Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանք՝ մոնիտորինգի արդյունքներ

Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանք՝ մոնիտորինգի արդյունքներ

ԷկոԼուրը սկսում է հրապարակել նյութերի շարք, որոնցում ներկայացնում է մետաղական հանքերի շահագործման թույլտվություններ ունեցող, սակայն չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների կողմից պետության և ազդակիր համայնքների առաջ ստանձնած պարտավորությունների և դրանց կատարողականի, հանքերի շահագործման դադարեցման արդյունքում ստեղծված էկոլոգիական և սոցիալական վիճակի վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքները:

Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք Լոռու մարզի Արմանիսի ոսկի- բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքն ունեցող «Սագամար» ՓԲԸ-ի գործունեությունն այդ տեսանկյունից:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Սագամար» ՓԲԸ-ի միջև կնքված 20.12.2012թ. ՊՎ-093 ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն` ընկերությունը հանքը պետք է շահագործեր 2012-2049թթ. ընթացքում: Սակայն 2015թ-ից առ այսօր հանքը չի շահագործվում: Հանքին ազդակիր են խոշորացված Ստեփանավան համայնքի Ստեփանավան և Ուրասար բնակավայրերը: Հանքի չշահագործվելու պայմաններում ազդակիր բնակավայրերի նկատմամբ «Սագամար» ՓԲԸ-ի հարկային, ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման, շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև տեղի բնակչության սոցիալական վիճակի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ ԷկոԼուրը հարցազրույց անցկացրեց Ստեփանավանի փոխհամայնքապետ Ռոստոմ Քոչարյանի, Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Ֆրանգյանի և համայնքապետարանի իրավաբան Սիրանուշ Մելիքսեթյանի հետ:

Ընդերքօգտագործման պայմանագրով «Սագամար» ՓԲԸ-ի ստանձնած բնապահպանական պարտավորությունների կատարումը

Ընդերքօգտագործման պայմանագրով «Սագամար» ՓԲԸ-ն պարտավորվել է ապահվել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունը ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից, ինչպես նաև վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը: Այս առումով Ստեփանավանի համայնքապետարանի ներկայացուցիչները հայտնեցին, որ պայմանագրով ստանձնած բնապահպանական պարտավորությունները ընկերությունը չի կատարել: Ակնառու է բաց հանքի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այդ ազդեցությունների թվում Ստեփանավանի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները նշեցին. «...Հանքարդյունաբերական թափոնները ձորի գլխից ծառերերի վրա են լցրել, որոնք հոսելով հասել են մինչև Ձորագետ:

... Եթե անձրևի ժամանակ կամ անձրևից հետո գնանք հանքի մոտ, կտեսնեք, թե ինչ գույնի ջուր է գնում: Հանքակույտերից էլ քամված ծանր մետաղական կազմով ջրերը, դաշտերի միջով հոսելով, լցվում են Ձորագետ:

...Վերջերս ականատես եղանք, որ Ձորագետի ջուրը լեղակաջրի, կապուտանման ջրից փոխվեց, դարձավ կարմիր գույնի: Բայց այդ լեղակաջուրն էլ չեմ կարող բացատրել, թե ինչի հետևանք է, որովհետև կողքը մի ուրիշ գետ էլ է գնում, նա պարզ, մաքուր ջուր է, իսկ սա մեկ այս գույն է լինում, մեկ՝ այն: Իսկ Ձորագետի ջուրն օգտագործվում է ոռոգման համար:

...Հանքի տարածքից և լցակույտերից շարունակվում է փոշու արտանետումներով օդի ու հողի աղտոտումը:

...Ծառերը և մշակովի բույսերը չորանում են, ընկել է հողերի բերիիությունը:... Մենք ունենք սոճու անտառ, որի մի մասը չորանում է, չի բացառվում, որ հանքն էլ ազդեցություն ունի: ... Արոտավայրերի կրճատման և աղտոտվածության պատճառով քչացրել է անասունների գլխաքանակը. կրճատվել են եկամուտները։ …Միայն Ուրասար բնակավայրում 30 հա արոտավայր մնացել է հանքարդյունաբերական թափոնների տակ: 

Էլ չենք ասում հանքի տարածքը, որ բոլորը վարելահողեր են... Մինչ սարքավորումների բերելը պոչամբար ունեին, հիմա պոչանքներն ամբողջ դաշտով մեկ փռված են, որտեղ նաև քաղաքացու սեփական հող կա»:

