Դեկտեմբերի 5-ը Հողի համաշխարհային օրն է

Դեկտեմբերի 5-ը Հողի համաշխարհային օրն է

ԷկոԼուր

Դեկտեմբերի 5-ը Հողի համաշխարհային օրն է: Այս տարվա կարգախոսն է «Կանգնեցրու հողի աղտոտումը»: ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն` երկրագնդի հողերի մեկ երրորդն արդեն դեգրադացիայի է ենթարկվել: Բնակչության աճի հետ, որը 2050 թվականին կհասնի 9 միլիարդի, հողերի աղտոտումը գլոբալ խնդիր է, որը ոչնչացնում է մեր հողերը, թունվորում է սնունդը, ջուրը, որը խմում ենք, օդը, որը շնչում ենք:
Հայաստանում հողերն աղտոտվում են ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով հիմնականում հանքարդյունաբերության արդյունքում: 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից ընդերքօգտագործման իրավունք է տրվել 409 մետաղական և ոչ մետաղական հանքավայրի շահագործման համար: Հողերի աղտոտման տեսակետից հատկապես վտանգավոր են մետաղական հանքավայրերը: Bաց եղանակով շահագործվող հանքավայրերի, պոչամբարների 1 հեկտարը աղտոտում է մոտ 10 հեկտար շրջակա տարածք: ՀՀ վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով`արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը Հայաստանում ավելացել են: Եթե 2013 թվականին դրանք կազմում էին 34.9 հազար հեկտար 2974.3 հազար հեկտար ընդհանրուր հողատարածքից, ապա 2017թ-ին կազմել են 38 հազար հեկտար: Փոխարենը նվազել են գյուղատնտեսական նշանակության հողերը: 2013թ-ին եղել են 2051 հազար հեկտար, իսկ 2017թ-ին 2043.8 հազար հեկտար:

Հողերի որակի, բերրիության անկման, բուսականության նոսրացման արդյունքում, ինչը պայմանավորված է ինչպես մարդու գործունեությամբ, այնպես էլ կլիմայի փոփոխությամբ, Հայաստանում ակտիվացել են անապատացման գործընթացները: 2015թ-ին ընդունված Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարության համաձայն` Հայաստանի 14519 կմ2 (48.8 %) տարածք անապատացվում են, որն ավելի արագանալու է կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով, 7233 կմ2 (24.3 %) գտնվում է անապատացման ռիսկի գոտում, միայն տարածքի 6742 կմ2 (22.6 %)-ի վրա անապատացման պրոցեսներն արտահայտված չեն:

16:18 Դեկտեմբեր 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news