայի՝ տեսակների բնակության միջավայր է սահմանվում այն տարածքը, որտեղ տեսակը ոչ միայն բազմանում է, այլ նաև սնվում է, տեղաշարժվում և այլն: Այնպես որ կարելի է համարել, որ թիթեռն ապրում է այդ միջավայրում»:

Նա նաև նշեց մեկ այլ նոր հանգամանք. «2018 թ-ի հունիսին Արփա գետն աղտոտվել էր Ամուլսարի ծրագրի ցիանային հարթակի տարածքից եղած արտահոսքերից: Ընկերությունն իր նամակում բնապահպանական տեսչությանը խոստովանեց այդ փաստը՝ պայմանավորելով այն առատ տեղումների հետ: Բայց դա խնդիր է, դա ռիսկ է ջրային ռեսուրսների և դրանցում բնակվող ձկների և այլ տեսակների համար, և այդ ռիսկը չի գնահատվել ՇՄԱԳ-ում: Հարց է առաջանում՝ եթե արտահոսքը տեղի է ունեցել առատ տեղումների ժամանակ, ապա ի՞նչ կարող է լինել Արփա գետի հետ, եթե ծագեն տարբեր ծայրահեղ իրավիճակներ: Այսինքն, ցիանային արտադրության՝ Արփա գետի վրա ազդեցության գնահատումը պետք է անպայման տրվի: Հատկապես, հաշվի առնելով ցիանային արտադրության հետ կապված աղետները: 2000 թ-ին Ռումինիայի Բայա Մարե քաղաքում ցիանիդը հայտնվեց Տիսա գետում, և այս աղետը Եվրոպայի համար ճանաչվեց երկրորդ ամենասարսափելի աղետը Չեռնոբիլից հետո: 1998 թ-ին Ղրղզստանում «Կումտոր Օպերեյնինգ Քամփնի» ձեռնարկություն նատրիումի ցիանիդի տեղափոխման ժամանակ տեղի ունեցավ վթար, և ցիանիդի կոնտեյներով ավտոմեքենան կամրջից ընկավ Բարսկոոն գետը: Ընկնելու ժամանակ տեղի ունեցավ կոնտեյների ապահերմետիկացում, ինչի հետևանքով գետը վարակվեց նատրիումի ցիանիդով»:

Փորձագետները կարծում են, որ անհրաժեշտ է ներկայացնել նոր ՇՄԱԳ, որում հաշվի կառնվեն Բեռնի կոնվենցիայի պահանջները, և նոր հայտնաբերված հանգամանքները կստանան համապատասխան գնահատական:

Ամբողջական զեկույցը՝ այստեղ:

Լուսանկարները՝ Անդրեյ Ռալևի

16:43 Նոյեմբեր 09, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news