ԷկոԼուր
Ինչի վրա են ծախսվում Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի ներդրողների գումարները: Այս հարցը բարձրացվեց Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի, Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականի գրասենյակի (CAO) փորձագետների և S.O.S. Ամուլսար խմբի` Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Օմբուդսմենի խումբը ժամանել էր Հայաստան` հետաքննելու S.O.S. Ամուլսար խմբի և Վայոց ձորի մարզի Գնդեվազի բնակիչների բողոքը` IFC-ի ստանդարտներին Ամուլսարի ծրագրի ռիսկերի անհամապատասխանության վերաբերյալ: IFC-ն Ամուլսարի ծրագիրը իրականացնող «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերության 7.9% բաժնետերն է:
Առաջին հերթին ուշադրություն դարձվեց, որ «Լիդիան»-ի դուստր ընկերությունը՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ն, արդեն 4 անգամ ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության է ներկայացրել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը՝ ամեն անգամ փոփոխելով այն: Առաջին անգամ ծրագիրը ներկայացվել է 2009 թ., երկրորդ՝ 2012 թ., երրորդ՝ 2014 թ. և վերջինը՝ 2016 թ.: 10 տարվա ընթացքում ընկերությունը, դեռ չշահագործելով Ամուլսարի հանքավայրը, ուղղել է գումարներ տարբեր հիմնադրամներ, որոնք ոչ մի կապ չունեն այս ծրագրի հետ:
«Լույս» հիմնադրամի 2014 թվականի գործունեության մասին հաշվետվության համաձայն, «Լիդիան»-ի դուստր «Գեոթիմ» ընկերությունըհիմնադրամին նվիրաբերել է 121.925.000 ՀՀ դրամ / մոտ 256.000 ԱՄՆ դոլար/: «Լույս»-ի հիմնադիրներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Սկսած 2011 թվականից Ջերմուկ քաղաքի ավագանին և բնակիչները պահանջում էին ընկերությունից ճանաչել Ջերմուկը որպես Ամուլսարի ծրագրի անմիջական ազդեցության գոտի: Գործն անգամ հասավ մինչև դատարան: Ջերմուկի բնակչուհի Վիկտորյա Գրիգորյանն այդ պահանջով դիմել էր վարչական դատարան, սակայն հայցը մերժվել էր:
«Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցություն» հիմնադրամի 2013-2014 թթ. հաշվետվության համաձայն, հիմնադրամը «Գեոթիմ» ՓԲԸ-ից որպես ֆինանսական աջակցություն ստացել է 56359123 դրամ/ մոտ 120.000 դոլար/: Այս հիմնադրամի ղեկավարը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի որդին է՝ Գևորգ Հովհաննիսյանը:
2016 թվականին «Գեոթիմ»-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ ներկայացրեց նոր ՇՄԱԳ, որտեղ Ջերմուկն արդեն ներառված է որպես ազդակիր համայնք:
«Ոչ մի անգամ խոսք չի գնում, թե հանքարդյունաբերության հետևանքով ինչ վնասներ է կրելու Ջերմուկը` որպես տուրիստական քաղաք, չի հաշվվում, որ օրգանական գյուղատնտեսություն ենք կորցնում, ոչ թե միայն գյուղնշանակության հողատարածքներ: Ջերմուկի հետ կապված ոչ մի գնահատում չեն անում, թե այդ բացասական ազդեցությունը ոնց է անդրադառնալու ներդրումների վրա: Ջերմուկը երկու խնդիր ունի. հանքային ջրի վրա ազդեցությունը, թե մենք ինչ ենք կորցնելու, և Ջերմուկը որպես զբոսաշրջային քաղաք, Հայաստանի միակ առողջարանային բիզնես ունեցող քաղաքն է, այստեղ մարդիկ գալիս են բուժվելու», - ասաց տեղի բնակիչը:
Մյուս դիտարկումը կապված է կառավարության որոշումների հետ:
ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ին հաստատեց 746 – Ն որոշումը, որի համաձայն հստակեցվել են Որոտան-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները և դրա շուրջ Սևանա լճի ջրհավաք ավազանի գոտին: Ըստ S.O.S. Ամուլսար խմբի, այս որոշումից օգտվելով, ցիանային ֆաբրիկան, որն արգելված է կառուցել Սևանա լճի ավազանում, համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 10-րդ հոդվածների, ընկերությունը խուսափեց այդ արգելքից:
ՀՀ կառավարությունը 2014թ. հուլիսի 31-ին ընդունեց «ՀՀ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության եւ բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 781-Ն որոշումը: Այս որոշումն ընկերությունը օգտագործեց Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր (Potentilla porphyrantha) բույսն Ամուլսարից տեղափոխելու համար:
«Որոշումը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Որոշումը հիմնված է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի վրա, սակայն այն հակասում է նույն օրենքի 17-րդ հոդվածի եւ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթներին:
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի գ կետով «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը», - նշվեց հանդիպման ժամանակ: Այս որոշումից ելնելով՝ ընկերությունը նախատեսում է ծախսել 700.000 դոլլար բույսը տեղափոխելու համար, և այս գումարի մեծ մասը նախատեսված է ծախսել բուսատեսակի համար նպաստավոր վայր գտնելու, դրա պահպանման պայմանների ուսումնասիրությունների համար այն դեպքում, երբ հայտնի էլ չէ, նման վայր կգտնվի, թե՝ ոչ:
2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության թիվ 244 – Ն որոշմամբ փոփոխություն մտցվեց ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշման մեջ: Արդյունքում փոխվեց բաց հանքավայրերի շահագործման ավտոճանապարհների կառուցման նորմատիվները /101-րդ կետում սահմանվել են 100‰՝ նախկին 70‰-ի փոխարեն, իսկ 100-րդ կետում 100‰՝ նախկին 90‰-ի փոխարեն/: Որոշման ընդունումից հետո «Լիդիան»-ը հայտարարեց, որ իրենց մոտ հրաշալի հնարավորություն է առաջացել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ներդրումները նվազեցնել 100 միլիոն ԱՄՆ դոլարով։
«Ես ո՞նց կարող եմ հավատալ կամ վստահել «Լիդիան»-ին, երբ ինքը, չունենալով ոչ մի եկամուտ, արդեն ծախսել է մոտ 75 միլիոն դոլար և ձեռք է բերել իրեն նպաստող որոշումներ կառավարության կողմից...Ներկայացված են փաստեր, որ Ամուլսարը նոր հայտնաբերված հանք չէ, որ հսկայական գումարները ուսումնասիրության համար, որը ծախսել է նույն IFC-ին, ծախսված են ոչ նպատակային...Ամբողջ գործընթացից երևում է, որ Ամուլսարի ծրագիրը չաշխատող է և տնտեսական, և սոցիալական, և բնապահպանական, և առողջապահական առումներով...», - նշեցին S.O.S. Ամուլսարի անդամները:
Տարեսկզբին «Գեոթիմ»-ը հայտարարություն էր տարածել, որ IFC-ին առաջարկել է Ամուլսարի շինարարության ֆինանսավորման համար ներդնել 40 միլիոն ԱՄՆ դոլար: Օմբուդսմենի գրասենյակի համապատասխանության հետազոտությունների վերլուծաբանը հայտնեց, որ IFC-ին դեռ համաձայնություն չի տվել տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրելու համար:
Մայիս 11, 2016 at 11:34