![Չարենցավանում քննարկվեց «Ալափմետ» ՓԲԸ-ի ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման նախագիծը](/files/news/2023/08/081037135370.jpg)
![Չարենցավանում քննարկվեց «Ալափմետ» ՓԲԸ-ի ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման նախագիծը](/files/news/2023/08/081037135370.jpg)
Օգոստոսի 8-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի ունեցան «Ալափմետ» ՓԲԸ-ի ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության 4-րդ հանրային լսումները։
Լսումներին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արմինե Վարդանյանը, «Ալափմետ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մելիքյանը, ընկերության հաշվետվության շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատող նախագծող փորձագետ Արայիկ Ծատուրյանը, «Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը, «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Չարենցավանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ։
«Ալափմետ» ՓԲԸ-ն նախատեսվում է ընդլայնել մոլիբդենի խտանյութից մոլիբդենի օքսիդի ստացման արտադրությունը՝ ներկայիս 2400.0 տոննա/տարեկան հզորությունը հասցնելով մինչև 4800.0 տոննա/տարեկան արտադրողականության։ Պահանջվող քանակի հումքը ձեռք է բերվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից՝ գործող համապատասխան պայմանագրի հիման վրա: Ֆերոհամաձուլվածքների ստացման արտադրությունը բոլոր երեք մետաղների՝ ֆերոմոլիբդենի, ֆերովոլֆրամի, ֆերովանադիումի համար լրացուցիչ փոփոխության չի ենթարկվելու։
Նշենք, որ մոլիբդենի խտանյութը պարունակում է մոլիբդենի սուլֆիդ՝ MoS2- 87-90 %, սիլիցիումի օքսիդ՝ SiO2 - 4-11 %, ալյումինիումի օքսիդ՝ Al2O3 – 1%, երկաթ՝ Fe- 2.5-2.8 %, կալիումի օքսիդ՝ K2O, նատրիումի օքսիդ՝ Na2O, կալցիքումի օքսիդ՝ CaO 2-2.5%, պղինձ՝ Cu – 1%։ Մշակման ժամանակ օգտագործվում է ծծմբական թթու՝ H2SO4, կերակրի աղ՝ NaCI և սոդա՝ NaCO3, պղնձի կարբոնատի ստացման համար։ Տեխնոլոգիական գործընթացում մթնոլորտ են արտանետվում անօրգանական փոշի, ծծմբի երկօքսիդ, ածխածնի մոնօքսիդ, ազոտի օքսիդներ, որոնք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և մարդու առողջության համար։
Գործարանը գտնվում է Չարենցավան քաղաքում, սակայն ազդակիր բնակավայրեր են նաև Ալափարսը, Ֆանտանը, Բջնին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արմինե Վարդանյանը նշեց, որ նախատեսվող գործունեությունը պատկանում է «Ա» կատեգորիայի։ Փորձագետի դիտողություններից մեկը վերաբերում էր արտանետումներին։ «Ըստ ընկերության պարզաբանման՝ արտանետումների հաշվարկի կարիք չկա, սակայն կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել արտանետումների հաշվարկ և ներկայացնել հաշվետվություն։ Ներկայացված է վնասակար արտանետումների հաշվարկի աղյուսակ, որտեղ ծծմբային երկօքսիդը ներկայացված է սխալ հաշվարկով։ Ըստ մեր փորձագետի՝ 142 տոննա/տարեկան է, իսկ հաշվետվության մեջ նշված է 111․58 տոննա/տարեկան», - ասաց Արմինե Վարդանյանը։
«Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը հարց ուղղեց ընկերության ներկայացուցիչներին․ «Քանի որ դուք արդեն մեկ տարի աշխատում եք՝ նշեք, արդյոք օգտագործվել է կիր և ինչ քանակի ծծմբի երկօքսիդ է արտանետվել։ Անցյալ տարի բնապահպանական տեսչությունը ստուգում է արել և պարզել, որ ոչ մի տեխնոլոգիական պարամետր ձեզ մոտ չի պահպանվում։ Եթե անցյալ տարի չի պահպանվել, ի՞նչ երաշխիք կա, որ ընդլայնման դեպքում կպահպանվի»։
Հարցին արձագանքեց «Ալափմետ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մելիքյանը․ «Մենք սկսել ենք աշխատացնել գործարանը 2022 թվականից։ Մինչ դա ինչ են աշխատել, ոնց են աշխատել, երևացել է ակտում։ Այս գործարանը 7-8 տարի չի ստուգել ոչ մեկ։ Իրենք աշխատել են տարիներ։ Պարզ է, որ դա արել են առանց տեխնոլոգիայի պահպանման։ Հետևաբար, ակտ է կազմվել, որում արձանագրված են բոլոր խախտումները, և դրանք ամբողջությամբ իրականացվել են մինչև մեր շահագործումը։ Մինչև մեզ այդ ընկերությունն ունեցել է շլամ 540 տոննա/տարեկան, որը ուտիլիզացիա էլ չի արել։ Թափոնների տեղափոխման համար մենք դիմել ենք բոլոր աղբավայրերին, նաև Նուբարաշենի։ Եթե աղբավայրը պայմանագիր չի կնքում և փոխանցումով չի աշխատում, ապա ես կնքում եմ պայմանագիր այն աղբավայրի, կազմակերպության հետ, որը կկնքի պաշտոնական պայմանագիր և կանխիկ գումար չի պահանջի»։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը թվեց հաշվետվության բացթողումները։ «Փաստաթղթում թվարկված են օրենսդրական դրույթները, որոնք պետք է պահպանվեն, սակայն ինչ միջոցառումներով՝ նշված չէ։ Մեր առաջարկն է՝ լրացումներ կատարել և հստակ նշել միջոցառումները։ Դուք նշում եք, որ ռիսկերը չնչին են լինելու։ Սակայն «Ա» կատեգորիայի նախագիծը չի կարող լինել չնչին ռիսկերով։ Այդ կատեգորիան արդեն նախատեսում է, որ այդ նախագիծը լուրջ ռիսկեր է պարունակում, և պետք է լինի ռիսկերի գնահատում, ոչ թե ասեն՝ այդ ռիսկերը չկան։ Նախևառաջ, իհարկե, պետք է լինի ծծմբի օքսիդի արտանետումների հաշվարկ՝ նշելով տարածությունը, քամու ուղղությունը և այլն։ Պետք է լինեն ռիսկերի նվազեցման միջոցառումները, հստակ, ինչ եք անելու։ Պետք է գնահատվեն մարդու առողջության վրա ռիսկերը և նշվի՝ ինչպես եք նվազեցնում այդ ռիսկերը»։
Արմեն Մելիքյանն արձագանքեց․ «Այստեղ ամեն ինչը՝ ցիկլոններ, ֆիլտրներ պետք է դրվեն։ Եթե ոչ մի բան չմիացնեմ, ես գործարանում կխեղդվեմ։ Օրենքով լրիվ մենք համապատասխանում ենք։ Ծծմբի արտանետումները նորմատիվներից ցածր են, մենք վստահ ենք դրա վրա, որովհետև մեր տեխնոլոգիան ոչ մեկ չգիտի»։ Արմեն Մելիքյանը նշեց, որ ընկերությունը կիրառում է հատուկ տեխնոլոգիա և իրավունք ունի չբացահայտել այն։
Իր հերթին ընկերության փորձագետ Արայիկ Ծատուրյանը մեջբերեց հաշվետվության տվյալները․ «Չարենցավան քաղաքի տարածքում մթնոլորտն աղտոտող նյութերի միջին տարեկան ֆոնային կոնցենտրացիաների արժեքները վերցված են «ՀՀ տարածքում 2021թ. մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի մասին» Ամփոփագրից /9/: Միջին տարեկան ֆոնային կոնցենտրացիայի արժեքներն են՝- ծծմբի երկօքսիդ՝ 0.0204 մգ/մ3 (0,041 ՍԹԿ միավոր)։ Ես ինչ միջոցառում պետք է տամ, եթե ՍԹԿ-ի 0,041 է։ Մեր ներդրումն այդ արտանետումների մեջ կազմում է 0,041, մոնիթորինգի կենտրոնն է կատարել հաշվարկը։ Աղտոտվածության մակարդակն արտադրության գոտու եզրագծում կազմելու է 0,02÷0,5 ՍԹԿ միավոր։ Նման դեպքերում միջոցառում չի նախատեսվում, որովհետև դու սահմանում ես։ Զարկային արտանետումները հաշվի են առնված միայն արտանետման չափաքանակներում տարեկան կտրվածքով: Դրանց համար չի իրականացվում ցրման հաշվարկ, և դրանք չեն կարող ընդգրկվել տվյալ նյութի առավելագույն միանգամյա արտանետման չափաքանակում։ Զարկային արտանետման դասական օրինակը չունենք»։
Արմինե Վարդանյանն արձագանքեց, որ եթե ընկերությունը չունի զարկային արտանետման դասական օրինակ, դա չի նշանակում, որ չպետք է ներկայացնի զարկային արտանետման հաշվարկները։
Ինգա Զարաֆյանը նաև նշեց, որ տարածաշրջանում են արդյունահանվում «Բջնի» հանքային ջուրը, իսկ Ալափարս աղբյուրի քաղցրահամ ջուրը հայտնի է Հայաստանում և արտերկրում «Նոյ» աղբյուրի ջուր անունով։ Սակայն հաշվետվության մեջ անդրադարձ չկա այս ջրային ավազանների վրա գործարանի ազդեցության մասին, ինչը պարտադիր է և համապատասխանում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։
ԷկոԼուրը պատրաստվում է իր դիտողություններն ու առաջարկները «Ալափմետ» ՓԲԸ-ի ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ ներկայացնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ։
Օգոստոս 10, 2023 at 13:35