

Կարինե Իոնեսյան, www.lragir.am
Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան, դասախոս Գոռ Մովսիսյանի հետ.
Ամուլսարի հանքավայրի շահագործումը որքանո՞վ է հակասում տեղական օրենքներին՝ հաշվի առնելով, որ Սեւանի մասին օրենքը արգելում է վերջինիս տարածքում, կամ վերջինիս մեջ թափվող ջրերին վնասելը:
Անկեղծ ասած, այս նախագծի մանրամասներին լիովին չեմ տիրապետում, սակայն ունեցած տեղեկություններս բավարար են չհամաձայնելու համար այն կարծիքի հետ, թե նախագիծը չի գտնվում Սեվանա լճի անմիջական ազդեցության գոտում:
Գործունեության Կեչուտի ջրամբարին հարակից լինելն այդքան կարևոր չէ, որքան ջրային ռեսուրսների ավազանային կառավարման սկզբունքները, երբ մեկնաբանում ենք Սեւանա լճի մասին օրենքի 3-րդ հոդվածը (Սեւանա լճի ջրահավաք ավազան), 8-րդ (Անմիջական ազդեցության գոտի) հոդվածը և 10-րդ հոդվածը (Գործունեության սահմանափակումներ): Իմ ունեցած տեղեկություններով, նախատեսվում է իրականացնել կորզված հանքանյութի վերամշակում Սեւանա լճի ջրահավաք ավազանի մաս կազմող Կեչուտի ջրամաբարին հարող տարածքում: Եթե նույնիսկ դա համարվում է ոչ անմիջական ազդեցության գոտի, հարակից լինելու պատճառով, նախաձեռնողը պետք է խիստ որոշակի փաստարկներով հիմնավորի, որ այն որևէ ազդեցություն չի ունենալու Կեչուտի ջրամբարի, հետևաբար նաև Սեւանա լճի էկոհամակարգի վրա: Տեխնոլոգիական զարգացման ներկայիս պայմաններում, կարծում ենք, դա գրեթե հնարավոր չէ: Ուստի այս պարագայում կգործի Սեւանա լճի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի արգելքը, ըստ որի` Կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:
Անընդհատ խոսում են միջազգային չափանիշներին համապատասխան գործելու մասին, Ձեր կարծիքով միջազգային չափանիշ ասվածը ինչպե՞ս կարող է կիրառվել Հայաստանում, երբ մեր տեղական օրենսդրությունը տարբեր հակասություններ է առաջացնում:
Այդ միջազգային չափանիշներ ասվածը խիստ հարաբերական է և ընդգրկուն: Ինձ համար առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ոլորտի միջազգային պայմանագրերն են, թեև Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում ՄԱԿ-ի ջրային ռեսուրսների վերաբերյալ երկու նշանակալից փաստաթղթերի ներքո ընթացող գործընթացներին: Գուցե մասնագետները նկատի ունեն նաև ընկերություններում իրականացվող էկոլոգիական կառավարման (մենջմենթի) վերաբերյալ պահանջները: Սակայն, կարծում եմ, այս խոսակցություններն ավելորդ են Սեւանա լճի մասին ՀՀ օրենքի արգելքի համատեքստում, իսկ այդ արգելքը լիովին համահունչ է միջազգային ջրային իրավունքի տարբեր փաստաթղթերում ամրագրված սկզբունքներին:
Եթե հանքավայրը շահագործվի, ինչպիսի՞ իրավական լծակներով կարելի է պայքարել այն ամենի դեմ, ինչն անօրինական է լինելու այս դեպքում:
Եթե շահագործման թույլտվություն տրվի, Սեվանա լճի հարակից տարածքների բնակիչները կամ հասարակական կազմակերպությունները կարող են վիճարկել դրանք, թեև համոզված չեմ դատական գործընթաց սկսելու իրական հնարավորության մեջ` ձևավորված դատական պրակտիկայի համատեքստում:
Հունիս 18, 2013 at 14:15
