Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչները շարունակում են պայքարել Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական աշխատանքների ծրագրի դեմ։ Տեղացիները պնդում են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի 2022 թվականի դեկտեմբերի 9-ին տրամադրած դրական եզրակացությունը չի համապատասխանում Հայաստանի օրենսդրության պահանջներին և կազմված է չկայացած հանրային լսումների սխալ արձանագրության հիման վրա։
Հանրային լսումները, որոնք նշանակված էին 2022 թվականի հոկտեմբերի 14-ին, բոյկոտվել և տապալվել էին, քանի որ համայնքը դեմ է եղել նախատեսվող գործունեությանը: Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը լսումները հայտարարել էր չկայացած:
Շուրջ 2 ամիս անց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական աշխատանքների հայտին տրված դրական եզրակացությունը, որում նշված է․ «Քննարկման մասնակիցները, անդրադառնալով ուսումնասիրության աշխատանքներին, դեմ են արտահայտվել հետագա՝ հնարավոր արդյունահանման աշխատանքներին»։
«Ցանկացած ուսումնասիրություն հենց այնպես չի արվում, դրան հաջորդելու է հանքարդյունաբերությունը։ Ես անձամբ ներկա եմ եղել հանրային լսումներին։ Շատ լարված իրավիճակ էր, քննարկում չի եղել, վեճեր են եղել։ Շատ մարդ կար ներկա ազգաբնակչությունից, ոստիկանությունից։ Այդ լարվածության մթնոլորտում ոչ մի որոշում չկայացվեց, և համայնքապետը հայտարարեց այդ լսումները չկայացած», - ԷկոԼուրին ասաց Եղեգիսի համայնքապետի տեղակալ, ավագանու անդամ Ահարոն Գաբրիելյանը։
«Լսումները չեն կայացել։ Նրանք գնացին, իսկ մեկ ամիս առաջ եկան, մարզպետարանին ներկայացրին, որ իրենց հատկացվել է դրական եզրակացություն», - ասաց Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Գևորգյանը։
«Ես ի սկզբանե դեմ եմ եղել, անընդունելի է ինձ համար։ Վարդահովիտում փորձեցին լսումներ անցկացնել, անձամբ մասնակցել եմ։ Նրանք հստակ, գիտական հիմնավորում ունեցող պատասխաններ չեն տվել շահագրգիռ մարդկանց, չէին բերել համապատասխան մասնագետներ։ Ի վերջո, համայնքի ղեկավարը հանրային լսումը հայտարարեց չկայացած», - ասաց Եղեգիս համայնքի ավագանու անդամ, «Հռիփսիմե» գյուղաբժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Զոյա Մարտիրոսյանը։
Դեռ 2022 թվականի հոկտեմբերին Վարդենիսի հանքերևակման հայտի վերաբերյալ իր բացասական կարծիքն էր ներկայացրել Վայոց ձորի մարզպետարանը։
Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական աշխատանքների հայտի հեղինակը «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն է։ Հայցվող տեղամասը գտնվում է Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում և զբաղեցնում է շուրջ 94 կմ2 կամ 9399.3 հեկտար: Հանքերևակման առաջնային օգտակար հանածոներն են ոսկին, արծաթը, պղինձը, ցինկը, կապարը, մոլիբդենը: Հորատանցքերի միջին խորությունը նախատեսված է 250 մետր, հորատանցքերի քանակը՝ 10-20:
«Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն թվով երկրորդ ընկերությունն է, որը ցանկանում է թանկարժեք մետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տարածքում։ Դեռ 2012 թվականից սկսած հանքերևակման տարբեր տեղամասերում որոնողահետախուզական աշխատանքներ է կատարել «Գեոմայնինգ» ՍՊԸ-ն, որի հիմնական բաժնետերը «Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերությունն էր:
«Գեոմայնինգ» ՍՊԸ-ն առանձնացրել էր երեք հեռանկարային տեղամաս՝ Արծիվ, Արջուկ, Հազբի: 2019 թվականին ընկերությունը ցանկանում էր շարունակել բազմամետաղների որոնումը հանքերևակման մոտ 195 կմ2 կամ 19.483.56 հեկտար տեղամասում, որը գտնվում էր Վայոց ձորի մարզի Եղեգիս, Մալիշկա և Գեղարքունիքի մարզի Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների վարչական տարածքներում: Սակայն Ծովինար համայնքում նախաձեռնած հանրային քննարկման ժամանակ տեղացիները թույլ չտվեցին անցկացնել լսումներ և մերժեցին հայտը:
ԷկոԼուրի թիմը օրերս տեղի բնակիչների և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ բարձրացավ դեպի Վարդենիսի հանքերևակման տարածք և արձանագրեց, որ այդ տարածքում բացվել է նոր ճանապարհ շուրջ 5 կմ երկարությամբ, 4-5 մետր լայնությամբ և մինչև 2․5 մետր խորությամբ։ Խախտվել է մեծ քանակությամբ հողային ռեսուրս՝ մեծամասամբ ալպիական մարգագետիններ, որոնք օգտագործվում են անասուններին արածեցնելու նպատակով։ Տարածքը նաև վայրի կենդանիների էկոմիջանցքն է։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները նշեցին, որ տեղյակ չեն, թե ով է բացել այս ճանապարհը։
«Մոտ 5-6 կմ այնպիսի ճանապարհ են բացել, որ բնապահպանական խիստ խախտում է։ Իրենց խոստումներն ու գործունեությունը չեն համապատասխանում», - նշեց Ահարոն Գաբրիելյանը։
«Գետնի երեսից հող էին վերցնում տոպրակով, իսկ տրակտորը վերջերս են բերել։ Ես չգիտեմ՝ դա իրենց տրակտորն է, թե ուրիշ տրակտոր է եղել, որը բացել է ճանապարհը», - ասաց Սամվել Գևորգյանը։
Ըստ «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ին տրված՝ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/370 թույլտվության և թիվ Պ-370 ընդերքօգտագործման պայմանագրի՝ ընկերությունը նախատեսում է իրականացնել երկրաբանական և տոպոգրաֆիական հանույթ, երկրաքիմիա, երկրաֆիզիկա, մակերևույթային լեռնային փորվածքներ, ճանապարհների և հորահրապարակների կառուցում և վերանորոգում, հորատանցքերի հորատում, նմուշարկում, ինժիներահիդրոերկրաբանական ուսումնասիրություններ, մոնիթորինգ, ռեկուլտիվացիա։
Գլխավոր ռիսկը ՋՈՒՐՆ է
Տեղացիներն անհանգստացած են, որ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման ծրագիրը բացասական ազդեցություն կունենա ջրի աղբյուրների վրա, նաև կաղտոտվի Սևանա լիճը Արփա-Սևան թունելի միջոցով։
«Վայոց ձորի մարզի ջրային ռեսուրսների ավազանի 21․2 տոկոսը կամ 141-143 միլիոն խմ գտնվում է ծրագրի տարածքում։ Այդ տարածքից սկիզբ է առնում Վայոց ձորի մարզի ոռոգման և խմելու ջրերի, ստորգետնյա ջրերի ավազանը։ Ջրային ոռոգման ամբողջ համակարգը՝ Խանջյան առուն կամ Հերմոն-Ելփին ջրագիծը ոռոգում է Վայոց ձորի մարզի 13 բնակավայր։ Արենի համայնքի խաղողի ամբողջ այգիները ոռոգվում են այդ ջրով։ Այդտեղից ստանում ենք 6000 տոննա Արենի սորտի մաքուր խաղող, 2000 տոննա դեղձ, 800 տոննա կեռաս, 1000 տոննա սալոր։ Միայն Արենի գինին տարեկան բերում է ավելի քան 30 միլիոն դոլար եկամուտ։ Աղավնաձորում մարդիկ ներդրում են արել, որ 3000 տոննա հզորությամբ գինու գործարան կառուցեն», - ներկայացրեց տեղի բնակիչը։
«Ես դեմ եմ աղբյուրների հետ կապված, առաջին օրից էլ մինչև այսօր ասում եմ», - նշեց Սամվել Գևորգյանը։
«Ողջ մոլորակի վրա գլոբալ տաքացման հետևանքով քաղցրահամ ջրի դեֆիցիտ է։ Երկրներ կան, որ խմելու ջուրը ոսկուց թանկ է։ Մենք պետք է պաշտպանենք մեր քաղցրահամ ջրերի ակունքները», - ասաց Զոյա Մարտիրոսյանը։
Համայնքի զարգացման հեռանկարները
«Եղեգիսի հրաշք կիրճը մեր ազգաբնակչության և մեր երկրի համար տուրիզմի զարգացման տեսանկյունից մեծ հեռանկարներ ունի։ Մարդիկ հյուրատներ են կառուցել, ներդրումներ արել։ Այդ տարածքն ամբողջությամբ ալպիական մարգագետիններ են, արոտավայրեր, մեր բնակչությունը լիարժեք օգտագործում է, ազատ տարածք չկա», - ասաց Ահարոն Գաբրիելյանը։
«Այստեղ բնակվողների մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ։ Մեղվապահությամբ էլ են շատ զբաղվում։ Հարյուրավոր ընտանիքներ հատապտուղներ, բույսեր են հավաքում, վաճառում են և իրենց սոցիալական վիճակն են բարելավում։ Հանքարդյունաբերության հետ սա համատեղելի չէ», - նշեց Զոյա Մարտիրոսյանը։
Երկրաբանական աշխատանքների համար նախատեսված տարածքը հարակից է բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Տեղամասից 3.5-4.0 կմ հեռավորության վրա գտնվում է «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը, 7.5-8.0 կմ հեռավորության վրա՝ «Հերհերի նոսրանտառային» և «Եղեգիս» պետական արգելավայրերը: Հանքերևակման տարածքի եզրից մինչև «Սևան ազգային պարկի» մոտակա հատվածն ավելի քան 10 կմ է:
«Մենդիա ռեսուրսիս»-ի սեփականատերերը
«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն, ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, գրանցվել է 2021 թվականին: 2022 թվականի մարտին հրապարակված հայտարարագրով ընկերության սեփականատերերն էին ՀՀ քաղաքացի Լիլիթ Արամյանը՝ 15 տոկոս բաժնեմասով և Ավստրալիայի քաղաքացի Մուր Դեննիս Ջեյը՝ 85 տոկոս բաժնեմասով:
Իսկ 2023 թվականի հունիսի հայտարարագրում Մուր Դեննիս Ջեյն արդեն չկա։ Փոխարենը Լիլիթ Արամյանը դարձել է ընկերության 99 տոկոս բաժնետերը։ Մնացած 1 տոկոսի բաժնետերն անհայտ է։
Սեպտեմբեր 12, 2023 at 16:12