Պատգամավորներն ու ՀԿ-երը Ազգային ժողովում բարձրացրեցին Ամուլսարի վիճահարույց ծրագրի հարցը

Պատգամավորներն ու ՀԿ-երը Ազգային ժողովում բարձրացրեցին Ամուլսարի վիճահարույց ծրագրի հարցը

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին առնչվող հարցերը հնչեցվեցին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից: Ազգային ժողովում քննարկվում էին բնության հատուկ պահպանվող տարածքների հիմնախնդիրները:

«Ի՞նչ իմաստ ունի «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը, եթե դրա կողքին պետք է շահագործվի Ամուլսարի հանքավայրը», - հարց բարձրացրեցին բնապահպան Սիլվա Ադամյանը և «Սպառողների Աջակցման Կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը: Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը պատասխանեց. «Դա ցավոտ հարց է: Մի կողմից տնտեսություն ենք ուզում զարգացնել, մյուս կողմից` ԲՀՊՏ-եր: Երբ Ամուլսարի ծրագիրը եկել էր փորձաքննության, մենք ֆիքսեցինք, որ այդ հատվածում բավականին շատ Կարմիր գրքի տեսակներ կան, և իրենք փոխեցին: Մենք պետք է աշխատենք նվազագույնի հասցնել ազդեցություն, այլ ճանապարհ չկա»:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտնեց. «Ես գտնում եմ, որ այնտեղ կան ռիսկեր, ցիանիդի օգտագործման, ջրերի աղտոտման խնդիր: Մենք այնտեղ կատարել ենք ուսումնասիրություն, ապացուցել ենք, որ Ամուլսարում կա Կարմիր գրքի 1 բուսատեսակ, կա նաև 27 կենդանատեսակ: «Ջերմուկ» ազգային պարկը նախատեսված է, և նման փորձ աշխարհում կա, որ հատուկ պահպանվող տարածքը ինչ-որ չափով կոմպենսացնի հանքավայրի բացասական ազդեցությունը: Կարևորը, որ իրականացվի պատասխանատու հանքարդյունաբերություն»:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը իր ելույթում նշեց. «Հայաստանում հանքարդյունաբերական ցանկացած խոշոր ծրագիր քաղաքական որոշում է: Թեև երկրի ղեկավարությունը տեղյակ է, որ Ամուլսարի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ, թթվային դրենաժի, ջրերի աղտոտման մեծ վտանգ, այս ծրագիրն անշեղորեն առաջ է ընթանում: Հանքարդյունաբերության ամենացավալի կողմն այն է, որ, որպես կանոն, հայտնի չեն սեփականատերերը, տարածքում հողի, ջրի աղտոտումը շատ բարձր մակարդակի է հասնում, ազդակիր համայնքի բնակիչներն աղքատ են և շահագործված»:

Ամուլսարի հարցով ելույթ ունեցավ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը. «Միջազգային փորձագիտական ընկերությունները ներկայացրել են ամփոփ գնահատական, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական: Պետք է գնահատել ոչ միայն ստացված եկամուտներն ու հարկերը, այլ նաև այն ռիսկերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ ազգի գոյատևման և պետականության խարխլման: Կարծես երկրում սկսել ենք հարաբերվել միայն բիզնես հարաբերություններով: Սա վտանգավոր տենդենց է ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում»:

17:43 Դեկտեմբեր 01, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news