ԷկոԼուր
«Միռամ» ՍՊԸ-ի «Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020թթ երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտը ուղարկվել է լրամշակման: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Շեկաղբյուրի հայտն արդեն 2-րդ անգամ է ուղարկվում լրամշակման: Առաջին անգամ «Միռամ» ՍՊԸ-ի կողմից բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտը ուղարկվեց լրամշակման` Արդվի համայնքի բնակիչների կողմից հայտի 2-րդ հանրային քննարկումը 2017թ-ի հուլիս 26-ին թույլ չտալուց հետո: Այդ հայտի համաձայն` «Միռամ» ՍՊԸ-ն ցանկանում էր ոսկի որոնել Արդվու 146 հա և Մղարթի 54 հա վարչական տարածքներում:
Հայտը լրամշակման ուղարկվելուց հետո «Միռամ» ՍՊԸ-ն փորձաքննության ներկայացրեց Շեկաղբյուրի հանքերևակման ուսումնասիրության նոր հայտ, որտեղ երկրաբանական ուսումնասիրության տարածքն ընդգրկում է միայն Մղարթի 54 հա տարածքը: Այս Նոր հայտի երկրորդ հանրային քննարկումը 2017թ-ի դեկտեմբերի 1-ին ևս չկայացավ: Օձուն, Արդվի, Մաղարթ, Այգեհատ, Արևածագ գյուղերի բնակիչների և բնապահպանների բողոքի արդյունքում:
Մղարթցիների կարծիքը. «… Առաջին լսումների մասին մենք չենք իմացել: Բայց գյուղապետը պետք է տեղեկացներ, չէ որ ավագանի ենք ընտրել: Տեղյակ չենք եղել ոչ մի բանից, ոնց որ ծածկագրված են եկել: Մենք արդվեցիների հետ հավասար պայքարելու ենք, մեր հարևան գյուղն է: Արդվու բնությունը հատկապես չի կարելի կործանել: Գեղատեսիլ վայրում է, ճանաչված պատմությունով գյուղ է: Արդվու գործողություններից հետո ենք տեղեկացել միայն:…
…Հենց քանդեցին տեխնիկայով, այնտեղի քանդված հողը Արդվի է գնալու, Արդվին փոշու մեջ կկորի:
…Գնում ենք, այնտեղ հաց ենք ուտում, հանգստանում ենք, մեր անասուններին տանում ենք այնտեղ: Հիմա դա էլ կկորի, մնում է Մղարթի տները քոչացնեն ու վերջ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին Մղարթի բնակիչները»:
Արդվեցիների կարծիքը. «Էկոլոգիական խնդիրը մնում է, այն սահմաններ չի ճանաչում, տարածքը նույն տարածքն է, մոտ է Արդվուն, Մղարթին էլ է սպառնում, ոչ մի խնդիր չի փոխվել… Ինչու պատկան մարմիններում մի գրիչի հարվածով այդ հարցը չի լուծվել, որ մենք այսօր եկել, այս մարդկանց հետ էլի պայքարում ենք մեր կյանքի համար: …Ենթադրենք, ոչ մեր ջրին է խանգարում, ոչ առողջությանը, մենք չենք ուզում մեր բնությունը փչացնեն, չենք ուզում: Համայնքը մերն է, մենք այդ չուզելու իրավունքը չունե՞նք:
…Հանքերը միայն Արդվով չի սահմանափակվում, գնում է մինչև Հագվի գյուղի սարերը: Այդ հանքերում կապար, ուրան, ոսկի, պղինձ կա, ֆրանսիացիներն են օգտագործել: Վտանգ իրականում կա, շատ մեծ: Եթե մենք թույլ տանք Արդվու հանքերը շահագործել, հաջորդը Օձունն է լինելու, Հագվին… Ռադիացիան որ կա, քամին էլ կա, այն պետական, վարչական շրջան չի ճանաչում, այն հզոր ուժ է: Եթե այսօր Արդվեցի 200 հոգի կան, որ դանդաղ մահով պիտի մահանան, 5-6 հազար հոգանոց Օձունը տասնապատիկ կտուժի իր սերունդներով և մնացած բոլորը: Սա առնվազն ստացվում է ցեղասպանություն: Ես պետական այրերին եմ խնդրում, որ առաջն առնեն հանքերի այս գիշատիչ շահագործմանը, էկոտուրիզմ զարգացնեն»:
Դեկտեմբեր 15, 2017 at 19:01