Քաղաքացիական հասարակության՝ Հայաստանի բնապահպանական ոլորտի վերաբերյալ առաջարկները՝ ուղղված Եվրամիությանը

Քաղաքացիական հասարակության՝ Հայաստանի բնապահպանական ոլորտի վերաբերյալ առաջարկները՝ ուղղված Եվրամիությանը

Եվրամիության (ԵՄ) պատվիրակությունը նախաձեռնել է քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` Հայաստանի մասով ԵՄ-ի 2022-2027թթ. ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ: Փետրվարի 23-ին տեղի ունեցավ առցանց քննարկում քաղաքացիական հասարակության հետ: Բնապահպանական խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները ներկայացրեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 3-րդ աշխատանքային խմբի համակարգող, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը՝ հիմնվելով 3-րդ աշխատանքային խմբի քննարկման արդյունքների վրա: Այդ քննարկմանը մասնակցել են «Խազեր» էկոլոգամշակութային, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի, Երևանի Օրհուս կենտրոնի, «Դալմա-Սոնա» կրթա-մշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի ՀԿ-ի, «Կանաչ Հայաստան» բնապահպանական և կրթական ՀԿ-ի, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները:

Մարի Չաքրյանը նշեց, որ մեր բնապահպանական հանրության համար երկարաժամկետ նպատակ է դիմակայուն և էլոկոգիապես անվտանգ միջավայր ունենալը: Ավելի միջնաժամկետ ձգտումներն են էկոհամարգային մոտեցման ներդրումը, շրջակա միջավայրի լավ կառավարումը, բնապահպանական ժողովրդավարությունը և էկոկրթությունը: Որպես կարճաժամկետ գործողություններ, որոնք կարող են սկսվել այսօր, նշվեց էկոհամակարգային մոտեցման, բնական էկոհամակարգերի վերականգնման և այս բնագավառում կառավարչական գործիքների կիրառման Եվրամիության փորձի ներդրումը, էկոհամակարգային մոտեցման կամ էկոհամակարգային ծառայությունների գործիքակազմի կիրառման և բնական էկոհամակարգերի վերականգնմանն ու պահպանությանը նպատակաուղղված հայեցակարգի և համապատասխան գործողությունների ծրագրի մշակումը:

Ըստ Մարի Չաքրյանի՝ մարտահրավերների լուծման ճանապարհին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բնահեն լուծումներին՝ հատկապես քաղաքային միջավայրերում և համայնքային կառավարման գործում:

«Բնահեն լուծումներն առավել արդյունավետ են և ապահվում են կայուն զարգացում և մարդու գոյության համար բարենպաստ շրջակա միջավայր: Այս տեսանկյունից կարևորվում է ռեսուրսների ճիշտ կառավարումը: Մեր կողմից առանձնացրել ենք դեգրադացված հողերի վերականգնումը, ջրերի հնարավորինս արդյունավետ օգտագործումն ու անտառային տարածքների ընդլայնումը, կենսաբազմազանության պահպանումը և վայրի կենդանիների համար կանաչ ուղիների ապահովումը, որպեսզի չխոչընդոտենք էկոհամակարգերի բնական զարգացմանը: Սա այն ոլորտն է, որտեղ կարելի է համագործակցության միջոցով հասնել խաղաղության»,- նշեց նա: 

Անդրադառնալով  միջազգային կոնվենցիաների շրջանակներում ՀՀ ստանձնած բնապահպանական պարտավորություններին՝ Մարի Չաքրյանն ասաց. «Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ միացել է «Շրջակա միջավայրի վրա ռազմական կամ ցանկացած այլ թշնամական ներգործության միջոցների օգտագործումն արգելելու մասին» կոնվենցիային՝ ստանձնելով միակողմանի պարտավորություններ: Մեր հարևան երկրներից և ոչ ոք չի ստանձնել պարտավորություններ, չի միացել այս կոնվենցիային, իսկ կոնվենցիան զսպող որևէ գործիք չի նախատեսում այլ երկրների համար, որոնք չեն մասնակցում տվյալ միջազգային բազմակողմանի պայմանագրին: 

Այդ նպատակով առաջարկվում է Ժնևի կոնվենցիայում ուղղում մտցնելու առաջարկություն ուղղել ԵՄ ու ԱլԳ այն երկրներին, որոնք մասնակից են այդ կոնվենցիային և հորդորել կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխան օժանդակել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ու միասնաբար գործընթաց ձեռնարկել կոնվենցիայում ուղղում մտցնելու ուղղությամբ: Նկատի ունենալով քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությանը ՀՀ արտաքին գործերի նախարարության պատրաստակամությունը և պայմանավորվածությունը՝ առաջարկում ենք համատեղ աշխատանքներով վերլուծության ենթարկել շրջակա միջավայրին առնչվող միջազգային կոնվենցիաները, ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հարթակում վերլուծել տարածաշրջանի այլ երկրների մասնակցությունը և համագործակցության հեռանկարներն ու շրջանակները բոլոր բնապահպանական կոնվենցիաներում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին», «Օդի անդրսահմանային աղտոտման», «Ջրերի անդրսահմանային օգտագործման և պահպանման» միջազգային կոնվեցնիաներին: Ցանկալի է առավել խորը ուսումնասիրել այս կոնվենցիաները և դրանց անդամ-պետությունների իրավունքները ու պարտականությունները, մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են հնարավորություն տալ նաև ներազդելու: 

Եվրամիության «Կանաչ ուղու» (Green Deal) գործընթացի ուսումնասիրումը կարևոր է նաև տնտեսական ոլորտի դիմակայունության առումով: Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչ մեխանիզմներով են ընտրվել այն թվային ցուցանիշները, որոնց ԵՄ-ն ձգտում է հասնել 2-3 տասնամյակում: Պետք է փորձել տեղայնացնել Հայաստանի կարիքները, «Կանաչ ուղու» մեխանիզմը և կլիմայական ու բնապահպանական մարտահրավերները դիտարկել նաև հնարավորությունների տեսանկյունից՝ սակայն պարտադիր կերպով հիմքում դնելով արդարության սկզբունքը: Այսինքն՝ տվյալ պարտականությունների իրականացման արդյունքում չոտնահարվեն ինչ-որ մեկի իրավունքները»:

Բանախոսը կարևորեց նաև կանաչ գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրումը. «Պետք է խթանել Կանաչ գյուղատնտեսության սկզբունքների ներդրումն ու զարգացումը և նոր՝ առավել արդյունավետ ագրոտեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է գյուղատնտեսական պոտենցիալի առավել արդյունավետ կառավարումը, շրջանառու տնտեսության վարումը, որպեսզի անթափոն արտադրություն լինի, և պարենային հարցերը հնարավոր լինի լուծել քիչ ռեսուրսների պարագայում»,- ասաց նա:

Անդրադառնալով  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացին՝ նա նշեց, որ այն շարունակում է մարտահրավեր մնալ մեր երկրում, մինչդեռ այս գործընթացը խիստ կարևոր է մարդու իրավունքների պահպանության առումով: «Պետք է աջակցել ինչպես այս գործընթացի բարելավմանը, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակությանը, որպեսզի պահանջատեր լինի իր առողջությանը, իր շրջակա միջավայրին, իր տնտեսական իրավունքներին վերաբերող հարցերում, և հատկապես ազդակիր համայնքների ձայնը լսելի դարձնել: Փոխհատուցել այն վնասները, որոնք հանքարդյունաբերության կամ մեկ այլ տնտեսական ոլորտի գործունեության արդյունքում կարող են այս համայնքներում բնակվող մարդիկ կրել: Այս տեսանկյունից կարևոր է հանքարդյունաբերության ազդեցության հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական, առողջապահական, բնապահպանական  և տնտեսական իրավունքների պաշտպանությունը: Կարևոր է նաև հանրային իրազեկումը, իրազեկման արշավները, ուսումնավարժանքները: Մյուս կողմից՝ որպեսզի հանրությունը իրազեկված լինի, պետք է բարելավվի մոնիթորինգի գործընթացը, գիտահեն տվյալների հավաքագրման և դրանց հիման վրա վերլուծված ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը հանրությանը, որպեսզի մենք հասնենք բնապահպանական ժողովրդավարության»:

Փետրվար 26, 2021 at 13:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր