ԷկոԼուրի կարծիքը «Ալափմետ» ՓԲԸ-ի ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման՝ ՇՄԱԳ հաշվետվության նախագծի վերաբերյալ

ԷկոԼուրի կարծիքը «Ալափմետ» ՓԲԸ-ի ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման՝ ՇՄԱԳ հաշվետվության նախագծի վերաբերյալ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել կարծիք, դիտողություններ ու առաջարկներ Չարենցավան քաղաքում «Ալափմետ» ՓԲԸ-ի ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության նախագծի վերաբերյալ: 

Նամակում նշված է.

«Սույն թվականի  օգոստոսի 8-ին  «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն մասնակցել է  ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի ունեցած  «Ալափմետ» ՓԲԸ-ի ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության նախագծի 4-րդ հանրային լսումներին։ Ներկայացնում ենք «ԷկոԼուրի» դիտողություններն ու առաջարկները գործարանի ընդլայնման ՇՄԱԳ հաշվետվության նախագծի վերաբերյալ։

Փաստաթղթում թվարկված են օրենսդրական դրույթներ, որոնք պետք է պահպանվեն, սակայն ինչ միջոցառումներով՝ նշված չէ։ Առաջարկում ենք հստակ նշել միջոցառումները։

Հաշվետվության մեջ ներկայացված չեն գործարանի հզորության նախատեսվող ավելացման պարագայում տարածքի մակերևութային և ստորերկրյա ջրերի վրա հնարավոր ազդեցությունը, ռիսկերը և դրանց նվազեցմանն ուղղված գործողությունները։ Հաշվի չեն առնվել «Բջնի» հանքային ջրի հանքավայրի և Ալափարսի քաղցրահամ ջրերի որակական և քանակական  փոփոխությունների ռիսկերը։

Հաշվետվության մեջ նշված չեն տեխնոլոգիական գործընթացում առաջացող 10-12%-անոց «ապրանքային» ծծմբական թթվի ժամանակավոր պահպանման կամ առաքման պայմանները, ծծմբի օքսիդի արտանետումների հաշվարկը՝ նշելով տարածությունը, քամու ուղղությունը և այլն։ Անհրաժեշտ  ենք համարում նշել, որ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում առաջացող  նույն կարգի ծծմբական թթվի ստացման և իրացման խնդիրը տարիներ շարունակ չի լուծվել, քանի որ այն երբեք չի ունեցել ապրանքային արժեք և գնորդ չի գտնվել։

Հաշվետվության մեջ բացակայում են տեխնոլոգիական գործընթացում առաջացող գիպսի և պղնձարջասպի պահպանման, չեզոքացման կամ սպառման վերաբերյալ տվյալները, ինչը  չի բավարարում ՇՄԱԳ օրենքի պահանջներին։ Ըստ հաշվետվության՝ այդ միացությունները որպես թափոն տեղափոխվելու են Չարենցավանի քաղաքային աղբավայր, մինչդեռ լսումների ժամանակ նշվեց, որ այդ թափոնների համար համապատասխան աղբավայր դիտարկվել է նաև Երևանի Նուբարաշենի աղբավայրը, սակայն պայմանագիր չի կնքվել, քանի որ աղբավայրը շահագործողը հրաժարվել է անկանխիկ վճարումից։

Հաշվետվության մեջ որպես Չարենցավան քաղաքի տարածքում մթնոլորտն աղտոտող նյութերի միջին տարեկան ֆոնային կոնցենտրացիա օգտագործվել են Շրջակա միջավայրի նախարարության «ՀՀ տարածքում 2021թ. մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի մասին» ամփոփագրի տվյալները, այսինքն, այն թվականի տվյալները, երբ քաղաքում գործարանը չի շահագործվել։ 

Առաջարկներ

1․Հաշվետվության մեջ արտացոլել ՀՀ ՇՄԱԳ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը՝ տարածքի  մակերևութային և ստորերկրյա ջրերը, դրանց որակի դասը, հոսքի ռեժիմը, որակական և քանակական ցուցանիշները, աղտոտվածության մակարդակը, ջրային համակարգը կամ դրա առանձին մասերը։

2․ Հաշվետվության մեջ հստակեցնել տարվա ընթացքում տեխնոլոգիական գործընթացում առաջացող ծծմբական թթվի, գիպսի, պղնձարջասպի քանակությունները, դրանց պահպանման պայմանների և հնարավոր սպառումների քանակությունների վերաբերյալ տալ հստակ  պարզաբանումներ։

3․ Հաշվետվության մեջ ներկայացնել գործարանում հնարավոր զարկային արտանետումների ռիսկերը, կատարել զարկային արտանետումների հաշվարկները և այդ ռիսկերի մեղմացմանն ուղղված միջոցառումները։

4․ Կատարել մթնոլորտային օդի աղտոտվածության վերահաշվարկ՝ այդ թվում ծծմբի օքսիդի արտանետումների հաշվարկ՝ նշելով տարածությունը, քամու ուղղությունը։ Նախատեսել ռիսկերի նվազեցման միջոցառումներ։ Որպես Չարենցավան քաղաքի տարածքում մթնոլորտն աղտոտող նյութերի միջին տարեկան ֆոնային կոնցենտրացիա օգտագործել այն թվականի տվյալները, երբ գործարանը շահագործվել  է։

5․ Գնահատել մարդու առողջության համար ռիսկերը և նշել դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումներ»։

Օգոստոս 15, 2023 at 12:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր