

ԷկոԼուր
Մթնոլորտային արտանետումների քանակով Լոռու մարզը առաջատար է Հայաստանի մարզերի մեջ: 2016թ-ի տվյալներով Լոռիում արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ է արտանետվել 51 231.5 տոննա վնասակար նյութ, որոնցից ոչ մի տոկոսը չի կորզվել: Ընդհանուր 2016թ-ին անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված նյութերի քանակը Հայաստանում կազմել է 131.8 հազար տոննա, որոնցից 33.8%-ն է որսվել: Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերից29.4%-ը կամ 38.7հազար տոննան կազմել է ծծմբային երկօքսիդը:
Լոռիում օդային ավազանը ծծմբային երկօքսիդով աղտոտում է Ալավերդու պղնձաձուլարանը, որը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերություններից «ACP»-ն: Ընկերությունը 2005-2007թ-ին փորձարկել է գազերի չեզոքացման փորձակայան, սակայն այդ տարբերակը ընկերության համար համարվել է ոչ նպատակահարմար թե՛ տնտեսական, թե՛բնապահպանական տեսանկյուններից: Ընկերությունը հրաժարվել է նաև ծծմբային անհիդրիդի օգ-տահանմամբ երկրորդային ապրանքային արտադրանքի`ծծմբական թթվի ստացումից` համարելով դա տնտեսապես անիրագործելի:
Որպես խնդրի լուծում ընկերությունը Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը 780 մ բացարձակ բարձրությունից տեղափոխել է 1078 մ բացարձակ բարձրության վրա,ինչի արդյունքում մեծացել է ծծմբային երկօքսիդով օդային տարածքների աղտոտման շառավիղը` տարածվելով շրջակա անտառներում ու գյուղերում`Օձունում, Հագվիում, Աքորիում, Հաղպատում:
«Ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ Ալավերդու պղնձաձուլարանը շարունակում է հին ոճով աղտոտվածության մեծ մակարդակ ապահովել: Ալավերդու պղնձաձուլարանից մեզ անընդհատ ասում են, որ շահույթով չի աշխատում, կամ զրոյական մակարդակով է աշխատում: Համենայն դեպս, պետք է մտածել աշխատել նոր տեխնոլոգիաներով` հնարավորինս քիչ աղտոտելով շրջակա միջավայրը, մասնավորապես օդային ավազանը: Մենք համաձայն ենք բնապահպանական վճար չստանալ, միայն թե մթնոլորտի աղտոտվածության այսպիսի մակարդակ չունենանք: Ճիշտ է, մոնիտորինգ են անում, մոնիտորինգի արդյունքներն այլ բան են ասում, բայց անգամ տեսանելի աչքով հնարավոր է նկատել ամպամած օրերին` ինչպիսի թանձր ծխի կույտ է նստում, ամպ է նստում գյուղի վրա: Տուժում են մեղվաընտանիքները, տուժում է բնությունը, տուժում են, ամենակարևորը, մարդիկ: Բնապահպանական վճարի չափը, քիչ է հասցված վնասի համեմատ: Այժմ էլ վերահաշվարկ է կատարվել, որոշվել է նախկին 20 տոկոսի փոխարեն 17 տոկոս տրամադրել, և վերահաշվարկը տարածվել է նախորդ տարիների վրա, արդյունքում մենք 2018 թ-ին ընդհանրապես բնապահպանական վճար չստացանք»,- էկոԼուրի հետ զրույցում ասաց խոշորացված Օձունի համայնքապետի տեղակալ Արմինե Միքայելյանը:
Նշենք, որ ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների` ծծմբի երկօքսիդը այն գործոններից է, որը կարող է հանգեցնելպտղի մահացման, վաղահաս ծննդաբերության, վիժումների և մեռելածնության:
Ծծմբային երկօքսիդով մթնոլորտային օդի աղտոտվածությունն ազդում է Դեբեդ գետի վրա: Դեբեդի և Ախթալայի ջրերը դարձել են թթվային: Այս հանգամանքը պարզել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ICP waters եվրոպական համագործակցության ծրագրի փորձագետ Մարինե Նալբանդյանն իր գիտական ուսումնասիրությունների արդյունքում: Գիտնականն ահազանգում է, որ ոռոգման նպատակով այս ջրի օգտագործումը կհանգեցնի հողի թթվայնացման ու աղակալման:
Մայիս 25, 2018 at 14:26