ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տրամադրել Չարենցավան համայնքում «Ալափմետ» ՓԲԸ-ի ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։
«Ալափմետ» ՓԲԸ-ն նախատեսում է ընդլայնել մոլիբդենի խտանյութից մոլիբդենի օքսիդի ստացման արտադրությունը՝ ներկայիս 2400.0 տոննա/տարեկան հզորությունը հասցնելով մինչև 4800.0 տոննա/տարեկան։ Պահանջվող քանակի հումքը ձեռք է բերվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից:
Գործարանը գտնվում է Չարենցավան համայնքի Ալափարս բնակավայրում։
Ըստ ընկերության հաշվետվության՝ տարեկան մթնոլորտ կարտանետվի 111․58 տոննա ծծմբային անհիդրիդ, 14․23 տոննա ածխածնի օքսիդ, 4․48 տոննա անօրգանական փոշի, 2․5 տոննա ազոտի օքսիդներ, 0․2 տոննա կրափոշի և 2․9 տոննա ծծմբական թթվի գոլորշիներ։ Մթնոլորտի վրա հնարավոր ազդեցության տնտեսական վնասը կազմելու է 8301․8 դրամ տարեկան։
Ըստ փորձաքննական եզրակացության՝ հանրությունը դրական է արձագանքել «Ալափմետ» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվությանը։
Նշենք, որ Չարենցավան քաղաքում օգոստոսի 8-ին կայացած հանրային լսումներին մասնակցել է նաև ԷկոԼուրը և իր կարծիքն է ներկայացրել հետևյալ առաջարկություններով.
1․Հաշվետվության մեջ արտացոլել ՀՀ ՇՄԱԳ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը՝ տարածքի մակերևութային և ստորերկրյա ջրերը, դրանց որակի դասը, հոսքի ռեժիմը, որակական և քանակական ցուցանիշները, աղտոտվածության մակարդակը, ջրային համակարգը կամ դրա առանձին մասերը։
2․ Հաշվետվության մեջ հստակեցնել տարվա ընթացքում տեխնոլոգիական գործընթացում առաջացող ծծմբական թթվի, գիպսի, պղնձարջասպի քանակությունները, դրանց պահպանման պայմանների և հնարավոր սպառումների քանակությունների վերաբերյալ տալ հստակ պարզաբանումներ։
3․ Հաշվետվության մեջ ներկայացնել գործարանում հնարավոր զարկային արտանետումների ռիսկերը, կատարել զարկային արտանետումների հաշվարկները և այդ ռիսկերի մեղմացմանն ուղղված միջոցառումները։
4․ Կատարել մթնոլորտային օդի աղտոտվածության վերահաշվարկ՝ այդ թվում ծծմբի օքսիդի արտանետումների հաշվարկ՝ նշելով տարածությունը, քամու ուղղությունը։ Նախատեսել ռիսկերի նվազեցման միջոցառումներ։ Որպես Չարենցավան քաղաքի տարածքում մթնոլորտն աղտոտող նյութերի միջին տարեկան ֆոնային կոնցենտրացիա օգտագործել այն թվականի տվյալները, երբ գործարանը շահագործվել է։
5․ Գնահատել մարդու առողջության համար ռիսկերը և նշել դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումներ»։
Փորձաքննական պահանջներից է արտադրական տարածքում և գործարանին մոտ բնակելի տարածքների ուղղությամբ ապահովել մշտադիտարկումներ և իրականացնել բնապահպանական միջոցառումներ, որոնց համար ընկերությունը տարեկան նախատեսում է 470 000 դրամ։
Հոկտեմբեր 04, 2023 at 15:00