Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Այրիգետի հանքային դաշտում ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հայտը

Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Այրիգետի հանքային դաշտում ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հայտը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2023թ. հուլիսի 26-ին բացասական եզրակացություն է տվել «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Սիսիանի հանքային շրջանի Այրիգետի հանքային դաշտի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին:

Այրիգետի հանքային դաշտը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան խոշորացված համայնքի Նժդեհ և Բնունիս բնակավայրերի վարչական տարածքներում, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորման, Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջին՝ Դաստակերտ ավանից 3-8 կմ դեպի արևմուտք, հարավ-արևմուտք և հարավ: Ոսումնասիրվելիք տարածքը պետք է զբաղեցներ մոտ 1495.7 հեկտար մակերես: Մոտակա բնակավայրերն են՝ Դաստակերտ ավանը (2 կմ և ավելի հեռավորության վրա), Նժդեհ և Ցղունի գյուղերը:

Ըստ նախարարության կողմից տրված բացասական եզրակացության՝ հայցվող տարածքի արևմտյան տեղամասը համադրվում է «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքի հետ, որի կանոնադրության (ՀՀ կառավարության 19.12.2013 թ-ի թվականի N 1465-Ն Որոշում) 5-րդ կետի՝ պահպանության ռեժիմի համաձայն արգելավայրի տարածքում արգելվում են՝ «8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը»։ 

«Ներկայացված հայտում նշված է, որ «Ուսումնասիրվող տարածքի սահմաններում ՀՀ Կարմիր գրքում գրանցված և էնդեմիկ տեսակներ չեն հայտնաբերվել», սակայն հայցվող տեղամասի հարակից տարածքներից հայտնի են ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված ավելի քան 8 բույսերի տեսակներ: 

Նախնական գնահատման հայտում նշված է «Հետազոտվող տարածքի համար գրական աղբյուրներում նշվում են կաթնասունների 16 տեսակներ: Կարմիր գրքում գրանցված տեսակներ չեն դիտարկվել»: Մինչդեռ ըստ ՀՀ կենդանիների Կարմիր գրքի՝ հայկական մուֆլոնի արեալը ներառում է Բարգուշատի և Զանգեզուրի (Սյունիքի մարզի Դաստակերտ գյուղից դեպի հարավ) լեռնաշղթաները: 

Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքի 18-րդ հոդվածի՝ արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի պահանջները։ Ընկերության կողմից հայցվող տարածքում ընդերքօգտագործման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացումը համարվում է ոչ նպատակահարմար»,- նշված է Շրջակա միջավայրի նախարարության բացասական եզրակացության մեջ։

Օգոստոս 23, 2023 at 18:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր