Շարունակվում է ճակատամարտը սահմանային Քաջարան գյուղի համար

Շարունակվում է ճակատամարտը սահմանային Քաջարան գյուղի համար

Սյունաց Երկիր

Ընդդեմ այդ գյուղի, ծպտյալ սեփականատերերի արծաթյա շեփորի կանչով, մարտադաշտ են ելել երկրի կառավարիչները եւս

ՀՀ կառավարության ս.թ. ապրիլի 28-ի №627-Ն որոշումը, որի համաձայն` Քաջարան գյուղին պատկանող 181.7 հա հողատարածքը (այն, ըստ գյուղապետի, ընդգրկում է նաեւ գյուղի գերեզմանոցի տարածքը) հանքարդյունահանման համար տրվել է Քաջարանի կոմբինատին, արդարացի դժգոհություն է առաջացրել այդ գյուղում, ինչպես եւ հանրապետության ու աշխարհի տարբեր ծագերում ապրող քաջարանցիների շրջանում:

600 մարդու ստորագրությամբ դիմումին (31.05.2011թ.) դեռեւս ՀՀ նախագահը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը չեն պատասխանել: Մինչդեռ` գյուղապետ Ռաֆիկ Աթայանը ստացել է երկրի ղեկավարությանը ս.թ. մայիսի 4-ին հղած նամակի պատասխանը` ստորագրված ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից: Այդ նամակը ոչ միայն զուրկ է որեւէ տրամաբանությունից եւ դրական լիցքից, այլեւ անհասկանալի է (Ա.Մովսիսյանի պատասխանը` ուղղված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գեւորգյանին, հրապարակվում է համարում` էջ 7):

Փոխադարձ նամակագրությանը զուգահեռ տեղի են ունենում այլ գործողություններ եւս: Քաջարան գյուղի բնակիչները շարունակում են հետ մղել գյուղի տարածք ներխուժել փորձող բուլդոզերների մեքենավարներին, բայց այդ դիմադրությունը, կարծեք, երկար չի կարող շարունակվել: Ավելի ակտիվ ու համառ է մյուս կողմը. նախ` այդ կողմը կարողանում է իր դուդուկի տակ պարեցնել ամբողջ հայոց կառավարությանը: Երկրորդ` հորատող հաստոցներն արդեն տեղադրվել են գյուղի տարածքում, թեեւ գյուղապետարանի հետ հողի հանձնման-ընդունման գործառույթը դեռեւս չի իրականացվել:

Ի պաշտպանություն Քաջարան գյուղի` ձայն է բարձրացրել նաեւ «Պատմական հուշարձանների պահպանության հայկական ասոցիացիան»: Այդ կազմակերպության փոխնախագահ Ստեփան Նալբանդյանի հոդվածը նույնպես հրապարակվում է համարում:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գեւորգյանին

ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար

Հարգելի՛ պարոն Գեւորգյան
Սյունիքի մարզի Քաջարան գյուղական համայնքի ղեկավար Ռ.Աթայանի գրության վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում, որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանարային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» №627-Ն որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 181.7 հա հողերից 27.0 հա հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ եւ փոխադրվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը եւ բացահանքի ընդլայնման հեռանկարները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է արդյունահանման ծավալների աճի դեպքում հանքաքարի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման ծավալները 90388 մլն դրամից հասցնել 102200 մլն դրամի, վճարվելիք հարկերը եւ վճարները` 21059 մլն դրամից` 28785 մլն դրամի, ԱԱՀ-ն` 4189 մլն դրամից` 6060 մլն դրամի, շահութահարկը` 7252 մլն դրամից` 8550 մլն դրամի:

Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի այն մտավախությանը, որ պատմական Քաջարանց գյուղը կդադարի գոյատեւել, կոչնչացվեն համագյուղական գերեզմանոցը եւ պատմական հուշարձանները, ապա հայտնում եմ, որ վերոնշյալ ծրագրով նախատեսվում է աշխատողների թվաքանակը 3081 մարդուց դարձնել 3200 մարդ, իսկ որոշման նախագծի 4-րդ կետի 4-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ճշգրտել հանրային գերակա շահ ճանաչվող տարածքների սեփականատերերի ցուցակը, հողամասերի չափերը եւ նպատակային նշանակությունը, պատմամշակութային հուշարձանների առկայությունը:

Խմբագրության կողմից
Նախարար Ա.Մովսիսյանի նամակում մեծ սուտ է տեղ գտել: Նա ասում է. «Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 181.7 հա հողերից 27.0 հա հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ…»: Իրականում, մինչդեռ, նշված որոշման 3.1 կետում գրված է. «…Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականության` 181.7 հեկտար, որից` վարձակալությամբ տրամադրված` 27.0 հեկտար հողերը… փոխադրել արդյունաբերական, ըներքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա»:

Քաջարանց գյուղի «քարե գիրքը»

ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ

Թանկագի՛ն «Սյունյաց երկիր»
Ես ուշադիր հետեւում եմ Քաջարանց գյուղի շուրջը ծավալված իրադարձություններին: 2011թ. մայիսի 14-ի Ձեր կայքէջում կարդացի Քաջարանց համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթայանի դիմումը` հասցեագրված մեր հանրապետության ղեկավարներին: Այդ դիմումն էր, որ այս տողերը գրելու պատճառ հանդիսացավ:

Նախ` ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ես մասնագիտությամբ վերականգնող ճարտարապետ եմ եւ ծագումով բնիկ երեւանցի: Երեք տարվա ընթացքում բազմիցս եղել եմ Քաջարանց գյուղում, մանրակրկիտ ուսումնասիրել Քաջարանցի պատմությունը, զննումներ եւ չափագրություններ կատարել տարածքում պահպանված պատմաճարտարապետական եւ պատմահնագիտական հուշարձաններում: Առիթը XVII դարում կառուցված Սբ Հակովբ եկեղեցու վերականգնումն էր, որի ընթացքում կատարվեցին պատմաարխիվային նյութերի ուսումնասիրություններ, հնագիտական եւ պեղման աշխատանքներ, ճարտարապետական չափագրումներ, սեյսմակայունության իրավիճակի ուսումնասիրության եզրակացություն, տեղանքի քարտեզագրում եւ այլ աշխատանքներ: Եվ այդ ամենը՝ Քաջարանց գյուղի համայնքի շնորհիվ եւ աջակցությամբ: Ինչո՞ւ եմ այս տողերը շեշտում. մասնագիտությանս բերումով բազմիցս եղել եմ տարբեր համայնքներում գտնվող պատմական հուշարձանների տարածքներում եւ տեսել, թե ինչպես են համայնքապետերն անուշադրության մատնել իրենց տարածքներում գտնվող մեր պատմության «քարե գրքերը», թե ինչպես են խախտել հուշարձանի հաստատագրված պահպանման գոտիները` անհատույց հանձնելով ինչ-որ սեփականատերի այլանդակություններ կառուցելու եւ տապանադաշտերի վրա իրենց բանջարաբոստանները ստեղծելու համար:

Քաջարանցում ամեն ինչ այլ էր. համայնքապետի եւ համայնքի հոգատարության, ջանասիրության, հայրենասիրության շնորհիվ ստեղծվեց Սբ Հակովբ եկեղեցու վերականգնման նախագիծը: Դեռ ավելին` ճարտարապետներիս եւ հնագետներիս առաջարկով համայնքի ղեկավարը եւ համայնքը որոշում կայացրին, որ ավելի կընդլայնեն պատմական այդ «հազվագյուտ» հուշարձանի տարածքը: Նախագիծը քննարկվեց ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում եւ արժանացավ բարձր գնահատականի: Նախագիծը հաստատվեց եւ վավերացվեց Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում: 2010թ. սկսվեցին շինվերականգնման աշխատանքները` այս տարի դրանք շարունակելու ակնկալիքով:

Եվ ահա այս ամենից հետո հայտնվեց կառավարության 2011թ. ապրիլի 28-ի №627 որոշում. անհայտ սեփականատերերին գյուղի տարածքը հանձնելու չարաբաստիկ «գրպանալցման» վճիռը, որոնց մտքով անգամ չի անցնում, թե ինչ է ժողովրդի պատմությունը, մշակույթը, հայրենիքը:

Միգուցե սեփականատերերն արդարանան, թե եկեղեցու տարածքին ձեռք չեն տալու, բայց մի՞թե կարելի է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կատարել պայթեցումներ մոտ 400 տարվա ընթացքում մեզ հասած եւ նույնիսկ 1968թ. աղետալի երկրաշարժին դիմակայած այդ հազվագյուտ հուշարձանի շրջակայքում: Հավատացնում եմ, որ այլ երկրներում այդ չէին անի եւ իրենց "գրպանալցման" ծրագիրը կիրագործեին զբոսաշրջության զարգացմամբ:

Մի քանի խոսք գյուղի պատմության եւ Սբ Հակովբ եկեղեցու հազվագյուտ լինելու վերաբերյալ:

Քաջարանց գյուղը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերից մեկում` ծովի մակերեւույթից մոտ 1870 մետր բարձրության վրա։ Հնավայրը գտնվում է Քաջարանց գյուղի հյուսիսային մասում, որտեղից սկիզբ է առնում Ողջի գետը: Այն շրջապատված է Զանգեզուրի եւ Մեղրու լեռնաշղթաների ճյուղավորություններով: Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է /3904մ/, որն իր բարձրությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ լեռն է` Արագածից հետո:

Քաջարանց գյուղ: Բարբառային հնչմամբ` Քչանանց: Ենթադրվում է, որ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Ձորք գավառում գտնվող Կաճաճուտ գյուղն է (Ալիշանի մոտ` Կաճաճա), որն ուշ միջնադարում հնչել է Քչանանց եւ ի վերջո` Քաջարանց:

Տաթեւի վանքի նոր հարկացուցակում (18-րդ դար) գյուղը կոչվել է Քչանանց, որն առ այսօր գործածվում է բարբառում:

20-րդ դարում Ձորքում վեր հառնեց մի նոր քաղաք` Քաջարանը, որն իր անունն առել է Քաջարանց գյուղանունից: Վաղնջական ժամանակներից Քաջարանի բնակավայր լինելու մասին են վկայում Գանձասարի բաց հանքում պահպանված հեթանոսական մատուռը, քաղաքի տարածքում հայտնաբերված ձուլարանների հետքերը: Քաջարանը հնուց ի վեր եղել է Սյունիքի կազմում: Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի»` Սյունիքը Մեծ Հայքի իններորդ նահանգն էր, որի տասներկու գավառներից տասներորդը Ձորքն էր: Ձորքը Սյունիքի ամենափոքր գավառն էր` 525 քառակուսի կմ տարածքով, զբաղեցնում էր Ողջի գետի վերին հոսանքը` Գեղվա ձորը ներառյալ: Քաջարանցը 1874թ. Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի կազմում էր:

1850-ական թվականների սկզբներին Քաջարան եւ Վերին Հանդ գյուղերը ընդգրկվել են Օրդուբադի (Գողթան) գավառի կազմում:

Քաջարանը, Բանիսլուն գտնվում էին 5-րդ ոստիկանական տեղամասի Ողջիի գյուղական համայնքում: Մեկ այլ արխիվային փաստաթղթով` 1852թ. դեկտեմբերի 18-ին Տաթեւի հոգեւոր կառավարությունը հայտնում է Սուրբ Էջմիածնի Հայոց սինոդին Քաջարանց գյուղի Հովհաննես քահանա Բարղամյանցի խնդրանքը` իր որդի Մարգարին, որն ուսումն առել էր Վանում եւ արդեն «Ի չորրորդ աստիճանի ուրարակիր» է, ուղարկել սպասավորելու Քաջարանց գյուղի Սուրբ Հակովբ եկեղեցում։

Որպես հոգեւոր դասի ներկայացուցիչ` քահանա Պողոս Մելիք-Ստեփանյանցը 1873թ. հաշվառվել է Ելիզավետպոլի նահանգի բեկերի, չինովնիկների եւ արտոնյալ այլ անձանց ցուցակում: Ըստ Ելիզավետպոլի նահանգի բեկերի, չինովնիկների եւ այլ արտոնյալ դասի անձանց 1873թ. ցուցակի` Քաջարան գյուղի Սուրբ Հակովբ եկեղեցու քահանան Մարտիրոս Հակոբյանն էր:

Քաջարանը շրջապատող գյուղերի թուրքերը հաճախակի էին հարձակվում դաշտում միայնակ աշխատողների կամ անցորդների վրա, առեւանգում, խոշտանգում ու սպանում նրանց: Եվ 1906թ. օգոստոսին ծածուկ լուրեր են հասնում քաջարանցիներին, որ Շաբադինի թուրքերը «բարեկամի» անվան տակ գյուղից դուրս են հրավիրելու իրենց քիրվաներին եւ սպանելու, ապա հարձակվելու են գյուղի վրա եւ բոլորին կոտորելու: Լուրն առնելուն պես քաջարանցիներն սկսում են պատրաստվել պաշտպանական կռիվների: Զոհեր եղան նաեւ հայերի կողմից: Հայերից զոհվում են 40-ամյա Օհանջան Դավթյանը եւ 27-ամյա Խոսրով Մարտիրոսյանը: Երկուսն էլ թաղված են եկեղեցու բակում: Գյուղն ավերվում է: Քաջարանցիներն ստիպված 40 օր ապաստան են գտնում Քրդիկանց եւ Վերին Հանդ գյուղերում: 1947թ. Քաջարանցը ներառվեց Քաջարան քաղաքատիպ ավանի մեջ:

Սբ Հակովբ եկեղեցին, կառուցված լինելով գետաքարերով, իր ճարտարապետական ձեւով եզակի է հայ ուշ միջնադարյան եկեղեցաշինության մեջ։ Երեւի թե միակն է մեր միջնադարյան ճարտարապետության մեջ եւ այդ պատճառով է, որ նրան կոչում ենք հազվագյուտ: Այն շատ հետաքրքիր է` իր պահպանված կղմինդրյա ծածկույթով։ Սա այն հազվագյուտ երեւույթներից է, որ հանդիպում ենք մեր միջնադարյան կառույցներում: Այլ տեղերում այն գրեթե չի պահպանվել, կամ էլ պեղումների արդյունքից ենք տեղեկացել, որ այն կղմինդրածածկ է եղել: Եկեղեցին միանավ թաղածածկ կառույց է, արեւելքում` խորանը, եւ աջ ու ձախ կողմերում` ավանդատները: Եկեղեցու շրջակայքում տեղի են ունեցել բազմաթիվ պատմական իրադարձություններ եւ այն Սյունյաց աշխարհի կարեւորագույն պատմական հուշարձաններից մեկն է, իսկ քաջարանցիների համար` միակ հոգեւոր կառույցը:

Եվ մի՞թե այսքանից հետո որոշում է կայացվել քանդուքարափ անել այդ հիասքանչ պատմական բնակատեղին` Քաջարանցը:

16:16 Հուլիս 11, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news