Կրած վնասների փոխհատուցում և առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների չհաստատված ցանկը

Կրած վնասների փոխհատուցում և  առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների չհաստատված ցանկը

ԷկոԼուր

2019-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N  650–Լ որոշումը, որի հավելված 1-ի համաձայն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մինչև 2020թ․ փետրվարի 1-ին տասնօրյակը պետք է ներկայացներ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը և համապատասխան որոշումը։ Պաշտոնական www.e-draft.am կայքում «Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծն առկա չէ: Մինչդեռ այս որոշման ընդունման կարևոր նպատակներից մեկն, ըստ վերոնշյալ իրավական ակտի հիմնավորման, Հանրապետությունում  գործող առանձնապես վտանգավոր օբյեկտների տեխնածին և արտադրական վթարների հետևանքով տուժած քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման տրամադրումն է։ Մյուս նպատակներն են՝

  • ազդեցության մեղմման նկատառումներից ելնելով, պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդնում
  • այդ օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության չափորոշիչների և փորձագետների պատասխանատվության խստացումը՝ այդ գործընթացում՝որպես թիրախ ընդունվելով տվյալ օբյեկտի տեխնիկական, հրդեհային և պայթյունավտանգության գործոնները,
  • դրանց նկատմամբ պետական մակարդակով փորձաքննության իրականացումը:

Նշենք, որ ապահովագրության ինստիտուտի պահանջը սահմանված էր ի սկզբանե  «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով: Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձը պարտավոր է իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում՝ ելնելով այն հանգամանքից, որ իր կողմից կատարվող աշխատանքները հանդիսանում են գործունեության առավել վտանգի աղբյուր, պարտադիր կարգով ապահովագրել պատասխանատվության հետևյալ ռիսկերը`

ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով իր աշխատողների կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասները.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով իր աշխատողների, ինչպես նաև աշխատանքների հետ անմիջականորեն չկապված, սակայն այդ աշխատանքների արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասները.

գ) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասները:

20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դեռ 2017թ-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ էր դրել «Պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նշված է, որպես լրամշակման փուլում գտնվող: Այս նախագծում 39 անուն պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ է նշված, այդ թվում հանքարդյունաբերության ոլորտից ներառված են հետևյալ՝ 8 տեսակի գործունեություն իրականացնող օբյեկտները՝

1.        Օգտակար հանածոների ստորգետնյա եղանակով մշակվող հանքահորեր, հանքարաններ, հանքափորվածքներ

2.       Հանքահարստացման (հարստացուցիչ) ֆաբրիկաների օբյեկտներ

3.       Հանքահորաշինական օբյեկտներ

4.       Հորատապայթեցման տեղամասերի օբյեկտներ

5.       Ներհանքային (հանքահորային) տրանսպորտի և վերհան կայանքների օբյեկտներ

6.       Պոչամբարային (շլամային) տնտեսության օբյեկտներ

7.       Ապարների լցակույտերի օբյեկտներ

8.        Արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների արտադրության, տեղափոխման, պահման օբյեկտներ, այդ թվում՝ստորգետնյա օբյեկտներ:

Այսինքն, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկում գործնականում ներառվել էին լեռնամետալուրգիական համալիրի բոլոր  ենթակառուցվածքները՝ բացառությամբ ճանապարհների և էլեկտրական ենթակայանների։ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերությունն էքստենսիվ զարգանում է, նոր տեխնոլոգիաներ չեն ներդրվում, օգտակար հանածոների արդյունահանման էժան տեխնոլոգիաների շարունակական կիրառման արդյունքում հազվագյուտ և ցրված մեծ քանակությամբ էլեմենտներ չեն կորզվում և հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլը չեն ապահովում, ինչը լուրջ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Պատկան մարմինների կողմից անտեսվում են պատճառված վնասների փոխհատուցման պահանջները։  Հարց է առաջանում այս դեպքում՝ ինչն է խանգարում Կառավարությանը, որպեսզի նա անդրադառնա այդ խնդրին և լուծի այն։  

Ապրիլ 09, 2020 at 17:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր