

ԷկոԼուր
Փետրվարի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց հայտարարություն այն մասին, որ փետրվարի 22-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշի գյուղապետարանում տեղի կունենա «Միկա Ցեմենտ» ՓԲԸ կողմից ներկայացված Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ: Ինչպես հասարակական լսումների վայրում «ԷկոԼուր»-ը պարզեց, «Միկա Ցեմենտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը եկել էր արտանիշցիների հետ հանդիպման` լսելու նրանց կարծիքը, այլ ոչ ներկայացնելու նախագիծը: Ավելին նախագիծը չկար ոչ գյուղապետարանում, ոչ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Ազգանուշ Դռնոյանի մոտ, ոչ առավել եւս ընկերության ներկայացուցիչների մոտ: Սակայն Ազգանուշ Դռնոյանը վստահեցրեց, որ այդ նախագիծը վերաբերում է Արտանիշի հանքավայրի շահագործման ծավալների նվազեցմանը: Լսումներից օրեր անց` մարտի 11-ին, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում հայտնվեց «Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայր: («Միկա ցեմենտ» ՓԲԸ)» անվանումով նախագիծը` բաղկացած «Երկրաբանական, լեռնային, լեռնամեխանիկական, աշխատանքի պաշտպանություն» եւ «Շրջակա միջավայրի պահպանումը» բաժիններից: Ներկայացնում ենք որոշ ուշագրավ փաստեր «Շրջակա միջավայրի պահպանումը» բաժնից:
«….Բացահանքի օտարման տարածքը կազմում է 14.6հա, նրա վերջնական եզրագծի սահմանների մեջ ներառված զանգվածի հաշվեկշռային պաշարների քանակը կազմում է 5 250 000տ կամ 2 187 500 մ3: Կորզվող պաշարների քանակը կազմում է 4 955.4հազ.տ, կամ 2 064 750մ3:
…Հանքավայրի տարածքի հողային ծածկույթը ներկայացված է ալրային կարբոնատներով, որոնք պոտենցիալ արգասաբեր են:
….Շրջանում կենդանական աշխարհից հանդիպում են.
Նապաստակ, աղվես, գայլ, գյուրզա, կարիճ, ժայռային մողես, սովորական լորտու, սովորական դաշտամուկ, մոխրագույն առնետ: Հանքավայրի մշակման ժամանակ աննշան մակերեսի օգտագործման շնորհիվ կենդանական աշխարհին վնաս չի հասցվի:
…Տեղամասը ունի աղքատ բուսականություն:
Հանքավայրը ապահովելու է աշխատանքով 18 մարդու:
… Հանքի շահագործման հետևանքով առաջացող բացասական երևույթներն են.
1. 14.6հա հողատարածք շահագործման ընթացքում ոչ պիտանի է դառնում գյուղատնտեսության գործունեության համար:
2. Մակերեսի բնական լանդշաֆտի խախտում, այսինքն տեղի է ունենում հավասարակշռության խախտում:
3. Մակաբացման, բարձման, թափոնների կույտերի ստեղծման հետևանքով կատարվում է փոշեգոյացում:
4. Հանքում աշխատող մեխանիզմները դառնում են աղմուկի աղբյուր և արտանետվում են վնասակար գազեր: Մթնոլորտային տեղումների հետևանքով առաջացած ջրերը ներծծվում են բնական ճեղքերի մեջ և հեռացվում են հանքից: (Էկոլուրի նկատառում` նախագծում ոչ մի խոսք չկա, թե ինչպես է հանքավայրն ազդում հանքի հարեւանությամբ գտնվող «Սեւան» ազգային պարկի եւ Սեւանա լճի վրա):
…բացահանքի ճանապարհները օրվա ընթացքում ջրելը, կամ ծածկելը խճով, այնքան էլ արդյունավետ չէ` կարճատև օգտակարություն ունեցող գործընթաց է: Ավելի արդյունավետ է ճանապարհները ծածկել կապակցող նյութերով: Լցակույտերից փոշու քանակը կրճատելու համար նույն եղանակով կարելի է մակերեսին լցնել կապակցող նյութեր: (Էկոլուրի նկատառում` անհասկանալի է, թե արդյոք փոշու քանակը կրճատելու համար կապակցող նյութեր օգտագործվելու են, թե դա պարզապես ցանկություն է):
… Բացահանքի աշխատանքից կարող է տուժել գյուղատնտեսական, անասնապահական աշխատանքները: Իսկ ուժեղ քամիներից կմեծանա աղտոտված տարածքները, կարող է խախտվել սանիտարական նորմերը, որից կտուժի նաև բնակչությունը:
… Հանքավայրի տարածքում բացակայում է բուսականությունը…:
…Բացահանքի շահագործման ժամանակ բնապահպանական միջոցառումներից նախատեսվում են`
•փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների (աշխատանքային հրապարակները, հանքախորշերը, լցակույտերը, մուտքային և դեպի լցակույտեր տանող ավտոճանապարհը և այլն) ինտենսիվ ջրում տարվա չոր և շոգ եղանակներին (օրեկան 2-3 անգամ):
•Բացահանքի մշակված տարածության լեռնատեխնիկական վերակուլտիվացիա:
•Բացահանքի արդյունաբերական հրապարակի շրջակայքում հնարավոր չափով կանաչապատում թփուտներով:
•Դիզելային շարժիչներով աշխատող լեռնատրանսպորտային սարքավորումների վրա խլացուցիչների և արտանետվող գազի հոսքի վրա զտիչների տեղադրում` թունավոր խառնուրդների չեզոքացման համար:
…Մշակված տարածության լեռնատեխնիկական վերականգնման մակերեսը կազմում է 14.75հա»:
Նշենք, որ նախագծում բացակայում է հանքավայրի ազդեցությունը Սեւանա լճի եւ «Սեւան» ազգային պարկի վրա, մարդկանց առողջության վրա, կենսաբազմազանության վրա: Նախագծողները բավարարվել են` գրելով, թե բուսազուրկ տարածք է: Նշված չէ, թե ինչ սոցիալական ծրագրեր են իրականացվելու տեղի բնակիչների համար: Ի դեպ, «Սեւան» ազգային պարկի ներկայաուցիչները չէին մասնակցում հասարակական լսումներին:
Մարտ 20, 2013 at 11:35
