«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն հավակնում է մետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տեղամասում

«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն հավակնում է մետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տեղամասում

«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն հավակնում է որոնողական աշխատանքներ անցկացնել Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում: Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացել երկրաբանական ուսումնասիրության հայտ, որի 2-րդ հանրային քննարկումը նշանակված է սույն թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի մշակույթի տանը:

Հայցվող տեղամասը գտնվում է Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում և զբաղեցնում է շուրջ 94 կմ2 կամ 9399.3 հեկտար: Վարդենիսի հանքերևակման տեղամասերը տարածվում են Վարդենիս և Քաչալսար լեռների փեշերին: Հանքերևակումը գտնվում է Վարդահովիտ գյուղից 8.5 կմ հյուսիս-արևելք, Եղեգնաձոր քաղաքից 40 կմ դեպի հյուսիս, 2430-3250 մ բացարձակ բարձրության վրա:

«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն մտադիր է որոնողական աշխատանքներ անցկացնել 2022-2025 թթ-ին, տալ պաշարների որակական և քանակական գնահատական, ինչպես նաև օգտակար հանածոյի լոկալ տեղամասերից առանձնացնել հեռանկարային տեղամասերը՝ հետագայում առավել մանրակրկիտ հետախուզման համար:

Հանքերևակման առաջնային օգտակար հանածոներն են ոսկին, արծաթը, պղինձը, ցինկը, կապարը, մոլիբդենը: Հորատանցքերի միջին խորությունը նախատեսված է 250մ, հորատանցքերի քանակը՝ 10-20:

Ըստ հայտի՝ կիրականացվեն նաև հիդրոերկրաբանական հետազոտություններ, որոնց նպատակն է պարզել հանքային հորիզոնները ջրարբի դարձնող հիմնական ջրատար հորիզոնները, ուսումնասիրել ջրի որակը, կատարել ռեժիմային դիտարկումներ:

Տարածքի հիմնական գետը Արփայի վտակ Եղեգիսն է: Հանքերևակման տարածքով հոսում է Սողանլու գետն իր վտակներով: Հանքերևակումը տեղակայված է Վարդենիս-Ջերմուկ անտիկլինալի կենտրոնական մասում: Ըստ հայտի՝ բնապահպանական նորմերի գերազանցումներ և խախտումներ չեն սպասվում:

Միաժամանակ հայտում նշված է, որ հայցվող տարածքի ցածրադիր հատվածներում հնարավոր է՝ հանդիպեն ՀՀ Բույսերի կարմիր գրքում գրանցված 7 տեսակ` Botrychium lunaria, Beta macrorhiza Stev, Smyrniopsis armena Schischk, Allium woronowii Miscz. ex Grossh, Gladiolus hajastanicus Gabrielian, Eryngium wanaturi Woronow, Centaurea phaeopapoides Bordz: Նաև նշված է, որ հայցվող տարածքը կենսամիջավայր է հանդիսանում տարածքը միայն սնունդ հայթայթելու համար օգտագործող թռչունների և որոշ բնադրվող թռչունների համար, որոնցից 6-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում՝ Սպիտակագլուխ անգղ, Օձակեր արծիվ, Տափաստանային արծիվ, Գաճաճ արծիվ, Քարարծիվ, Բվեճ:

Ըստ հայտի՝ հանքերևակման տարածքն անմիջական սահմաններ բնության հատուկ պահպանվող տարածքների հետ չունի: Տեղամասից 3.5-4.0 կմ հեռավորության վրա գտնվում է «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը, 7.5-8.0 կմ հեռավորության վրա՝ «Հերհերի նոսրանտառային» և «Եղեգիս» պետական արգելավայրերը: Հանքերևակման տարածքի եզրից մինչև «Սևան ազգային պարկի» մոտակա հատվածն ավելի քան 10 կմ է:

Տարածաշրջանում գրանցված է բնության երկու հուշարձան՝ Գետիկվանքի բրածո ֆլորա՝ Գետիկվանք գյուղից 3 կմ հեռավորության վրա, Գետիկվանք ջրվեժ՝ Վարդահովիտ գյուղից 0.5 կմ հեռավորության վրա: Ըստ նախագծողների՝ աշխատանքներն արգելավայրերի վրա ազդեցություն չեն ունենա:

Նշված է, որ Գետիկվանք բրածո ֆլորա բնության հուշարձանի շրջակայքով կառանցձնացվի պահպանման գոտի՝ 500 մետր սահմանով, սակայն այդ սահմանը կքննարկվի Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների հետ և հնարավոր է՝ մեծացվի:

Հայցվող տարածքի մի հատված սահմանակից է «էմերալդ» ցանցի թեկնածու տարածքի հետ, սակայն, ըստ հայտի, անմիջական սահմաններ չունի: Նշվում է, որ այն տարածքներում, որտեղ առկա է անտառային ծածկույթ, գործունեություն չի իրականացվի, անտառ չի հատվի:

«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն, ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, գրանցվել է 2021 թ-ին: Սեփականատերերն են ՀՀ քաղաքացի Լիլիթ Արամյանը՝ 15 տոկոս բաժնեմասով և Ավստրալիայի քաղաքացի Մուր Դեննիս Ջեյը՝ 85 տոկոս բաժնեմասով:

Հիշեցնենք, որ Վարդենիսի հանքերևակման տարբեր տեղամասերում 2012 թ-ից սկսած որոնողահետախուզական աշխատանքներ է տարել «Գեոմայնինգ» ՍՊԸ-ն, որի հիմնական բաժնետերը «Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերությունն է, Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նախկին շահագործողը: Ընկերությունն առանձնացրել էր երեք հեռանկարային տեղամաս՝ Արծիվ, Արջուկ, Հազբի: 2019 թ-ին «Գեոմայնինգ»-ը ցանկանում էր շարունակել բազմամետաղների որոնումը հանքերևակման մոտ 195 կմ2 կամ 19.483.56 հեկտար տեղամասում, որը գտնվում էր Վայոց ձորի մարզի Եղեգիս, Մալիշկա և Գեղարքունիքի մարզի Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների վարչական տարածքներում: Սակայն  Ծովինար համայնքում նախաձեռնած հանրային քննարկման ժամանակ տեղացիները թույլ չտվեցին անցկացնել լսումներ և մերժեցին հայտը: 

Սեպտեմբեր 15, 2022 at 15:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր