ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սույն թվականի օգոստոսի 16-ին դրական եզրակացություն է տվել «Լիճքվազ» ՓԲԸ-ի՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում լեռնահարստացման ֆաբրիկայի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը (ՇՄԱԳ):
Հիշեցնենք, որ դեռ 2017թ․ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն էր տվել Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը /փորձաքննական 29.06.2017թ. ԲՓ 60 եզրակացություն/` հստակ պահանջելով տվյալ տարածքում բացառել հանքաքարի վերամշակման (ֆաբրիկա, պոչամբար և այլն) և կուտակման աշխատանքների իրականացումը՝ ելնելով տեղանքի յուրահատկությունից։
Տեղանքի յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրը հարակից է «Արևիք» ազգային պարկի «Բողաքարի» տեղամասին։ Ըստ ընկերության հայտի՝ հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման համար նախատեսվող տարածքը եզրագծի որոշ տեղերում սահմանակից է «Արևիք» ազգային պարկին։ Այս առումով բնության հատուկ պահպանվող տարածքի վերաբերյալ փորձաքննական եզրակացության մեջ միայն նշված է, որ ֆաբրիկայի կառուցման տարածքը ներառված չէ բնության հատուկ պահպանվող տարածքի սահմաններում։
Լիճքվազ-Թեյի հանքավայր
Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզում՝ Մեղրի գետի միջին հոսանքի աջ ափում, Վարդանիձոր գյուղից 4 կմ դեպի հյուսիս-ար7մուտք, իսկ Մեղրի երկաթգծի կայարանից՝ 20 կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրերն են Եղնիկասարը, Վարդանիձորը, Լեհվազը, Թխկուտը, Լիճքն ու Այգեձորը։
Լիճքվազ-Թեյի հանքավայրում արդյունահանումն իրականացվում է ստորգետնյա եղանակով, ինքնագնաց մեքենաների կիրառմամբ: Ներկայում Լիճքվազ-Թեյի ստորգետնյա հանքից տարեկան արդյունահանված 150 հազար տոննա հանքաքարը վերամշակման համար տեղափոխվում է Կապանի հարստացման ֆաբրիկա, որի հեռավորությունը հանքից մոտ 70 կմ է:
Հարստացուցիչ ֆաբրիկա
Ըստ փաստաթղթի՝ ֆաբրիկան զբաղեցնելու է 1,2 հա տարածք, որտեղ նախատեսվում է տեղում իրականացնել հանքաքարի վերամշակում: Ֆաբրիկան բաղկացած կլինի խոշոր ջարդման, ջարդված հանքաքարի պահեստավորման, մանրացման, խտանյութի ջրազրկման, գրավիտացիոն կորզման, պոչերի ջրազրկման և բաշխման տեղամասերից: Դասակարգման արդյունքում առանձնացված պոչանքի առավել հարուստ մասը՝ ընդհանուր զանգվածի մինչև 30%-ը, նախատեսվում է պահեստավորել վերգետնյա պահեստում՝ հետագա հնարավոր վերամշակումը դյուրինացնելու նկատառումով։ Ջրազրկված պոչերի հիմնական մասը պոչերի կառավարման հարթակից տեղափոխվելու է հանքի ստորգետնյա դատարկություններ և օգտագործվելու դրանց լցափակման համար:
Արտադրական հրապարակը բաղկացած կլինի ֆաբրիկայի, հանքաքարի և պարզարանների հարթակներից: Լցակույտերի մակերեսը կազմում է 29.3 հեկտար: Ըստ փաստաթղթի՝ ֆաբրիկայի հզորությունը բավարար է տարեկան մինչև 400 հազար տոննա հանքաքարի վերամշակման համար:
Չոր պոչերի ռեկուլտիվացումն իրականացվելու է փուլային՝ յուրաքանչյուր խցի ծավալի սպառումից անմիջապես հետո կատարվելու է տարածքից հանված հողի փռում պոչերի մակերեսին 15 սմ շերտի հաստությամբ և կիրականացվի խոտաբույսերի ցանք: Կուտակված հողի բերրի շերտի քանակի անբավարար լինելու դեպքում կիրականացվի հիդրոցանք:
Փորձաքննական պահանջներ
Շրջակա միջավայրի նախարարությունը ֆաբրիկա կառուցելու նախագծին դրական եզրակացությունը տվել է մի շարք պահանջների կատարման պայմանով, որոնցից են՝
- Աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է ապահովել և պահպանել բնապահպանական կառավարման պլանում և մշտադիտարկման ծրագրում նախատեսված միջոցառումների իրականացումը։
- Անհրաժեշտ է ապահովել հաշվետվությունում ամրագրված ռեկուլտիվացիայի աշխատանքների իրականացումը։
- Ֆաբրիկայի աշխատանքային գործընթացում ներգրավել համայնքի և մոտակա համայնքների բնակիչներին, ինչպես նաև համայնքի ղեկավարության հետ քննարկել անհրաժեշտ օգնության ծրագրեր և համապատասխան ֆինանսական ներդրումներ կատարել համայնքային բյուջե:
- Պոչերի պահեստի պատնեշների վրա նստեցման և հորիզոնական շեղումների հսկման համար բերմաների վրա անհրաժեշտ է տեղադրել պիեզոչափեր և ռեպերներ:
Օգոստոս 24, 2023 at 15:31