ԱՐԱՐԱՏ. ՈՍԿՈՒ ՏԵՆԴ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Էմմա Սարգսյան, ԵՊՀ, ժուռնալիստիկա, մագիստրանտ, Panorama.am

Աշխարհում ոսկու գնի աննախադեպ աճին հավասար Արարատ քաղաքում աճում են բնապահպանական և առողջապահական խնդիրները: Որքան էլ այդ ոլորտների մասնագետները պնդում են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցություն են գործում ավելի գլոբալ երևույթներ, որոնց դեմ անհնար է պայքարել, Արարատցիների մտահոգության առարկան շարունակում է մնալ արդյունաբերության պատճառած վնասներն ու այդ վնասների չափը:

Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային փորձը տվել է բազում օրինակներ, երբ ոսկու վերամշակումը իրականացվում է հատուկ տեխնոլոգիաներով, դրանք նվազագույնի են հասցնում բերած վնասները: «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունումե (ԱՈԱՁ) նման տեխնոլոգիաներ չկան:

Մայրաքաղաքից 42 կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Արարատ քաղաքը հիմնադրվել է 1931 թվականին: Այստեղ դեռևս Սովետական Միության տարիներին կառուցվել են ցեմենտի գործարանը, ոսկու կորզման ֆաբրիկան և շինանյութ արտադրող այլ ձեռնարկություններ: Քաղաքը կուտակել է արդյունաբերական բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև` ջրամատակարարման, թափոնների և կանաչ գոտիների նվազման այլ հիմնահարցեր:

Արարատի ոսկու գործարանի պոչամբարը, որտեղ թափվում է քիմիական նյութերով լի հեղուկը ոսկու կորզումից հետո, պարունակում է այնպիսի նյութեր, որոնք վտանգավոր են տեղի բնակչության առողջության համար, դրանցից տուժում են նաև քաղաքի ֆաունան և ֆլորան:

«Այդ պոչամբարը լի է նյութերով, որոնք բերում են շնչառական օրգանների, արյան հիվանդությունների, ժառանգական լուրջ խնդիրների, մինչև անգամ` հրեշածնության,ե - ասում է «Հայաստանում Կանաչների միությանե նախագահ Հակոբ Սանասարյանը: Պոչամբարում կան ցիանիդ, կադմիում, երկաթ և արսեն (մկնդեղ):

2007 թվականի նոյեմբերի 13-ին Արարատ քաղաքի բնակչության շրջանում հարցում ենք անցկացրել` պարզելու, թե բնակչության որ տոկոսն է տեղեկացված պոչամբարի հետևանքով քաղաքին և իրենց առողջությանը հասցված էկոլոգիական վնասի մասին, և ինչ են նրանք մտածում: Հարցմանը մասնակցել է 50 մարդ: Նրանց 100%-ը տեղյակ էր, որ քաղաքում տեղակայված ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը պարունակում է այնպիսի քիմիական նյութեր, որոնք վնասակար են մարդկանց առողջության համար: Ավելին, նրանք գիտեին, որ այդ նյութերը վնասակար են կենդանիների և բնության համար: Հարցին, թե գիտեն արդյոք` ինչ նյութեր են այնտեղ կուտակվում, պատասխանը եղավ` ցիանիդ:

Տեղի բնակչությունը, սակայն, տեղյակ չէ մնացած ոչ պակաս վտանգավոր նյութերի առկայության մասին, որոնք, օրինակ, արդյունաբերական գործարաններով հարուստ Լոռվա մարզում հրեշածնության էին հանգեցրել:

«Մարդիկ այսօր իրական վտանգը թողել են և խոսում են այլ նյութերից: Չէ որ ցիանիդից էլ վտանգավոր նյութեր կան, որոնք բավական հմտորեն լռեցվում են գործարանի ներկայացուցիչների կողմից: Կապարն ու մոլիբդենը, իհարկե, ինչ-որ քանակով օգտակար են կենդանիների և բույսերի համար, բայց դրանց չարաշահումը 92%-ով սպանում է հողի բերրիությունը,ե - ասաց Հակոբ Սանասարյանը:

Քաղաքի միակ հիվանդանոցի բժիշկները չցանկացան ներկայանալ, բայց հաստատեցին, որ պոչամբարում կուտակվում են վնասակար նյութեր, որոնք առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում: Ըստ նրանց տրամադրած տվյալների` վերջին 4 տարիների ընթացքում Արարատ քաղաքում արձանագրվել է օնկոլոգիական հիվանդությունների աճ` 2004 թվականի 211 հիվանդի փոխարեն 2007 թվականին գրանցվել է 290 դեպք: Նրանք ավելացրեցին, որ սրանք ընդամենը պաշտոնական տվյալներ են, կան մարդիկ, ովքեր պարզապես չեն գրանցվել:

Արարատ քաղաքը առողջապահական խնդիրներով է «ողողվածե, որը, ըստ մասնագետների, կարելի է տեսնել անզեն աչքով: «Ցեմենտի գործարանը մի իսկական բնապահպանական ոճիր է մյուսների կողքին: Այն դեպի մթնոլորտ է արձակում մեծ քանակությամբ մասնիկներ, որոնք լուրջ բացասական հետևանքներ կունենան տեղի բնակչության համար,ե - ասաց միջազգային փորձաքննությունների փորձագետ Ավստրալիացի Ֆիլիպ Փեքը, ով Հայաստան էր ժամանել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP/GRID-Arendal) կողմից կազմակերպած «Բնապահպանական լրագրություն դասընթացիե անցկացման համար 2007 թվականի նոյեմբերի 12-15:
Եթե ոսկու պոչամբարի վնասների մասին պետք է իմանալ, ապա ցեմենտի գործարանի առաջացրած փոշին պարզապես երևում է` խողովակից դուրս են գալիս փոշի` լի ցեմենտի մասնիկներով, և գոլորշի. Ըստ էության` գոլորշին պետք է արագ անհետանա մթնոլորտում, բայց դա տեղի չի ունենում` օդի մեջ երկար ժամանակ նկատելի են ցեմենտի սև մասնիկները, որոնք պարզապես նստում են քաղաքի վրա:

«Եթե ես հնարավորություն ունենայի, ապա նույն րոպեին կվերցնեի կնոջս և երեխաներիս ու կմեկնեի Արարատից: Պայքարել այդքան շատ առողջապահական խնդիրների դեմ, համարյա անհնար է: Ես անվերջ մտածում եմ, որ իմ աղջիկներն այստեղ թունավորվում են, բայց չեմ կարող տունս փոխելե,-ասաց քաղաքի բնակիչ 47-ամյա Աշոտ Ծառուկյանը, փաստորեն «ելքըե տեսնելով կամ տունը փոխելու, կամ` արդեն առողջության հետ կապված խնդիրները լուծելու մեջ:

Այնինչ դրանք երկուսն էլ խնդրի հետևանքներ են. իսկական բժիշկը բուժում է պատճառը, այլ ոչ` հետևանքը:

Մայիս 02, 2008


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news