Նշենք, որ Արանիսի հանքում, ըստ ընդերքօգտագործման պայմանագրի, հաշվարկված է 14 647,0 հազ.տ հանքաքար, որից ոսկի՝ 12316,4 կգ, արծաթ՝ 161,2 տոննա, պղինձ՝ 158,6 հազ. տոննա, ցինկ՝ 381,0 հազ․տոննա, կապար՝ 178,1 հազ․տոննա, կադմիում՝ 2358,2 տոննա, բիսմութ՝ 83,0 տոննա, սելեն՝ 69,3 տոննա, ծծումբ՝ 355,3 հազ․տոննա։ Միայն ծծմբի մասով նշենք, որ այն թթվային դրենաժի աղբյուր է։ Արմանիսի լեռնահարստացման համալիրի հարակից տարածքում ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց թթվային ջրերի լճակներ, թթվային դրենաժի առվակներ, որոնք հոսում են դեպի ձոր, իսկ այնուհետև Չքնաղ գետ:

 

Մինչ 2020 թ-ը «Սագամար» ՓԲԸ-ն ներառված չի եղել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում, ինչի հետևանքով էլ ընկերության բնապահպանական վճարներից համայնքը չի օգտվել բնապահպանական և առողջապահական ծրագրերի իրականացման համար: Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պաշտոնական կայքում հրապարակված «Սագամար» ՓԲԸ-ի հաշվետվության համաձայն՝ ընկերությունը 2016 և 2017 թվականներին բնապահպանական վճար չի վճարել պետական բյուջե: Իսկ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2017-2021 թթ. հնգամյա զարգացման ծրագրում, որպես շրջակա միջավայրի պահպանության խնդիր, նշված է բնակչության անբարեխիղճ վերաբերմունքը և հսկողության ոչ պատշաճ մակարդակը: Հանքարդյունաբերության ազդեցության մասին այս փաստաթղթում նշված չէ: Շրջակա միջավայրի պաշտպանության համար հնգամյա զարգացման ծրագրով Ստեփանավան համայնքի վարչական բյուջեով նախատեսվել է տարեկան 59,800.0 դրամ գումար:

Մինչ համայնքային խոշորացումը Ուրասար համայնքի 2017-2019թթ. զարգացման ծրագրում ևս անդրադարձ չկա հանքարդյունաբերության ազդեցությանը: Համայնքում որպես շրջակա միջավայրի պահպանությանը խոչընդոտող գործոններ նշվել են հեղեղատարների բացակայությունը, բնակչության գիտակցական մակարդակի ոչ բարվոք վիճակը:

Ստեփանավան համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունների կատարումը և ընդերքօգտագործման համար հողերի նպատակային նշանակության փոփոխման շուրջ կոնֆլիկտը 

Ստեփանավանի համայնքապետարանում ԷկոԼուրին հայտնեցին, որ «Սագամար» ընկերությունը հանքի շահագործման դադարեցումից հետո էլ շարունակում է վճարել հողերի, այլ անշարժ գույքերի, ինչպես նաև շարժական գույքի համար սահմանված տեղական հարկերն ու վճարները:

Սակայն համայնքն ընկերության հետ կոնֆլիկտ ունի այն առումով, որ ընկերությունն իր սեփական և համայնքային սեփականության հողերի մի զգալի մասն օգտագործում է առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության:

Ըստ Ստփանավանի համայնքապետարանի կայքում հրապարակած տեղեկատվության՝ «Սագամար» ՓԲԸ-ի ընդերքի օգտագործման թույլտվության տարածքը կազմում է 271.95 հա: Համայնքապետարանում հաշվարկել են, որ եթե 77.7 հա գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքը կազմում է 61 միլիոն 374 հազար դրամ, ապա եթե դրանց նշանակությունը փոխվեր ընդերքօգտագործման, այդ հողերի կադաստրային արժեքը կկազմեր 265 միլիոն 631 հազար 400 ՀՀ դրամ: «Միայն հողերի նպատակային նշանակությունը չփոխելու արդյունքում Ստեփանավան համայնքը շուրջ 200 միլիոն դրամի վնաս է կրել»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը:

Մեր հարցին, թե ինչու չի հաջողվել հողերի նպատակային նշանակությունը փոխել, համայնքապետարանի իրավաբանը պարզաբանեց. «Ընկերության տնօրենները պարբերաբար փոխվել են, ու մի տնօրենի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը հաջորդը չի ընդունել:Կամ մենք համաձայնության էինք գալիս, որ ընկերությունը դիմում ներկայացնի ու հողերի նպատակային նշանակությունը փոխենք՝ ըստ կարգի: Համաձայնությունները լինում էին, իրենք գնում էին, այնքան ժամանակ պահում այդ համաձայնությունը, որ մեր երկու ամիսը կորցնենք, ու նորից նույն վիճակը»:

Ըստ Ստեփանավանի համայնքապետարանի մեր զրուցակիցների՝ այժմ Ստեփանավան համայնքն այլևս չի ցանկանում, որ գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակությունը փոխվի, քանի որ ցանկանում են, որ հանքը փակվի:

«Մենք ուզում ենք մաքուր ապրել այստեղ: Պահանջում ենք ռեկուլտիվացիա անել հանքի տարածքը և լցակույտերի տարածքը, բերել նախնական տեսքի»,- ասացին նրանք:

Նշենք, որ, ԱՃԹՆ շրջանակներում «Սագամար» ՓԲԸ-ի հրապարակած հաշվետվության համաձայն, ընկերությունը 2016-2017թթ. ֆինանսական հատկացումներ չի կատարել Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին: Այս դրամագլուխը ստեղծված է այն նպատակով, որ եթե ընդերքօգտագործողը չկատարի հանքի փակման ծրագրով նախատեսված իր պարտավորությունները և ռեկուլտիվացիոն աշխատանքները, ապա նրա՝ դրամգլխին վճարած գումարներով դա անի պետությունը: Իսկ եթե ընկերությունը կկատարի այդ աշխատանքները, ապա գումարը հետ կվերադարձվի ընկերությանը: «Սագամար» ՓԲԸ-ի համար դրամագլխին հատկացվելիք գումարի բազային չափը, ըստ ընկերության 2017թ-ի հաշվետվության, սահմանված է 46 միլիոն 500 հազար 450 դրամ, որից 2017թ․ ընկերությունը պետք է վճարեր 1001440 դրամ, ինչը չի կատարել:

Ընդերքօգտագործման պայմանագրով «Սագամար» ՓԲԸ-ի ստանձնած սոցիալական պարտավորությունների կատարումը

«Սագամար» ՓԲԸ-ն ընդերքօգտագործման պայմանագրով պարտավորվել է.

1․ Յուրաքանչյուր 3 տարին մեկ Ստեփանավան քաղաքի և Ուրասարի համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին հատկացրել է 1,5 մլն. դրամ գումար:

2․ Յուրաքանչյուր 3 տարին մեկ Արմանիս թաղամասի աղբյուրների կատաժի և վերանորոգման համա 1,0 մլն. դրամ և յուրաքանչյուր 5 տարին մեկ համայնքի ջրագծերի վերանորոգման համար՝1,0 մլն. դրամի ներդրումներ:

3․ Տարին մեկ անգամ Ստեփանավան քաղաքի փողոցների վերանորոգման համար կատարել 1,5 մլն. դրամ ներդրումներ:

4․ Ամեն տարի ազդակիր համայնքների երիտասարդների ուսման ծախսերում ցուցաբերել 1,0 մլն. դրամի օգնություն:

5․ Միջհամայնքային ճանապարհների շինարարության և վերանորոգման ժամանակ, ըստ անհրաժեշտության, տրամադրել շինտեխնիկա կամ շինանյութ։

Ստեփանավանի համայնքի ղեկավարի տեղակալ Ռոստոմ Քոչարյանն ասաց, որ իրենք տեղեկացված չեն եղել ընդերօգտագործման պայմանագրի կետերի մասին, որ պայմանագրով նշված սոցիալական պարտավորություններն ընկերությունը չի կատարել: Նա նշեց, որ ընկերությունը համայնքին բանավոր խոստումներ է տվել հանրային լսումների ժամանակ՝ իրականացնելու սոցիալական ծրագրեր:

«Մեզ բանավոր մեծ խոստումներ տվեցին, որ բացի հանքարդյունաբերությունը նրան հարակից տարածքում լճեր կլինեն, որտեղ հնարավոր կլինի աճեցնել իշխան, մաքուր ձկնամթերք: Պարտավորվեցին բարեկարգել արոտ տանող ճանապարհը, այն բարեկարգեցինք համայնքի միջոցներով: Խոստացան, որ այնտեղ կստեղծվի անասնապահական ֆերմա, որ գյուղի բնակչության մի մասը գոնե աշխատանքով ապահովված կլինի: Արմանիսի ժողովուրդը շատ ուրախացել էր, որովհետև ստեղծվում էր աշխատատեղ, խոստումներն այնպես էր հանքարդյունաբերողի, որ բոլորն աշխատանքով ապահովված կլինեն: Բայց ընդամենը խոստումներ էին»,- ասաց փոխհամայնքապետը:

ԷկոԼուրի հարցին, թե ինչու գրավոր պայմանագիր չեն կնքել ընկերության հետ խոստացված ծրագրերի կատարման համար, Ռոստոմ Քոչարյանը պատասխանեց. «Այն ժամանակ, ինչքան գիտեմ, հանքարդյունաբերողը մենակ պետության հետ գործ ուներ: Համայնքի հետ կարող էր չկնքել: Նա մենակ մեզ բանավոր խոստումներ տվեց: Նրանք, իհարկե, մեզ հետ պայմանագիր չէին կնքի ու չկնքեցին էլ: Բայց պիտի ասեմ նաև, ժամանակին համատեղ աշխատանքի արդյուքնում կառուցեցին մեր համայնքում մարզադպրոց, երկրաշարժից հետո Ստեփան Շահումյանի հուշաարձանի հենասյունը իրենց ուժերով վերականգնեցինք, օգնել են մեզ տեխնիկայի հարցում, բայց ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված գումարներ չեն տրամադրել»:

Նշենք, որ «Սագամար» ընկերության հաշվետվության համաձայն՝ 2017թ-ին ընկերություն Ուրասարի դպրոցին՝ 65010 դրամ արժողությամբ մոնիտոր և ստեղնաշար է տրամադրել, ինչպես նաև Ուրասարի և Արմանիսի դպրոցների համար ամանօրյա միջոցառում է կազմակերպել և նվերներ բաժանել: Այս միջոցառումը ընկերությանն արժեցել է 362613 դրամ:

ԷկոԼուրը նամակ է ուղարկել «Սագամար» ՓԲԸ-ին հետևյալ հարցադրումներով.

«1.Ի՞նչ պատճառներով չի շահագործվում Ձեր ընկերության տիրապետմանը հանձնված Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։

2. Նախատեսվո՞ւմ է հանքի վերաշահագործում, եթե այո, ապա երբվանի՞ց։

3. Փոխվա՞ծ է արդյոք Ընկերության կողմից օգտագործվող հողերի օգտագործման նպատակային նշանակությունը և եթե այո, ապա քանի՞ հեկտար հանքավայրի և քանի՞ հեկտար ընկերության ենթակառուցվածքների համար։

4. Նշեք խնդրեմ ըստ տարիների ազդակիր Ստեփանավան և Ուրասար համայնքների նկատմամբ 20.12.2012թ ՊՎ-093 ընդերքօգտագործման պայմանագրով ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման մասին, ինչպես նաև բարեգործական ծրագրերի շրջանակներում ցուցաբերած օժանդակության մասին:

5. Ընկերության կողմից ի՞նչ միջոցներ են կիրառվում հանքաջրերի արտահոսքի, մասնավորապես Չքնաղ գետ, վերահսկման և մթնոլորտային օդի, լցակույտերից շրջակա հողերի աղտոտման կանխարգելման համար»:

Ի պատասխան մեր հարցման՝ ստացել ենք. «Սագամար» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Չոբանյանի 04.08.2020թ. թիվ 32-20 նամակը, որտեղ նշված է.

«1.Կապված ընդերքօգտագործման պայմանագրով հայտարարված պաշարների և պարունակությունների անհամապատասխանության հետ, ինչպես նաև համաշխարհային շուկայում մինչև 2018 թ. մետաղների միջազգային գների անկման պատճառով:

2. Հանքը չի դադարել լռիվ շահագործվելուց, ճիշտ է՝ չի իրականացվում հանույթ, սակայն այս պահին կատարվում են լրահետախուզական և պաշարների վերագնահատման աշխատանքներ, որոնց արդյունքների ամփոփումը թույլ կտա կազմել հետագա անելիքների ժամանակացույցը:

3. Մասամբ, կատարվել է հողերի նպատակային նշանակության փոփոխություն: Ընդամենը՝ 20,64358 հա, որից 6.0 հա ընդերքօգտագործման նշանակության, իսկ 14,643358՝ արդյունաբերական:

4. Սեփական նախաձեռնությամբ 2017, 2018, 2019 թ.թ համար Ստեփանավանի Արմանիս և Ուրասար համայնքների սոցիալ-տնտեսական ոլորտում Ընկերության կողմից իրականացվել են միջոցառումներ՝ 2.009.388 ՀՀ դրամ (երկու միլիոն ինը հազար երեք հարյուր ութսունութ) ՀՀ դրամ չափով: Հարկ է նշել, որ վերը նշված տարիների ընթացքում «Սագամար» ՓԲԸ արտադրական գործունեությամբ չի զբաղվել, հիմնականում իրականացրել է Ընկերության ակտիվների վերագնահատում և պահպանության աշխատանքներ, որի ընթացքում ֆինանսական արդյունքներն երեք տարիներում եղել են բացասական (աշխատել է վնասով): Իսկ ընդերքօգտագործման պայմանագրում նշված մասնակցությունը համայնքի սոցիալ-տնտեսական ծրագրերին, որոշակի դրամաչափի մասով, Ընկերությունը պատրաստ է մասնակցել և իրականացնել միայն համայնքի կողմից մեզ առաջարկ ներկայացնելուց հետո:

5. Ընկերության տարածքից հանքաջրերի արտահոսք տեղի չի ունենում, գարուն-աշուն տաք ժամանակաշրջանում առկա են միայն մթնոլորտային տեղումների ժամանակ առաջացած ջրահոսքեր, որոնք ուղղորդվում են պարզարան լճակ, որտեղից էլ մասնակի գոլորշիացումից հետո, համապատասխան սահմանված ԹՍԱ-ի քանակական և որակական պահանջներին, հոսում են դեպի Չքնաղ գետակ 0,8 և 1.1 լ դեբիտով: «Սագամար» ՓԲԸ հարկ եղած դեպքում կատարում է Չքնաղ գետի նմուշառում, վերջին անգամ կատարվել է անցած ամսվա սկզբին, համեմատվել՝ կայքում տեղադրված պետական մոնիթորինգի արդյունքների հետ, խախտումներ չեն արձանագրվել: Այս պահին մթնոլորտային արտանետումներ չեն իրականացվում, լցակույտերի տեղադրվածքը համապատասխանում է նախագծի պայմաններին, դրանից առաջացած ռիսկերը կառավարելի են»:

Արմանիսի հանքի չաշխատելու արդյունքում շուրջ Ստեփանավանի շուրջ 400 բնակիչ դարձել է գործազուրկ: Նրանք, ովքեր այսօր աշխատանք ունեն այլ ոլորտներում, դեմ են հանքի շահագործմանը, ովքեր աշխատել են ընկերությունում և այժմ գործազուրկ են, ցանկանում են, որ հանքը վերաշահագործարկվի: Կային նաև հարցվածներ, ովքեր նախկինում աշխատել են հանքում, բայց էլ չեն ուզում, որ հանքը շահագործվի:

Հանքարդյունաբերության հետևանքով Ստեփանավանի շրջակա միջավայրի աղտոտվածության մեղղման, ինչպես նաև «Սագամար» ՓԲԸ-ի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ ԷկոԼուրի հարցումներին ի պատասխան հարցման մասնակից ստեփանավանցիները տվել են ամենատարբեր առաջարկներ, մասնավորապես՝

· Բոլոր հողատեսքերը բերել ելային տեսքի, կատարել դրանց ռեկուլտիվացիա

· Համայնքի վարչական տարածքում իրականացնել ծառատունկ

· Տուժած քաղաքացիներին և համայնքին փոխհատուցել հասցված վնասները

· ՀՀ բոլոր հանքերը շահագործել սահմանված բոլոր նորմերին համապատասխան՝ բացառելով դրանց վնասակար ազդեցությունները շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա

· Հանքը վերադարձնել պետությանը

· Հանքարդյունահանման ոլորտի թափանցիկության նախաձեռնությամբ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել հանդիպումներ ազդակիր համայնքների բնակչության հետ, ներակայացնել բոլոր կողմերի հետաքրքությունները և փոխադարձ պատասխանատվություններն ու պարտավորությունները

· Մատչելի հաշվետվությունների և իրազեկող նյութերի միջոցով պարբերաբար ներկայացնել ընկերության գործունեությունը համայնքի բնակիչներին

· Պարբերաբար ծավալել քննարկումներ ընդերքօգտագործման պայմանագրային կետերի կատարողականի վերաբերյալ

· Ընդերքօգտագործման պայմանագրերը կնքել «ընկերություն-պետություն- համայնք» եռակողմ ձևաչափով

· Փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի հոդված 2191-ում՝ տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց վարչական տարածքներում հողի նպատակային նշանակության փոփոխության մասով վերապահել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության լիազորություններ։

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 



Օգոստոս 17, 2020 at 11:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր