Հանքարդյունաբերական 7 ընկերություն բողոքարկել է ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանները ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման վրաբերյալ

Հանքարդյունաբերական 7 ընկերություն բողոքարկել է ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանները ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման վրաբերյալ

Հանքարդյունաբերական 7 ընկերություն բողոքարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի հրամանները ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման վրաբերյալ: Այդ ընկերություններն են՝ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն, «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն, «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն, «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն: Այս մասին տեղեկանում ենք 2021թ-ի հունվարին հրապարակված ՏԿԵ նախարարության «Մետաղական օգտակար  հանածոների արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվություն» փաստաթղթից:

«Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ին էր պատկանում ՀՀ Կոտայքի մարզի Մեղարձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը: Հանքը պետք է շահագործեր մինչև 2035թ-ը: Սակայն շահագործում չի իրականացվել: ՀՀ ՏԿԵ նախարարի 07.08.2020 թվականի թիվ 1074-Ա հրամանով դադարեցվել է «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի ՇԱԹՎ29/169 12.06.2012թ. ընդերքօգտագործման իրավունքը: Հրամանի հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Ընկերությունը մինչև 2020թ-ի հուլիս ամիսը համայնքի հետ չի կնքել հողօգտագործման պայմանագիր, որպես օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձ, արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան չի իրականացրել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ և չի ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը։

«Ֆորչուն Ռիզորսիս» ՍՊԸ-ին էր պատկանում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքի ընդերքօգտագործման իրավունքը: Հանքը պետք է շահագործեր մինչև 2032թ-ը: Հանքը չի շահագործվել հանրային մեծ բողոքի, հանքի շահագործումը թույլատրող փաստթղթերի ժամկետանց լինելու և ընկերության կողմից հանքի պաշարների հետախուզման արդյունքում:

«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ին էր պատկանում ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Հանքը պետք է շահագործվեր մինչև 2021թ-ը: Հանքը չի շահագործվել: Ընկերությունը հանքը չշահագործելը պատճառաբանել է 2013-2018թթ. պղնձի և մոլիբդենի ցածր գնով հանքի շահագործման տնտեսապես անշահավետությամբ: Ապա հանքը չշահագործելը Ընկերությունը պատճառաբանել է Սիսիանի համայնքապետարանի կողմից հողօգտագործման իրավունք չտրամադրելով: 2020թ-ի ապրիլի 14-ի N 37-Ա որոշմամբ Սիսիանի ավագանին որոշել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դաստակերտ բնակավայրի սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ին շահագործական հետախուզում կատարելու համար 1 տարի 8 ամիս ժամկետով տրամադրել 51.0136 հա հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք: Սակայն Ընկերությունը, ըստ Սիսիանի փոխհամայնքապետի ԷկոԼուրին տված հարցազրույցի, համայնքապետարանի հետ պայմանագիր չի կնքել և Սիսիանի ավագանին պետք է անվավեր ճանաչի իր իսկ ընդունած որոշումը:

28.07.2020թ. ՀՀ ՏԿԵ նախարարի 1008-Ա հրամանով «Մոլիբդենի աշխարհ»-ի ընդերքօգտաքգործման իրավունքը դադարեցվել է հիմնավորմամբ, որ հողօգտագործման պայմանագիր կնքելուն ուղղված անհրաժեշտ և բավարար գործողություններ Ընկերության կողմից ողջամիտ ժամկետում չեն ձեռնարկվել, ինչպես նաև շուկայում օգտակար հանածոների գների տատանումները և դրա արդյունքում ընդերքօգտագործման տնտեսապես անարդյունավետ դառնալու հանգամանքը չեն կարող հանդիսանալ Ընկերության՝ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների կատարմանը խոչընդոտող Ընդերքի օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով և Պայմանագրի 8-րդ կետով սահմանված անհաղթահարելի ուժ:

«Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն ուներ ՀՀ Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի- բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Հանքը պետք է շահագործեր մինչև 2026թ-ը: Շահագործում չի եղել: Ընկերությունը հանքը չշահագործելը հիմնավորել է նրանով, որ 2013թ-ին Զառիթափի համայնքապետից տեղեկացել է, որ լեռնահատկացման ակտում ներառված 76,6 հա հողատարածքը 25 տարի ժամկետով տրված է վարձակալություն: Ընկերությունը միայն 2020 թվականին ենթավարձակալության պայմանագիր է կնքել այդ հողատարածքի վարձակալներից մեկի՝ «Աբռուպտուս» ՍՊԸ-ի հետ, որի վարձակալության ներքո է 25 հա հողատարածք գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

ՀՀ ՏԿԵ նախարարության համաձայն՝ հողամասը հանքավայրի տեղամասի վրա գտնվող տարածք է, որի հետ կապված իրավահարաբերությունների  սուբյեկտ լիազոր մարմինը չի հանդիսանում և ընդերքօգտագործման պայմանագրով և օրենքով սահմանված ընդերքօգտագործողին օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու հետ կապված պարտավորություն չունի:     

Վարչական վարույթի շրջանակներում ՏԿԵ նախարարությունը հաստատված է համարել այն փաստը, որ ընկերությունը օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների  կատարմանն ուղղված որևէ գործողություն չի ձեռնարկել: Հողօգտագործման պայմանագրի կնքման խնդիրների հետ կապված Ընկերությաան փաստարկները չեն կարող համարվել անհաղթահարելի ուժ: Նախարարությունը «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցրել է Ընդերքի օրենսգրքի և ընդերքօգտագործման պայմանագրի կետերի չկատարման հիմքով:

«Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին էր պատկանում ՀՀ Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի (կենտրոնական տեղամաս և թևեր) ընդերքօգտագործման իրավունքը: Հանքը պետք է շահագործվեր մինչև 2033թ-ը, սակայն չի շահագործվել:

ՀՀ ՏԿԵ նախարարի 2019թ. դեկտեմբերի 13-ի 692-Ա հրամանով դադարեցվել է «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը պետական տուրքի ապառքի պատճառով, որը 01.04.2019թ-ի դրությամբ կազմել է 52 447 250 դրամ: Ընկերությունը հրամանը բողոքարկել է: Այնուհետև, ՀՀ ՏԿԵ նախարարի 29.07.2020թ. թիվ 1078-Ա հրամանով «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է այս անգամ ընդերքօգտագործման թիվ ՊՎ-398 պայմանագրի 3.4 կետի 3.4.1, 3.4.4 ենթակետերով նախատեսված պայմանների խախտումները 90-օրյա ժամկետում չվերացնելու համար: Ըստ ընդերքօգտագործման պայմանագրի՝ Ընկերությունը պարտավոր էր օգտակար հանածոյի արդյունահանումն սկսել նախատեսված պոչամբարի, վերամշակման ֆաբրիկայի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո: Նշված աշխատանքների կատարման ժամկետը չպետք է գերազանցեր երեք տարին: Սակայն այդ աշխատանքները չեն իրականացվել: Վարչական վարույթի շրջանակներում Ընկերությունը պոչամբարն ու գործարանը չկառուցելը հիմնավորել է հանքավայրի պաշարների հաստատված չլինելու հանգամանքով: Ընկերությունը նաև նշել է, որ ՀՀ սնանկության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել և օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել՝ ապահովելու պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: ՏԿԵ նախարարություն «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու որոշումը հիմնավորել է հետևյալով. «Ընկերությունը օրենքով սահմանված ժամկետում չի վերացրել զգուշացման հիմքերը և չի տեղեկացրել լիազոր մարմնին դրանք վերացնելու անհնարինության մասին՝ ներկայացնելով 90 օրվա ընթացքում զգուշացման հիմքերը վերացնելու անհնարինության փաստը հավաստող փաստաթղթեր: Այսպիսով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա գնահատելով գործով առկա բոլոր ապացույցները, հաստատված է համարվում Ընկերության կողմից խախտում կատարելու փաստը և Ընդերքի օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը ենթակա է դադարեցման»:

«Մեգո Գոլդ» ՍՊԸ-ին էր պատկանում ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը: Հանքը պետք է շահագործվեր մինչև 2040թ-ը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.12.2016թ. օրինական ուժի մեջ մտած վճռով «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ՝ ի բավարարումն Պետական եկամուտների կոմիտեի հայցի: Ընկերությունը բողոքարկել է այդ վճիռը: 2017թ-ի հուլիսի 4-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է Ընկերության բողոքը և բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.12.2016 թվականի թիվ ԵԿԴ/0339/04/16 վճիռը: Այս տարիներին ընթացել են տարբեր բնույթի՝ դատավճիռների բողոքարկման, պարտատերերի ցուցակի հաստատման/ճշգրտման, վերաքննիչ  դատական գործընթացներ, և Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավորը, վերանայելով «Մեգո-Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործի բոլոր նյութերը, իր 19.12.2019թ. որոշմամբ սնանկ ճանաչված «Մեգո Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ սկսել է լուծարման վարույթ: Այդ որոշմամբ հանձնարարվել է սնանկության կառավարիչին  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով արգելանք դնել «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի՝ սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա և կասեցնել «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը:

ՀՀ ՏԿԵ նախարարի 13.12.2019թ. թիվ 693-Ա հրամանով դադարեցվել է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքի կենտրոնական տեղամասի 28.12.2012թ. ՇԱԹՎ-29/184 ընդերքօգտագործման իրավունքը, լեռնահատկացման ակտը և լուծվել է ընդերքօգտագործման 28.12.2012թ. ՊՎ-184 պայմանագիրը։

«Վայք Գոլդ» ՍՊԸ-ն ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման ՇԱԹ-29/371 թույլտվությունն ստացել էր 2012 թվականին, համաձայն որի հանքավայրի շահագործման ժամկետ էր սահմանված մինչև 23.11.2037թ.։

 ՀՀ ՏԿԵ նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 441-Ա հրամանով, ինչպես նաև «2019թ-ի դեկտեմբերի 19-ի թիվ 711-Ա հրամանով «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից։ 

2020թ.  փետրվարի 17-ին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ նախարարության՝ պահանջելով նախարարությունից անվավեր ճանաչել հրամանը։ Հայցադիմումը 2020թ. փետրվարի 21-ին ընդունվել է վարույթ։ Գործն անավարտ է։ Հաջորդ դատական նիստը նշանակված է 2021թ. մայիսի 6-ին։

Բացի դրանից՝ 2018 թ-ի նոյեմբերից ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքների հիման  վրա  հարուցվել էր քրեական գործ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի նկատմամբ։ Համաձայն տեսչական մարմնի ստուգումների՝ Ընկերության կողմից առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ 2017թ. դեկտեմբեր ամսին նշված հանքավայրում իրականացվել է 1.330 տոննա հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմում է շուրջ 218 մլն դրամի` 11,31 կգ ոսկի, շուրջ 19 մլն դրամի` 84,5 կգ արծաթ և շուրջ 15 մլն դրամի` 5,25 տոննա պղինձ: Արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում` էական վնաս պատճառելով ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով 2018 թ-ի նոյեմբերին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտին։

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Մարտ 12, 2021 at 15:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր