ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿԻ

Գալուստ Նանյան, «Հայաստանի Հանրապետություն»

Ի՞նչ կտա ձեռնարկության սեփականատիրոջ փոփոխությունը

Ըստ համաշխարհային վիճակագրության՝ մինչ օրս երկրագնդում արդյունահանվել է 150—ից 155 հազար տոննա ոսկի, իսկ ոսկու պաշարները, ըստ որոշ մասնագետների, կարծես թե նվազում են, եւ հետազոտված հանքավայրերում առկա պաշարները կբավականացնեն ընդամենը 10—11 տարի։

1976 թվականից, երբ մեր երկրում սկսվեց այս թանկարժեք մետաղի արդյունահանումը, մինչ օրս արդյունահանվել է ավելի քան 125 տոննա ոսկի։

1998 թվականին, երբ հնդկական «First Dynasty Mines Armenia» ընկերությունը 3.5 մլն դոլարի դիմաց 25 տարի իրավունք ձեռք բերեց կովկասյան տարածաշրջանում ոսկու ամենից մեծ հանքերը շահագործելու համար, 2002 թ. հնդկական ընկերությունը ձեռք բերեց նաեւ «Հայոսկի» ՊՁ—ին պատկանող բաժնեմասի 50 տոկոսը։ Այդ ընկերությունը մեր երկրում իր գործունեության տարիներին հանքերից կարողացավ կորզել ավելի քան 13 տոննա մաքուր ոսկի։

1.5 տարի առաջ հնդկական ընկերությունն իր բաժնետոմսերը վաճառեց, այսօր Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) նոր տերը «Մադնեուլի» բաժնետիրական ընկերությունն է, որը մաս է կազմում «Geo Prom Mining» միջազգային հոլդինգի։

«Մենք հրավիրել ենք օտարերկրյա մասնագետներին, որպեսզի իրենք գնահատեն Սեւանա լճի տարածքներում շրջակա միջավայրի վիճակը։ Այս առումով այժմ որեւէ տեղեկություն չունենք, թե այս շրջանը այս պահին բնապահպանական ինչ վիճակում է գտնվում։ Մինչ շրջակա միջավայրի պահպանելու կամ բարելավելու մասին խոսելը, նախ պետք է իմանանք, թե ինչ ունենք, որպեսզի նախ պահպանենք, հետո բարելավենք»,–ասաց «Գեո ՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Կալանդաձեն՝ օգոստոսի 28–ին Սոտք այցելության ժամանակ, հավելելով, որ այդ իսկ պատճառով իրենք գնահատման նպատակով հրավիրել են այս ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկին, իսկ աշխատանքները կտեւեն մոտ մեկ տարի. «Մեկ տարի հետո մենք կարող ենք իմանալ, թե իրականում այստեղ ինչ կա»։

Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ գլխավոր տնօրենը հայտնեց. «Մեր նպատակն է գտնել ոսկե միջինը եւ այնպես անել, որ ապահովվի այս տարածքի մարդկանց բարեկեցությունը՝ չանտեսելով շրջակա միջավայրը։ Աշխարհում բազմաթիվ են այն երկրները, որոնք տնտեսությունը զարգացնելու նպատակից ելնելով՝ ոչնչացրել են բնությունը եւ հետո վերականգնման փորձեր կատարել»։
Այդ իսկ պատճառով հանքի սեփականատերը որոշում է կայացրել վերագործարկել հանքը որոշակի չափով, որպեսզի ստացվի որոշակի հասույթ, որն էլ կուղղվի պատճառված բնապահպանական վնասի վերացմանը։

«Golders Associate» ընկերության էկոլոգ Ռոբերտ Ջեսսոպը հայտնեց, որ ներկա պահին ինքն ունի առկա հանքավայրի վերաբերյալ նախնական եզրակացությունը. «Վայրը բարոյապես եւ ֆիզիկապես քայքայված է, ենթակառույցները շատ հին են եւ քայքայվում են։ Իսկ հանքափոսը եւ հանքարդյունաբերության գործընթացները բնապահպանական տեսակետից շատ աղքատիկ են եղել»։

«Մենք օբյեկտիվ ընկերություն ենք եւ չենք եկել Հայաստան, որ այս հանքավայրի սեփականատերերի գովքը անենք»,–ասաց Ռոբերտ Ջեսսոպը։

«Fraser Alexander Tailings» ընկերության փորձագետ Հարի Վագների խոսքերով՝ իրենք մտադիր են, որ այսօր գոյություն ունեցող պոչամբարը, որը կառուցվել է խոնավահողերի վրա, վերամշակել եւ նորից այն ամբարել նույն տեղում, ինչպես արդեն արվել է աշխարհի մի շարք երկրներում։

«Այսօր հանքից տարեկան դուրս է բերվում եւ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա է հասցվում 25 հազար տոննա հանքաքար»,–ասաց Դ. Կալանդաձեն, նկատելով, որ իրենք ցանկանում են, որ առկա պոչամբարի հումքը նույնպես գումարվի հանքաքարին եւ վերամշակվի գործարանում. «Հետագայում առաջացած պոչերը կթաղվեն արդեն վերականգնված նույն պոչամբարում այնպես, որպեսզի վնաս չհասցնենք շրջակա միջավայրին»։
Պրն Կալանդաձեն նաեւ հայտնեց, որ իրենց այլ պոչամբար էլ է հարկավոր, իսկ թե դա որտեղ կլինի, դեռ հայտնի չէ։ Բնապահպանները հայտնեցին, որ «Սեւանի մասին» ՀՀ օրենքը չի թույլատրում Սեւանա լճի ավազանում իրականացնել լճի գոյությանը սպառնացող գործունեություն։

Նշենք, որ հիմնական սպառնալիքը ամենաթունավոր նյութերի դասին պատկանող ցիանիդներն են, որոնք օգտագործվում են ոսկու արտադրության տեխնոլոգիաներում։ Հիշեցնենք, որ ԱՈԱՁ—ի նախկին տերերի՝ հնդկական «Vedanta Resources» ընկերության նախագիծը մերժվել է պետական բնապահպանական փորձաքննության կողմից, չնայած այն հավաստիացումներին, թե ցիանիդների համար կկառուցվի անվտանգության բոլոր նորմերին համապատասխանող գերեզմանոց։

Հ. Գ. Դիմիտրի Կալանդաձեին մտահոգում էր նաեւ երկաթուղու հարցը. «Մենք երբ եկանք Հայաստան, երկաթուղին պետությանն էր, իսկ այսօր այն արդեն սեփական է։ Ես համոզված էլ չեմ, որ բեռնափոխադրման գները կմնան նույնը, ինչը կարող է հավելյալ խոչընդոտ հանդիսանալ մեր հետագա գործընթացին։ Ռելսերը նորմալ վիճակում չեն, չկան նաեւ համապատասխան բարվոք վագոններ»։

«ՀՀ»—ն գլխավոր տնօրենին հիշեցրեց, որ երկաթուղին ոչ թե սեփական է, այլ տրված է կոնցեսիոն կառավարման, այն էլ ընդամենը 30 տարով։ Իսկ եթե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ—ի տնօրինությունը ցանկանա բարձրացնել բեռնափոխադրման գները ներհանրապետական երթուղիներում, ապա նախ պետք է համաձայնության գա ՀՀ կառավարության հետ։ Ինչ վերաբերում է վատ ռելսերին, որի երկարությունը Սոթքից մինչեւ Արարատ կազմում է 268 կմ, դրանք նույնպես պետք է վերանորոգվեն ըստ համաձայնագրի, ինչը կարժենա մոտ 140 մլն դոլար։

Օգոստոս 30, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր