

ԷկոԼուր
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) դեռ չի որոշել, թե արդյոք կներգրավվի Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ֆինանսավորման մեջ: Այդ մասին նշված է CEE Bankwatch Network միջազգային ցանցին ուղղված` EBRD-ի էկոլոգիական դեպարտամենտի գործադիր տնօրեն Ալիսթեր Կլարկի ստորագրությամբ պատասխան նամակում: Հիշեցնենք, որ «Lydian International» ընկերությունը, որի ակտիվներում Ամուլսարի նախագիծն է, EBRD-ին համարում է գլխավոր ներդրողներից մեկը Միջազգային ֆինասական կորպորացիայի հետ միասին (IFC, համաշխարհային բանկի խումբ):
CEE Bankwatch Network-ի` բանկին ուղղված նամակում նշվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ցիանային արտադրության վերաբերյալ եզրակացության ստացման գործընթացի մասին է, երբ ՇՄԱԳ-ի վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերը եւ հասարակական լսումների արձանագրությունները ներկայացված չեն: Նշվել են Սեւանա լճի եւ Ջերմուկ առողջարանի համար ռիսկերը, Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար ռիսկերը, որոնց համար Ամուլսարը միգրացիոն միջանցք է, նշվել է ռադիոակտիվ անվտանգության մասին: CEE Bankwatch Network-ը, մասնավորապես նշում է. «Որպես շահագրգիռ կողմ` EBRD-ն պետք է վստահ լինի նրանում, որ Ամուլսարի համար ՇՄԱԳ-ը համապատասխանում է բանկի էկոլոգիական-սոցիալական քաղաքականությանը, Հայաստանի օրենսդրությանը եւ միջազգային լավագույն փորձին, ներառում է հասարակայնության եւ անկախ փորձագետների պատշաճ մասնակցությունը»:
EBRD-ի պատասխան նամակում ասված է. «Մենք տեղյակ ենք, որ «Lydian International»-ը հետազոտություններ է անցկացնում եւ արդեն ծրագրում է շահագործել Ամուլսարի հանքավայրը: Բանկը որոշակի պահանջներ ունի` «Lydian International»-ի համաձայնագրի առնչությամբ` կապված ազգային օրենսդրության եւ ՇՄԱԳԻ պահանջներին լիովին համապատասխանելու հետ, ինչպես նաեւ բանկի սոցիալական եւ էկոլոգիական քաղաքականության պահանջներին համապատասխանելու հետ»: Նամակում նշված է, որ ընկերությունը ծրագրում է Ամուլսարի հանքավայրի շահագործում, եւ մտադիր է 2012թ. ամռանը հրապարակել ստանդարտներին համապատասխան ՇՄԱԳ-ը: Ամռանը պետք է կազմակերպվեն հանդիպումներ հիմնական շահագրգիռ կողմերի եւ հասարակայնության հետ: «Դրանից հետո բանկը կուսումնասիրի նախագիծը, որպեսզի վստահ լինի, որ նամակում նշված խնդիրները արտացոլված կլինեն նախագծում»:
Մայիս 14, 2012 at 14:23


